Նոյեմբերի 23, 2024

Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

By Սրբուհի Վանյան Ապրիլի 27, 2023

ԱՀ Սահմանադրության նախագիծը մշակվել է անցյալ տարվա հունիսին՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ հիմքում ունենալով նույն հանձնաժողովի կողմից մշակված ու հավանության արժանացած հայեցակարգը։ Ժիրայր Միրզոյանը նախագիծը՝ նոր փոփոխություններով, ներկայացրեց խորհրդարանականների դատին։ 

«Նախագիծն առանց փոփոխության պահպանում է 2017 թ Սահմանադրությամբ ամրագրված առաջին 4 դրույթները։ Առաջարկվում է հանրապետության Սահմանադրության իրավական համակարգում առանձին տեղ հատկացնել Սահմանադրական օրենքներին՝ սահմանելով ինչպես այդ օրենքների ցանկը, այնպես էլ դրանց ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը։ Մասնավորապես՝ դրոշի մասին, զինանշանի մասին, օրհներգի մասին, ԱԺ կանոնակարգ, Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատավարության մասին, Հանրաքվեի մասին օրենքները, կուսակցությունների մասին օրենքը, ՄԻՊ օրենքը սահմանադրական օրենքներ են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազը 3/5-ով»։

Նախագծով առաջարկվում է նախատեսել բացառիկ դեպքերում Հանրապետության նախագահի անուղղակի ընտրությունների հնարավորություն։ ԱՀ ռազմաքաղաքական ներկա իրավիճակը հաշվի առնելով և ելնելով երկրի պետանվտանգության, հասարակական կարգի պաշտպանության նկատառումներից, առաջարկվում է վերանայել հավաքների ազատության իրավակարգավորումները և սահմանել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք առանց զենքի խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք։ Առանց զենքի խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունք ևս, ըստ նախագծի, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ։ Ժիրայր Միրզոյանը նախագծի մյուս դրույթներն էլ ներկայացրեց․ առաջին անգամ, սահմանադրական հիմքեր են ամրագրվում երկքաղաքացիության իրավահարաբերությունների համար։

«Առաջարկվում է սահմանել, որ ԱՀ քաղաքացին ԱՀ օրենքներին կամ միջազգային պայմանագրերին համապատասխան կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն, Սեփականության իրավունք․ ելնելով հանրապետության անվտանգության նկատառումներից, առաջարկվում է ընդլայնել սեփականության իրավունքի՝ Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները։ Ընտրական իրավունք․ատաջարկվում է սահմանել, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած և վերջին 5 տարում միայն Արցախի քաղաքացի հանդիսացող և վերջին 5 տարում ԱՀ-ում բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ, ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող ու նույնքան տարի Արցախում բնակվող անձը»։

 

Նախագծով նախատեսվում է անցում կատարել նախագահականից կիսանախագահական կառավարման համակարգի։ Կարգավորվում են նաև նախագահի ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները։

«Հանրապետության նախագահի ընտրություններն անցկացվում են ազատ ու ուղղակի ընտրական իրավունքի վրա, գաղտնի քվեարկությամբ։ Միաժամանակ առաջարկվում է ռազմական դրության ժամանակ ԱԺ-ին վերապահել հանրապետության նախագահին ընտրելու լիազորություն, սահմանելով այդ լիազորության իրականացման կարգը։ Առաջարկվում է նշել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում է օրենքով»։

Ազգային ժողովի ձևավորման ու գործունեության, ներկա կարգավիճակին առնչվող գործող Սահմանադրության դրույթները մնում են անփոփոխ, բայց կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորված ԱԺ համար սահմանվում են նոր գործառույթներ։

«Սահմանել, որ կառավարությունը նորընտիր ԱԺ առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո 20օրյա ժամկետում ԱԺ հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը ՝ ԱԺ նիստում դնելով իր վստահության հարցը»։

Գործադիր իշխանությունը կներկայացնեն վարչապետը և նախարարները։ Կառավարման կիսանախագահական համակարգի անցումը ենթադրում է, որ խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը։ Սահմանադրությունը հստակ սահմանում է կառավարության կազմավորման կարգը։ Հանրապետության նախագահը չի կարող վարչապետ նշանակել այն անձին, ում թեկնածությունը երկու անգամ մերժել է Ազգային ժողովը։ Սահմանադրության նախագծով, կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորված, առաջարկվում է վերանայել դատավորների նշանակման ու ազատման ընթացակարգը։ Գործող Սահմանադրությամբ Գլխավոր դատախազը հանրապետության նախագահի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը Հաշվեքննիչ պալատի նախագահը ու մյուս անդամները ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովների առաջարկությամբ ընտրվում են ԱԺ կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով։ Նոր նախագծով առաջարկվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին ու Հաշվեքննիչ պալատի նախագահի ու մյուս անդամների թեկնածության առաջադրման իրավունքը ևս վերապահել Հանրապետության նախագահին։ Նախագծի եզրափակիչ ու անցումային դրույթներով կարգավորվում են Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները։ Օրենսդիր ու գործադիր իշխանությունների բնականոն գործունեության ապահովման նպատակով առաջարկվում է 2023 թվականի ընթացքում անցկացնել ԱԺ, իսկ 24 թվականին՝ նախագահական ընտրություններ։ Երկրի բարձրագույն օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ