Ադրբեջանը Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևի արտահայտություններն անընդունելի է համարում, նշելով, որ դրանք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Տարածաշրջանն ապակայունացնողը, ադրբեջանական մեկնաբանությամբ, ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահ Օլեգ Մատվեյչևի այն հայտարարությունն է, թե Անկարային ու Բաքվին դուր չեն գալիս 2020 թվականին ընդունված եռակողմ հայտարարությունները, և վերջիններս ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը՝ փորձելով հայկական կողմին հրահրել պատասխան գործողությունների: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը Ադրբեջանի անհանգստությունը պայմանավորում է նրանց ենթադրություններով, որ պատգամավորը, կապված լինելով ՌԴ մերձիշխանական շրջանակների հետ, կարող է ոչ պաշտոնական խոսնակի դեր կատարել՝ Կրեմլի տեսակետը բարձրաձայնելու համար։
«Դա բավականին ջղաձգորեն է ընդունվել Ադրբեջանի կողմից, հավանաբար այն պատճառով, որ ենթադրում են, որ պատգամավորը կապեր ունի կրեմլյան բարձրագույն շրջանակների հետ ու արտահայտում է նաև իրենց ասելիքը կամ Կրեմլը այդպիսով հանրայնացնում է իր որոշակի դժգոհությունը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»։
Իրականում ռուսական կողմի դժգոհությունը սկսվեց Լաչինի միջանցքի փակումից, ինչի պատասխանատվությունը, քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը փորձում է գցել Ռուսաստանի վրա այն հիմնավորմամբ, որ միջանցքը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Առավել էականն այստեղ այն է, որ Լաչինի միջանցքի փակումը հարցականի տակ է դնում Արցախի հայության՝ իրենց բնիկ հայրենիքում ապրելը։ Ադրբեջանի քաղաքական տեխնոլոգիան էլ հենց դրա վրա է հիմնված՝ ասում է Գարիկ Քեռյանը։
«Ենթադրում է, որ երկարատև շրջափակումն առաջ կբերի որոշակի հիասթափություն, և ճանապարհը բացելուց արտագաղթ կլինի, կստացվի՝ չկա մարդ, չկա խնդիր։ Սա իրենց ռազմավարական նպատակն է ու Լաչինի միջանցքի փակման հիմնական նպատակը»։
Այս դեպքում ռուսական խաղաղապահ զորախմբի՝ Արցախում մնալը ոչ նպատակահարմար կամ անիմաստ կդառնա, և Ադրբեջանի հեռահար նպատակն էլ հենց հանգում է դրան։ Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը գնա նման քայլի։ Ինչու՝ պարզաբանում է․
«ՌԴ իշխանությունները հսկայական ծախսեր են կատարել, այստեղ զորախումբ տեղակայելու ու պահելու համար, և չեմ կարծում, թե պատրաստվում է դուրս գալ՝ հաշվի առնելով Արցախի ստրատեգիական դիրքը»։
Գարիկ Քեռյանը պատահական չի համարում այն, որ առայսօր Ադրբեջանը չի օրինականացրել ՌԴ խաղաղապահության մանդատը․ նա ունի ռազմավարական ծրագիր ու այդ ծրագրի իրագործման քայլերի հաջորդականություն․ առաջին՝ հայաթափել Արցախը, ապա Ռուսաստանին դուրս հրավիրել այնտեղից։ Քեռյանը կարծում է, որ դժգոհության արմատները հենց այստեղ պետք է փնտրել և ոչ թե ինչ-որ հայտարարությունների մեջ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի, այսպես ասած՝ ներողամտությունը Ադրբեջանի գործողությունների, ու առհասարակ, Արցախում ու Հայաստանում վարվող նրա քաղաքականության նկատմամբ։ Մասնավորապես և՝ Լաչինի միջանցքում։
«Արտաքուստ թվում է, թե իրավացի թեզ է, քանի որ այն ռուսական պատասխանատվության գոտի է, ու փակ է, ուրեմն իրենք էլ կրում են պատասխանատվությունը, բայց եթե ընդունենք, որ ՌԴ -ն ուզում է, որ Արցախը հայաթափվի, կամ Ադրբեջանի հետ համագործակցություն կա, ապա իրեն ինչն էր խանգարում հանել խաղաղապահներին որևէ պատրվակով»։
Այդ թեզը, ըստ Քեռյանի, քննադատության չի դիմանում, եթե վերլուծում ենք Ռուսաստանի տարածաշրջանային շահերը։ Այլ հարց է սակայն, որ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, այդ թվում և ռուս-ուկրաինական հակամարտությունից, Ռուսաստանը Ադրբեջանի գործողություններին համարժեք ու կոշտ գնահատական չի տալիս։ Դրա համար, նա հիմքեր ունի, և այստեղ փոքր չէ Թուրքիայի գործոնը։
«Ադրբեջանի գործոնը կարևոր է նաև ռուս-թուրքական ձևաչափում, չմոռանանք որ Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի միացել, և դա որոշակի ելք է Ռուսաստանի համար, այս իրավիճակում ՝ պատժամիջոցներից խուսափելու համար»։
Սա իհարկե, իրադրության վրա ազդող միակ գործոնը չէ․ Ռուսաստանը հիմա իսկապես շատ կաշկանդված է՝ պնդում է զրուցակիցս, երկրի ռեսուրսները չեն հերիքում ներքաշվելու համար այլ կոնֆլիկտներում, որ կարող են թեժանալ Կովկասում, Մերձդնեստրում, Միջին Ասիայում, ինչին ձգտում են արևմտյան ստրատեգները։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանը կտրուկ քայլեր Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել չի կարողանում։