Մայիսի 01, 2024

Լռության ներքո բետոնապատվում է Արցախ-Հայաստան ճանապարհը

By Անի Աբաղյան Հունիսի 24, 2023

Հակարիի կամրջի վրա բետոնե արգելափակոցների տեղադրմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մեր գործընկեր Անի Աբաղյանը զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի և Վահրամ Բալայանի հետ:

 

Արցախ-Հայաստան ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում, բայց ո՛չ Արցախի և ո՛չ էլ Հայաստանի կողմից, այլ` թշնամի երկրի, որը բետոնե պատնեշներ է շարում հայկական զույգ պետությունների միջև: Հոգեբանական տեռորից բացի քաղաքական համեմունքներ ևս ունիեն բռնապետի քայլերը:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն համոզմանն է, որ ԵԽԽՎ-ում Քաշաթաղի միջանցքի արգելափակման վերբերյալ ընդունված բանաձևը, կոչերը, դատապարտող հայտարարությունները ոչինչ են թշնամի երկրի համար, քանի որ դրանց չեն հաջորդում համապատախան գործողություններ։

«Այսինքն Ադրբեջանին զսպող մի տարբերակ կա, երբ սկսեն պատժամիջոցներ կիրառել: Որևէ կոչ հետևանք չի ունենալու, որովհետև այդ բետոնե պատը, որ կառուցում էր Ադրբեջանը, հենց ԵԽԽՎ-ի հայտարարության որոշման օրն էր։ Տեսանյութերն այդ օրը չեն տեղադրվել, որպեսզի հնարավորություն տան Արևմուտքով հիացածներին մի փոքր ցնծալու։ Դրանից հետո իրենք պատասխանը ցույց տվեցին նաև նման կոչերին։ Այս ամենը հստակ քաղաքական ուղերձներ են աշխարհին, և ես կարծում եմ, որ Արցախի հարցը լոկ հայի, Արցախի ու Հայաստանինը չէ, արդեն աշխարհի խնդիր է դառնում, որովհետև այս անպատժելիության նախադեպը, հետևանք է ունենալու նաև նոր աշխարհի ձևավորման համար»։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանն արդեն որպես անակնկալ չի ընդունում թշնամու քայլերը․ նրանց նպատակն Արցախը հայաթափելն է՝ հոգեբանական ու ֆիզիկական ծանր պայմաններ ստեղծելով։ Ինչ վերբերում է ԵԽԽՎ-ում ընդունած բանաձևից հետո բետոնապատման աշխատանքների մեկնարկին՝ Բալայանը կարծում է, որ․

«Ակնհայտ փաստ է, որ տարածաշրջանում ուժային տարբեր կենտրոնների միջև պայքար է ընթանում՝ ազդեցությունը պահելու առումով։ Ցավոք սրտի, մենք նաև այս աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում ենք հայտվել»։

Բացի բետոնապատման աշխատանքներից թշնամի երկրի նախագահը կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայման նշելով դրա բացումն ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

44-օրյա պատերազմից հետո էյֆորիա ապրող բռնապետի ախորժակը բացվել է. օր օրի պահանջները մեծանում են։ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները չեն կարողանում կամ չեն ուզում սպասարկել ազգային շահը։

«Իսկ Արցախում իշխանությունները լռության տված հեքիաթային լավատեսությամբ տոգորված փորձում են դրանով ներշնչել ժողովրդին։ Նստած սպասում են ինչ-որ փրկչի հայտնվելու, որը պետք է երկնքից իջնի ու փրկի բոլորին, այդ թվում՝ իրենց։ Բնականաբար այդպես լինել չի կարող։ Իշխանությունը ժողովրդից տարբերվում է նրանով, որ ինքը պետք է քայլեր անի, ոչ թե նստած սպասի կամ ինչ-որ մեկին իրեն տեր հռչակի»։

Վահրամ Բալայանն էլ կարծում է, որ Կառավարությունը, Ազգային Ժողովն ու իշխանությունները քայլեր ձեռնակում են, բայց ոչ հրապարակայնորեն։ Մասնավորապես նշում է, թե, օրինակ, ինչ աշխատանք է կատարում ԱԺ Սահմանադրության շրջանակում։

«Դե, Ազգային ժողովը ի՞նչ է կատարում․ ընդունում է համապատասխան օրենքներ՝ ժողովրդի սոցիալական իրավիճակը մեղմելու, կենցաղային պայմաններն ավելի հաղթահարելի դարձնելու վերաբերյալ օրենքներ է ընդունում։ Մյուս կողմից էլ հանրությանը հորդորում է միասնականորեն փորձել հաղթահարել այս ամենը»։

Օր օրի վատթարացող դրությունն ու ստեղծված իրավիճակում կատարվող աշխատանքների արդյունքը գոհացուցիչ չի համարում Մետաքսե Հակոբյանը։ Վտանգված է Արցախի պետականությունը, արդեն գրեթե չի խոսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու մասին, հումանիտար առումով դեղատներում դեղերը, կաթնախառնուրդները, խանութներում՝ պարենային ամենանհրաժեշտ ապրանքը գնալով նվազում են։ Դրան զուգահեռ դադարել են նաև բնակիչների խաղաղ ակցիաները, թշնամու կատարվող գործողությունների դեմ բողոքի ձայն բարձրացնելը։ Մետաքսե Հակոբյանը նշում է, որ այս ընթացքում մի քանի անգամ ընդդիմադիր պատգամավորներն ու «Արցախի անվտանգության զարգացման ճակատ»-ի խորհորդն են ժողովրդի անունից պահանջներ ներկայացրել, որոնց, ըստ պատգամավորի, սպառիչ պատասխան չի տրվել։ Պայքարել Արցախում ապրելու համար անհրաժեշտություն է, բայց այդ պայքարը պետք է բոլոր օղակներում տարվի իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ ամուր կապով։

Last modified on Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 12:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ