Արցախի պետական ինստիտուտների մասին Ալիևը բազմիցս է խոսել, երեկ Բերձորում էլ ավելի պատկերավոր է ներկայացրել Արցախի «պետական ատրիբուտների» լուծարման հարցը, ասելով թե Արցախի իշխանությունները իբր համաներման կարժանանան միայն այն դեպքում, երբ լուծարվի Ազգային ժողովը, նախագահը և կառավարության անդամները թողնեն իրենց պաշտոնները: Ադրբաջանական բռնապետի պահանջներն օր օրի ավելանում են, իսկ դրանց հակազդելու մեխանիզմների օր առաջ մշակումը հրամայական է դառնում: Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանի խոսքով պետք է գործով ապացուցել, որ
«Պետական ինստիտուտները իրենց գործունեությամբ պետք է ցույց տան, որ որոշակի արժեք են ներկայացնում և այդ արժեքը գործողությունների մեջ իրացնեն: Ալիևը իր ճշմարտություններն է փորձելու ասել, մենք էլ պետք է սպասարկենք և առաջ տանենք ԼՂՀ շահերը»:
Նույն ելույթում Ալիևը գոռազացել է` ասելով, թե իբր «բոլորը գիտեն, որ այդ տարածաշրջանում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ իրականացնելու համար»: Բռնապետի սպառնալիքներն էլ առաջին անգամ չեն հնչում: Հարցին` արդյոք բավարար քայլեր են ձեռնարկվում բնակչությանը ուժային պայքարի նախապատրաստելու համար, պատգամավորը պատասխանել է:
«Կարծում եմ` զուտ բովանդակային տեսանկյունից ճիշտ չէ խոսել, թե ինչ աշխատանքներ են տարվում բնակչության հետ, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի ինքնապաշտպանության իրավունք, հաստատված է միջազգայնորեն: Այդ շրջանակներում էլ մենք փորձելու ենք պաշտպանել մեր իրավունքները»:
Արցախյան կողմը մշտական ռեժիմով պետականապահպանության գործով է զբաղված` վստահեցնում է պատգամավորը, հավելելով, որ չպետք է բավարարվել ամենօրյա խնդիրներին լուծում տալով, այլ որոշակի ռազմավարական պլանավորման շրջանակներում գործողություններ պետք է իրականացվեն:
Ալիևի հայտարարությունն ու սպառնալիքները ոչ թե անհատների, այլ պետականության դեմ է` նկատում է նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Ալիևը խոսում է վերջնագրերի լեզվով, Արցախյան պետականությունը ապամոնտաժելու գաղափարներով: Սա կանխատեսելի էր: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև իր նպատակը մենք գիտենք: Հիմա խնդիրն ինչի մեջ է. Մենք պետք է ֆիքսենք բոլորի մոտեցումներն այս ուղղությամբ, առաջին հերթին Երևանի, Մոսկվայի հետ շատ լուրջ և կոշտ զրույց անենք, Արևմուտքի հետ խոսենք, այնուհետև տեսնենք ինչ ենք անում»:
Մենք երկու տարբերակ ունենք` կրկնում է Բաբայանը. Պայքարել արժանապատվության համար կամ չընդունելով Ադրբեջանի լուծը` հեռանալ, որպեսզի փրկենք գենոֆոնդը:
Արձագանքելով Ալիևի ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքին` Դավիթ Բաբայանն ասում է.
«Այդ հարցը պետք է կարգավորվի առաջին հերթին քաղաքական ոլորտում, որպեսզի գործը չհասնի պատերազմի և արյունահեղության: Քանի դեռ կա քաղաքական հնարավորություն կա խնդիրը պարզաբանելու համար, պետք է դա անենք, հետո արդեն ժամանակ և հնարավորություն չի լինելու: Սա պետք է լավ հասկանանք»: