Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2022թ պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 880 մլն. 750 800 դրամ, բայց փաստացի կատարողականը հազմել է դրա միայն 75 տոկոսը: Արտաքին քաղաքական գերատեսչությանը պետական բյուջեով հատկացված գումարի «առյուծի բաժինը»` ավելի քան 445 մլն 870 հազար դրամը, հատկացվել է օտարերկրյա պետություններում արտգործնախարարության ներկայացուցչությունների պահպանման ծախսերին: Արցախի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար որպես պետական տուրք պետբյուջե է փոխանցվել 342 հազար դրամ` ասում է փոխնախարար Կարեն Կոստանդյան:
Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ոչ միայն իր զինանոցը հարստացնելու, այլ նաև դիվանագիտական դաշտում առավելություն ունենալու համար. ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հետաքրքրվում է` արդյոք, հատկացված գումարը հերիքո՞ւմ է արտաքին քաղաքական դաշտում դիմակայելու համար: Կոստանդյանը պատասխանում է.
«Իհարկե` ո՛չ. Միշտ կարելի է ավելի շատ գումար հատկացնել, բայց մենք ելնում ենք այն իրավիճակից, որը մենք ունենք: Արտաքին քաղաքականությունը բավականին բարդ և ծախսատար ոլորտ է: Մեր առջև ծառացած խնդիրների ծավալը և քանակը շատ ավելի շատ են, քան մեզ հատկացվող գումարները և ֆինանսավորումը, բայց մենք ստիպված ենք օգտագործել այն ռեսուրսներն ու այն հնարավորություները, որոնք ունենք և աշխատում ենք դրանք օգտագործել մաքսիմալ արդյունավետ»:
2022 թ պետական բյուջեով զբոսաշրջության վարչությանը հատկացումների հաստատված պլանը կազմել է 33 մլն 500 հազար դրամ, սակայն ճշգրտված պլանը կազմել է 8 մլն 500 հազար դրամ, իսկ կատարողականը՝ ավելի քան 5 մլն: Սահմանային հաճախակի սրումների պատճառով «Տուրիստբուս» ծրագիրը նախատեսված ձևով չի իրականացվել` նշում է ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյան` ներկայացնելով, թե ինչպես են բաշխվել զբոսաշրջության վարչությանը հատկացված գումարները:
«Արցախի զբոսաշրջության ոլորտի միջոցառումներ, հատկապես «տուրիստբուս» նախագծի հաստատված պլանը կազմել է 2 մլն 266 հազար 400 դրամ: Արցախի տարածքում սահմանային լարվածության պատճառով օգոստոսի 5-ից 7-ը նախատեսված ուղևորափոխադրումները չեղարկվել են, ինչի փոխարեն նախնական ուղևորություններից 6-ը օգտագործվել է Սիսիան քաղաքում տեղի ունեցած հայ-իրանական «Նավասարդ» փռատոնին արցախցի մասնակիցների ուղևորափոխադրումը կազմակերպելու նպատակով: Հաջորդ ուղղությունը զբոսաշրջային ծառայությունների վերահսկողությունն է: Այդ ենթագծի հաստատված պլանը կազմել է 400 հազար դրամ, փաստացի կատարողականը 138 հազար դրամ: Տպագրական աշխատանքներ ենթագծի հաստատված պլանը կազմել է 2 մլն դրամ, փաստացի կատարողականը` 1 մլն 889 600 դրամ: Բրենդինք ենթագծի հաստատված պլանը կազմել է 491 600 դրամ, ծրագիրը կատարվել է 100 տոկոսով: Կապի ծառայությունների համար հաստատված պլանը կազմել է 2 մլն դրամ, փաստացի կատարողականը`195 600 դրամ: Սոցիալական մեդիամարքեթինգի ծառայությունների համար հաստատված պլանը կազմել է 1 մլն դրամ, փաստացի կատարողականը` 561 700 դրամ»:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն առաջարկում է ակտիվացնել ներքին տուրիզմը, ընդգծելով դրա կարևորությունը հատկապես ստեղծված իրավիճակում:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերության բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը: 2022 թվականի բյուջեով նախատեսված 450 մլն ՀՀ դրամ գումարից ծախսվել է 448 մլն ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 99,6 տոկոս` ասում է Ղարախանյանը:
«Գովազդի համար նախանշված 3 մլն ՀՀ դրամ եկամտի դիմաց ստացվել է 2 մլն 345 հազար ՀՀ դրամ: Բարեգործական խողովակներով ստացվել է 1 մլն 550 հազար ՀՀ դրամ, որն ուղղորդվել է ամանորյա ծրագրի պատրաստմանը: Պահուստային ֆոնդից ստացված 15 մլն 570 հազար ՀՀ դրամ գումարի գերակշիռ մասը՝ 14 մլն 144 հազ ՀՀ դրամը, օգտագործվել է շարժական հեռուստակայանի սպասարկմանը»:
«Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը, նախ, ողջունել է հանրապետության ԱԺ հայտարարությունը` կապված Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության հետ, ապա ներկայացրել 2022 թ բյուջեի կատարման մասին կաշվետվությունը: Հանրապետական թերթի 2022թ բյուջեի կատարողականը կազմել է 94 տոկոս, նախատեսված 114 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 108 մլն ՀՀ դրամը:
«Տպաքանակով պայմանավորված՝ պլանավորած 6 մլն 643 հազ ՀՀ դրամ եկամուտի փոխարեն ստացել ենք 2 մլն 124 հազ ՀՀ դրամ եկամուտ: Գործուղման ծախսերը լրիվությամբ չեն օգտագործվել»:
Պատգամավորական հարցադրումները կայքէջի որակի, սոցհարթակներում թերթի դիտելիության վերաբերյալ էին: