Դեկտեմբերի 26, 2024

Օրակարգից դուրս․ Արթուր Թովմասյանը դիմել է հանրապետության նախագահին

By Սրբուհի Վվանյան Մայիսի 18, 2023
ԱԺ մշտական հանձնաժողովները նախապատրաստել էին նաև օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից օրվա նիստի օրակարգում ընդգրկված էին Համաներման մասին, Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, և 7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերը։ Մինչ օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված խնդրանք-կոչով, առաջարկելով երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր մոդելը․ ըստ Արթուր Թովմասյանի, Պետական պաշտպանության կոմիտեի ստեղծումը կարող է լինել այն ելքը, որը կհաղթահարի երկրի ներքին ու արտաքին կյանքում առաջացած խնդիրները։ 
 
«Ես առաջարկում եմ այն մոդելը, որը մեզ փրկել է 90-ականներին, դա Պետական պաշտպանության կոմիտեն է։ Երկրի նախագահին այդ կոմիտեի կազմում առաջարկել եմ երկու մարդու՝ Սամվել Բաբայան, Ռուբեն Վարդանյան։ Չգիտեմ նրանք ինչպես կնայեն այդ առաջարկիս, կողմ են, թե՞ դեմ։ Եթե այդ մոդելը չաշխատի․․․․ հիմա կարող է չցանկանալով ցավացնեմ մարդու․ հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ, կամ դրեք Ձեր վստահութթյան հանրաքվեն։ Եթե ժողովուրդը Ձեզ չվստահի՝ կհեռանաք։ Ես էլ կհեռանամ Ձեզ հետ»: 
 
Ինչպես հայտնի է, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, ով պատգամավորական մանդատ է ստացել Միասնական հայրենիք կուսակցությունից, հրաժարական էր տվել։ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով այդ պաշտոնում այսօր փակ քվեարկությամբ ընտրվել է պատգամավոր Մարսել Պետրոսյանը։ Սահմանված կարգով նրա թեկնածությունն առաջադրել էր Միասնական հայրենիք խմբակցությունը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը քվեարկության արդյունքերն է ներկայացրել։ 
 
«Հանձնախումբն արձանագրում է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի համար առաջարկվել է Մարսել Պետրոսյանի անունը, որն էլ ընդգրկվել է փակ գաղտնի քվեարկության թերթիկում։ Մասակցել է 30 պատգամավոր, քվեատուփը բացելուց հետո հաշվվել է 30 քվե, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Հաշվիչ հանձնախումբը հաշվել է 20 կողմ, 8 դեմ քվե»։
 
 Համաներման մասին օրինագիծը Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժիրայր Միրզոյանն է ներկայացրել։ Համաներման առաջարկն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ կկիրառվի համաներում։ 
 
«Մասնավորապես համաներումը կտարածվի Քրեական օրենսգրքով նախատեսված ոչ մեծ, միջին ծանրության ու ծանր հանցագործությունների մեջ կասկածվող կամ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարած անձանց վրա։Նախատեսվում է պատժից ազատել, ազատութունից զրկելու պատժի հետ չկապված անձանց, առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց նկատմամաբ պատիժը պայմանկանորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է»։
 
Ժիրայր Միրզոյանը, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը, առաջարկել է հատուկ ընթացակարգով երկրորդ ընթերցման համար գրավոր առաջարկներ ու գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել 3-ական ժամ։ Առաջարկն ընդունվել է։ Առաջին ընթերցմամբ ընդունվել են նաև Համաներման մասին օրենսդրական փոփոխությունները։ Դատական օրենսգրքի վերաբերյալ նախագիծն արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանն է ներկայացրել։ 
 
«Կառավարության կողմից ԱԺ դատին է ներկայցվում Դատական օրենսգրքում փոփոխություներ ու լրացում կատարելու մասին օրինագիծը։ Այն հիմնականում միտված է լուծելու լոկալ խնդիրներ։ Ի մասնավորի, վերաբերում է Առաջին ատյանի դատավորների թեկնածուներին»։ 
 
Յոթերորդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը հենց այսօր ԱԺ օրակարգ բերելը Դավիթ Գալստյանը առնվազը անհասկանալի է համարում, այն դեպքում, երբ հանձնաժողովները գործում են արդեն 3 տարի ։ Դրանից ելնելով՝ 
 
«Խնդիրը չգիտենք թե ինչու է այսօր առաջացել, ինչ պատճառներով, ու ինչ նպատակ ունի։ Այդ իսկ պատճառով երեք խմբակցությունների՝ Արդարություն, ՀՅԴ և ԱԺԿ, կողմից որոշում կա ընդունված չմասնակցել քվեարկությանը»։ 
 
Քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Որոշումն ընդունվել է միաձայն։ Ազգային ժողովի լիագումար նիստն իր աշխատանքը շարունակել է ժամը 17,45-ին։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ