Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները՝ միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ թեև նորություն չեն, սակայն ամեն անգամ նոր կրքեր են բորբոքում Արցախի կարգավիճակի շուրջ։ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը նշում է, որ Արցախը զիջելը ոչ միայն որևէ կերպ չի նպաստի խաղաղությանը, այլ` միայն ընդհակառակը:
«ՀՀ հետ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և այստեղ անչափ կարևոր է փորձել իրար լսել: Ցավոք սրտի մեր խոսքը երբեմն չի լսվում: Համենայն դեպս պետք է համառել, աշխատել, փորձել, որովհետև մենք այնպիսի իրավիճակի մեջ ենք հայտնված, որ իսկապես աշխատանք է պետք անել: Փաստորեն ՀՀ վարչապետը մտածում է, թե Արցախից հրաժարվելով անխոցելի կդարձնի ՀՀ-ը, բայց, ցավոք, սխալվում է, որովհետև Արցախը ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչն է: Ավելին ասեմ, որ դա միայն այսօր չէ այդպես: Դա դարերի ընթացքում է այդպես եղել, դրան գումարած նաև Սյունիքը: Եթե նկատել եք` մեր թշնամիներն անընդհատ փորձում են հարվածել այդ հատվածներին. Հայոց արևելից նահանգներին, այնուհետև` Սյունիքին: Ի դեպ, ասեմ, որ իրենք նաև բացահայտ ներկայացնում են իրենց ծրագրերը: Այսինքն` պանթյուրքիստական այն ծրագիրը, որով Թուրքիան ձգտում է կապվել թուրքերի նախնիների տարածքներին: Այդ ծրագիրը մշտապես գործել և գործում է»:
Բալայանը նաև վստահ է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն առաջին հերթին վնասում են հենց իրեն, և վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է խաղաղ համակեցություն սկսի Հայաստանի Հանրապետության և Արցախի հետ.
«Ադրբեջանը փորձում է այսպահական հարց լուծել, այսինքն` հաղթողի դիրքերից վերջնականապես ոչնչացնել հակառակորդին: Այդ մտայնության մեջ է քայլեր իրականացնում: Բայց կարծում եմ, որ դա նրանց լավ տեղ չի տանի: Այդ մաքսիմալիզմը, անընդհատ ավելին ունենալուն ձգտելը, լավ տեղ չի տանի այն առումով, որ մենք էլ ենք ապրում այս տարածաշրջանում, իրենք էլ: Եւ կարծում եմ, որ պետք է չփորձել ուրիշի հաշվին, լինեն տարածքները, լինի մշակույթը յուրացնելը, լավ տեղ չի տանելու: Դա միայն ևև միայն նոր հակասությունների օջախ է դառնում, ինչու չէ` նաև նոր պատերազմների: Չպետք է տարվել նրանով, որ այսօր դու ուժեղ ես, պետք է ջախջախել, ոչնչացնել մինչև վերջ, որովհետև մենք քաջ հասկանում ենք, լավ գիտակցում ենք, որ հավերժական ոչինչ չի լինում, ամեն ինչ փոփոխական է այս աշխարհում: Պետք է նկատել նաև մի հանգամանք, որ ներկայիս Ադրբեջանի երրորդ հանրապետությունը, եթե այսպես ասենք, իրենց իսկ ընդունած հռչակագրի համաձայն 1918-20 թթ. հանրապետության իրավահաջորդն է: Իսկ վերջին հայտարարության մեջ ներկայացված է խորհրդային Ադրբեջանի տարածքը: Հետևաբար, այստեղ նաև անհասկանալի մի իրավիճակ է ստեղծվում: Հենց այդ շտապելու արդյունքն է այդ ամենը: Այսինքն` շտապել հասնելու ամեն ինչի, և այդ ճանապարհին սխալ թույլ են տալիս, թե` ոչ, էական չի»:
Խորհրդարանականը նաև նշում է, որ պատմությունը ցույց է տալիս, որ տերություններն ավելի հետարքրված են Բաքվի էներգակիրներով, և պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որը կբարձրացնի Հայաստանի միջազգային կշիռը.
«ԵՄ պահով պիտի ասեմ հետևյալը, որ, ցավոք սրտի, Եվրոպան այդպես էլ չփոխվեց: Այդ շահանկատ սկզբունքը` ինձ համար լավ է, մնացածն ինձ չի հետաքրքրում, դա էլ չի տանում լավ տանելու, որովհետև այն բարեկեցիկ կյանքը, որն իրենք փորձում են ստեղծել այս կամ այն փոքր ժողովրդի հաշվին, լավ տեղ չի հասցնի: Իհարկե, ակնհայտ փաստ է, որ, մանավանդ այսօր, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների պայմաններում անչափ ակտուալ է էներգակիրների հարցը և այսօր եվրոպական չինովնիկները, քաղաքական էլիտան ձգտում է նոր աղբյուրներ հայթայթել, և այդ աղբյուրներից մեկն ակնհայտորեն Ադրբեջանն է, ինչպես ժամանակին եղել է 20-րդ դարի սկզբներին, երբ Ադրբեջանը խորհրդայնացվեց: Երբ Լենինն անընդհատ կապի մեջ էր, անընդհատ առաջինը դա էր հարցնում` «արդեն նավթը մե՞ր ձեռքին է», դրա մասին էր խոսում: Եւ այդ «սև ոսկին» այլ ժողովուրդների արյունն է դառնում»:
Վահրամ Բալայանը վստահ է, որ չնայած Արցախի ժողովրդի ծանր կացությանը, այն իր մեջ դեռ ուժ կգտնի պայքարելու և հաղթելու: