Մայիսի 02, 2024

Ապատեղեկատվություն, հրադադարի ռեժիմի խախտումներ. Ի՞նչ նոր սադրանք է մոգոնել թշնամին

By Անի Աբաղյան Հունիսի 09, 2023

Օրեր շարունակ Երևանն ու Ստեփանակերտը հերքում են թշնամու ապատեղեկատվություններն ու գրանցում հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում, խեղաթյուրում իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով` Ադրբեջանի քայլերը հստակ ազդակ են այն բանի, որ այն պատրաստվում է պատերազմի: Հարցն այն է, թե ո՞ր ճակատով Ադրբեջանը կսկսի հարձակումը: Իրավիճակը լարված է և՛ Արցախում, և՛ Սյունիքում, և՛ Տավուշում:

«Մենք պետք է գիտակցենք` Արցախ, Սյունիք, Երևան մեկ փաթեթ է: Դրա համար թե՛ Արցախից կսկսի մեծ բախումը, թե՛ Սյունիքից, թե՛ Տավուշից հարցի մյուս կողմն է, որի պատասխանը չեմ կարծում որևէ մեկը կասի, բայց որ լինելու է առավել քան վստահ եմ: Այս պահին Արցախին ուղղված սադրանքները, միջադեպերը նպատակ ունեն ստիպել հայերին` ավելի շուտ լքել Արցախը: Ցավոք, այսօր մեր իշխանության ու քաղաքական համակարգի կողմից ամբողջ հայությանն ու մասնավորապես արցախահայերին տրվում է այն միֆը, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, միակ տարբերակը հուսալքությունն ու Արցախից դուրս գալն է»:

Ազգային շահի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանն էլ կարծում է` ռազմական գործողություններ ակնկալվում են բոլոր ուղղություններով:

«Դասական առումով ռազմական գործողությունների ընթացքում թշնամին փորձելու է շոշափել սահմանագոտու ամբողջ երկայնքը, որպեսզի հասկանա` որ կողմից կարող է իրականացնել ճեղքում: Ամենից ակնհայտ ուղղությունները, անշուշտ, Արցախի և Սյունիքի ուղղություններն են, որ հարավը պոկեն, բայց չի բացառվում, որ Տավուշում էլ գործողություններն սկսվեն»:

Փորձագետ Սիմոնյանի խոսքով` սպասվող պատերազմը ասիմետրիկ պետք է ընթանա, այսինքն` պետք է պատրաստ լինել հյուծել թվապես գերազանցող թշնամուն:

«Արցախի Հանրապետության ազգաբնակչությունը պետք է պատրաստվի ասիմետրիկ ռազմական գործողությունների պարտիզանական շարժումների, պարտիզանական պայքարի համատեքստում: Ընդորում Արցախը այլ ընտրանք չունի, քան 16-ից 75 տարեկան զենք բռնել ունակ քաղաքացիներին պատրաստելն ու ըստ տրամաբանության` ներուժը օգտագործելը, որպեսզի ագրեսիայի առաջին ալիքը հնարավոր լինի հետ մղել»:


Արցախում ռազմական գործողությունների միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու համար Ադրբեջանին այս պահին ոչ թե միջազգային մարդասիրական նորմերն ու մարդասիրությունն են խանգարում, այլ գերտերությունների` խնդրի շուրջ տարբեր հայացքներ ունենալը, կարծում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը: Բայց եթե անգամ հարցի շուրջ համակարծություն ձևավորվի հօգուտ Ադրբեջանի, միևնույն է, վերջին խոսքը տարածքում ապրող ժողովրդինն է, որն արդեն 180 օր է` շրջափակման պայմաններում է ապրում:

«Ամենաառաջինը` այդ գործողությունները կանխում է այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները ապրում են այնտեղ: Շատերը, նույնիսկ ունենալով խիստ սահմանափակ ռեսուրս, մարդկային սահմանափակ թվաքանակ, պատրաստ են մինչև վերջ կանգնել այդտեղ: Ձեզ երաշխավորում ու վստահեցնում են, որ գերտերությունների մակարդակով նաև այս պահին կոնսենսուս չկա, որ Արցախը զենքով կամ զինված բախման միջոցով վերջնականապես անցնի Ադրբեջանի կազմ»:

Ստեղծված իրավիճակում հասարակ քաղաքացիների գործառույթը ավելի է կարևորվում: Բոլորը պետք է իրազեկված լինեն: Եթե անգամ պետք է 4-րդ անգամ նորից պատերազմի միջով անցնել, պետք է արժանապատվորեն անել դա. կանայք իրենց ամուսինների, որդիների կողքին, թիկունքը` իր աշխատանքը պետք է կատարի, զինվորը` իր, նշում է Գուրգեն Սիմոնյանը:

«Ես անգամ դույզն կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք: Ես դա կարող եմ հիմնավորել թե՛ ռազմարվեստի տեսությամբ, թե՛ մեր հնարավորություններով հանդերձ, դրանում թող արցախցին էլ չկասկածի, ամուր կառչած մնա իր հողին: «Միացում»-ի օրակարգը պետք է սպասարկվի: Ամուր է պետք լինել և թափթփված թուրքը չի կարող մեզ ստիպել պարտություն: Մենք հազարամյա պատմության հաղթանակների բովով անցած քաղաքակրթություն ենք, և մենք հաղթանակ ենք տանելու, որին պետք է հավատալ ամեն կերպ»:

Սուրեն Պետրոսյանը ևս նշում է, որ ամենաառաջին հաղթանակը մարդիկ պետք է տանեն իրենց «ես»-ի նկատմամբ.

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա` ինքն ունի հստակ առաքելություն. օգնել շրջապատի մարդուն` հաղթահարել անզորությունն ու հուսահատությունը, որը մեծագույն մեղք է: Եթե այսօր ինչ-որ մեկն ուզում է լինել հերոս, պայմանական եմ ասում, առաջին հերթին ինքը պետք է կարողանա ունենալ հստակ և մեծ ներդրում, որ հուսահատությունը փոխարինվի պայքարի օրակարգով: Ամենաուժեղ պայքարը հենց հոգևոր պայքարն է, որ օրինակ, մարդիկ հնարավորություն ունենան լքելու Արցախը, բայց չդիմեն այդ քայլին»:

Այն ժողովուրդը, որը հաստատուն կամք է ունեցել իր հայրենիքում ապրելու, մշտապես ապրել է անկախ պատերազմների ժամկետներից ու հզորություննից:

Եթե Արցախում մինչ օրս հայերն իրենց հայրենիքում են, ժողովրդի հաստատակամության շնորհիվ է, ինչը պետք է արտահայտվի նաև այս օրերում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ