Ապրիլի 25, 2024

«Թուրքիան փորձելու է «սրբագրել» մեր ժողովրդի պատմական հիշողությունը». Ռուբեն Սաֆրաստյան

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 30, 2023

Մայիսի 28-ին ավարտվեց Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ փոքր առավելությամբ հաղթեց գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թեև երկրորդ փուլում ևս Էրդողանի ու նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի միջև ձայների շատ խիստ տարբերություն չկար, ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ Էրդողանի հաղթանակն անսպասելի չէր.

«Ընդդիմությունը չկարողացավ օգտագործել այն հնարավորությունները, որ ստեղծվել էին. երկրաշարժը, տնտեսության ծանր վիճակը: Եւ Էրդողանն առաջին փուլում հաղթող դուրս եկավ: Եւ բացի դրանից` նրա ղեկավարած կոալիցիան ստացավ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը: Այսինքն` առաջին փուլի արդյունքները ցույց տվեցին, որ ընդդիմությունը թույլ է, որ այդպիսի բարենպաստ պայմանները չկարողացավ օգտագործել: Եւ երկրորդը` պարզ դարձավ, որ Էրդողանը վարպետորեն օգտագործում է իշխանական լծակները, և մյուս կողմից` իր փորձառությունը, իր խարիզմատիկ կերպարը, որը Թուրքիայում ընտրողների համար շատ ավելի գրավիչ է, քան` Քըլըչդարօղլուն: Այնպես որ` այս բոլոր հանգամանքները պարզորոշ ցույց էին տալիս, որ երկրորդ փուլում Էրդողանը կհաղթի, և այդպես էլ եղավ»:

Սաֆրաստյանը չի կարծում, թե այս ընտրություններից հետո Թուրքիայում կլինեն անհնազանդության խոշոր ակցիաներ.

«Ինչ վերաբերում է Էրդողանին, իհարկե Էրդողանն իր ձեռքում պահում է բոլոր լծակները, շատ վստահ է և թույլ չի տա, որ մի բան լինի: Բայց նաև ավելի կարևոր հանգամանք կա: Դա այն է, որ ընդդիմությունը չի կարող, այդ ռեսուրսը չունի կազմակերպելու անհնազանդության զանգվածային ակցիաներ. պառակտված են, կուսակցությունների առաջնորդներն իրար հետ տարաձայնություններ ունեն, կուսակցությունները շատ տարբեր ուժերի ներկայացուցիչներ են` քաղաքական առումով, գաղափարական առումով: Հակաէրդողանյան կոալիցիան շատ խայտաբղետ է: Եւ բացի դրանից, փաստորեն, ընդդիմությունը չկարողացավ ներկայացնել փաստեր, որ իսկապես զանգվածային կեղծիքներ եղել են: Թուրքիայում ընդհանրապես դա սովորաբար չի լինում: Թուրքիայում, ընտրությունների օրը, իհարկե, լինում են տարբեր խախտումներ, տարբեր սրացումներ, կռիվներ, մարդասպանություններ, բայց զանգվածային կեղծիքներ չեն լինում: Չկա այդ ավանդույթը»:

Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ թեև Թուրքիայի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ը սատարում էր Քըլըչդարօղլուին, այդուամենայնիվ, այն ևս խիստ դեմ չէր Էրդողանի ընտրվելուն

«Քըլըչդարօղլուն ավելի հակված է դեպի ԱՄՆ, և նրա վրա ազդեցություն ունեն ամերիկացիները: Ցանկալի թեկնածուն Քըլըչդարօղլուն էր: Բայց, մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որը շատերը մոռանում են. ԱՄՆ-ի համար կարևորը կայուն Թուրքիան է, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը` տարածաշրջաններում, որտեղ այն տեղակայված է: Եւ Թուրքիան, ամերիկացիների տեսակետից, պետք է լինի հնարավորինս կայուն: Եւ Էրդողանը, ինչքան էլ որ իրեն թույլ է տալիս քննադատել ամերիկացիներին, որոշ դեպքերում` ծաղրելով, բայց իրականում, ռազմավարական առումով Էրդողանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, Սաֆրաստյանը վստահ է, որ Թուրքիան ձգտելու է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, նպատակ ունենալով հասնելու նաև իր համար ցավոտ պատմական թեմաների վերանայման.

«Ավելի կկոշտանա Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Եւ դրա նախանշանները տեսնում ենք` կապված «Նեմեսիս» գործողության հերոսների հուշահամալիրի հետ: Թուրքիան որոշակի պատժամիջոց կիրառեց: Սովորաբար օդային տարածքը փակվում է ռազմական գործողությունների պատճառով, այլ ոչ թե` հուշարձանի: Եւ սա նախանշան է, իմ կարծիքով, այն բանի, որ Թուրքիայի կողմից մենք մոտակա ապագայում կտեսնենք նմանատիպ գործողություններ, որոնց նպատակը կլինի ներազդել մեր ժողովրդի պատմական հիշողության վրա, և հասնել այն բանին, որ մեր ժողովրդի պատմական հիշողությունը «սրբագրվի» այն հատվածներում, որոնք Թուրքիայի ներկա ղեկավարների կարծիքով ավելի բարենպաստ կլինեն Թուրքիայի համար: Կարող եմ օրինակ բերել Բուլղարիան: Ինչպես պատմում են մեր բուլղար բարեկամները նաև խմբագրվել են պատմության դասագրքերը` կապված նման էջերի հետ: Այսինքն` նման բան թուրքերը կսկսեն իրականացնել նաև Հայաստանում»:

Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ կան բոլոր հիմքերը եզրակացնելու համար, որ հայկական պետականության դեմ Ադրբեջանի ապագա ագրեսիայի դեպքում կրկին կներքաշվի պատերազմի մեջ, այս անգամ` ավելի մեծ ծավալով.

«Թուրքիան ոչ միայն կներգրավվի պատերազմի մեջ, այլ, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, Արցախի դեմ, այդ պատերազմը կղեկավարվի Թուրքիայի կողմից: Եւ այս անգամ Թուրքիայի ներգրավվածությունը կլինի ավելի բացահայտ, և շատ ավելի լայնածավալ: Որովհետև, չմոռանանք, որ 2021 թվականի Շուշիի հռչակագրով Թուրքիայի և Ադրբեջանի ինտեգրման գործընթացը պետք է գնա և գնում է շատ ավելի արագ տեմպերով, շատ ավելի խորանում է: Եւ դա առաջին հերթին վերաբերում է հենց ռազմական համագործակցության ոլորտին: Այնպես որ` Թուրքիայի ներգրավվածությունը կլինի ավելի լայնածավալ, քան 44-օրյա պատերազմի ընթացքում»:

Քվեարկությունից հետո, Էրդողանը, դիմելով իրեն սատարող բազմահազարանոց ամբոխին, երգեց և ասաց, որ նրանք միասին կլինեն մինչև գերեզման: Դեռ ինչքան նրանք միասին կլինեն մինչև գերեզման, ցույց կտա ժամանակը:

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 06:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ