Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում Փաշինյանը խոսել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի պատմությունից, այդ թվում՝ Լիսաբոնի 1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովի մասին։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վարչապետի ձևակերպումների հետ համաձայն չէ․ Սրբուհի Վանյանն է զրուցել քաղաքագետի հետ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է մի շարք էական փաստեր: Սկսելով Ալմա-Աթայի 1991 թվականի գագաթնաժողովից, ապա` ԵԱՀԿ 1996 թ․ գագաթնաժողովից ու այլ իրադարձություններից, Նիկոլ Փաշինյանն այնպիսի տպավորություն ստեղծեց, թե ի սկզբանե ՀՀ բոլոր ղեկավարների ջանքերն ուղղված են եղել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, ասում է նա, բայց նույնիսկ պատմության նման ռևիզիոնիզմի պարագայում՝ Փաշինյանը չի կարողանում չխոստովանել, որ միջազգային հանրությունը կասկածի տակ չի դրել ԼՂ սուբյեկտայնությունը։
Ի դեպ, քաղաքագետը մեզ և ոչ միայն մեզ հետ հարցազրույցներում բազմաթիվ անգամներ է ընդգծել՝ Արցախի անկախության հարց բարձրացնելը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ժամանակավրեպ է, բայց ԼՂ սուբյեկտայնությունը կարելի է ու պետք է ամրագրվեր։
«Գոնե նախկինում Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը երաշխավորված էր, այսինքն նույն այդ միջազգային հանրությունը ընդունում էր, որ ԼՂ կարող է ինքնորոշման ինչ-որ մակարդակ ունենալ: Եվ ես բնական հարցադրում հնչեցրեցի. հիմա ի՞նչ ժառանգություն ես դու թողնում, երբ որ բոլոր կարգավորման ծրագրերում կամ այն ծրագրերում, որ Հայաստանի իշխանությունը բանակցում է 2020թ հոկտեմբերի 6-ից հետո, կարգավորման տարբերակներում չի քննարկվում անգամ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության հարցը»:
Անվտանգության երաշխիքների, մարդու իրավունքերի, հումանիտար խնդիրների լուծման մասին ձևակերպումները վերացական են, ասում է քաղաքագետը, և Լեռնային Ղարաբաղի վարչատարածքային սուբյեկտայնության ասպեկտը չի քննարկվում։ Եւ եթե անգամ համարենք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ու Հայաստանի մյուս բոլոր ղեկավարները ի չիք են դարձրել Լեռնային Ղարաբաղի անկախության հեռանկարը, թեև, Սուրենյանցի կարծիքով դա այդքան էլ այդպես չէ, պիտի խոստովանենք, որ Փաշինյանը, հենց իր տրամաբանությամբ տապալել է ոչ միայն ԼՂ-ի անկախության օրակարգը, այլև` շատ մոտ է տապալելու Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության հեռանկարը։ Մինչև Փաշինյանը ՀՀ որևէ ղեկավար փաստաթղթային մակարդակով Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել, ու դա փաստ է, ասում է Սուրենյանցը։
«Նախկինում միայն մի անգամ է քննակվել կարգավորման տարբերակ, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրի շրջանակներում, դա եղել է 1998 թ նոյեմբերին, երբ քննարկվում էր ընդհանուր պետության կարգավորման տարբերակը` Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին շրջանում, բայց այդ կարգավորման տարբերակը այսօրվա իրականության համեմատ իդեալական մի պատկեր է, որրվհետև դրանով նախատեսվում էր Արցախի դե յուրե գտնվելը Ադրբեջանի կազմում, իսկ դե ֆակտո այնքան մեծ իրավասություններ էր տրված Արցախին, որ կարելի էր խոսել դե ֆակտո անկախության մասին, որն ի դեպ կյանքի չի էլ կոչվել»:
44-օրյա պատերազմում պարտությունը բերեց նրան, որ անկախության օրակարգը լրջորեն չքննարկվեց որևէ միջազգայն աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից, բայց Լեռնային Ղարաբաղի քաղաքական, քաղաքակրթական, վարչատարածքային սուբյեկտայնությունը հնարավորություն կտար Ստեփանակերտի ու Բաքվի միջև փաստաթղթորեն երաշխավորված հարաբերությունների այնպիսի համակարգ ձևավորել, որ Բաքուն չկարողանար Արցախի հայկականության դեմ ոտնձգություններ կատարել։
«Այդ փաստաթղթում փաստաթղթավորված կարող էր ֆիքսվել Հայաստանի հետ անխափան կապը, խաղաղապահ առաքելության երկարաժամկետ մանդատը, կարող էր ֆիքսվել, որ Արցախի 18 տարեկանից բարձր տարիք ունեցող արական սեռի ներկայացուցիչները չեն զորակոչվելու Ադրբեջանի ԶՈՒ»:
Մինչև ուկրաինական պատերազմը, Փաշինյանը կարող էր գնալ լուծման ռուսական պատկերացումներով, ինչը ենթադրում էր ԼՂ կարգավիճակի սառեցում։ Իսկ գործող իշխանությունների ու իր թիմի ներկայիս հայտարարաությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ենթադրում են, որ Արցախն ինտեգրվում է ունիտար Ադրբեջանին՝ առանց սուբյեկտայնության որևէ հեռանկարի։ Ի՞նչ է տալիս դա Հայաստանի Հանրապետությանը, հարցնում ենք մենք՝ Արցախում ապրողներս․
«Հազար ներողություն ոչ եթերային բառապաշարի համար. նրան թվում էր, եթե Արցախը փուռը տա, հնարավոր կլինի երաշխավորված դարձնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օրակարգից դուս բերել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման, բայց մենք տեսնում ենք, որ Արցախի անկլավայնացնելուց, Լաչինի միջանցքը մասնակի, հետո տոտալ բլոկադայի ենթարկելուց հետո Ադրբեջանը ոչ միայն այդ մտքիչ չի հրաժարվել, այլ մենք տեսնում ենք, որ նա բավականին ակտիվ պնդումներ է անում և դարձյալ տրանսպորտային հաղորդակցության շուրջ վեճերը շարունակվում են»:
Բախվել ենք ապաշնորհ քաղաքականության հետ, ասում է քաղաքագետը, մինչդեռ ՀՀ տարածքային ամբողջականությունը երաշխավորել ու ունենալ ԼՂ-ի սուբյեկտայնություն՝ հնարավոր էր նույիսկ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։ Այդ ամենն անելուց հետո կարելի էր մտածել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Այն, որ Արցախը պիտի հայկական մնա, դա միանշանակ է, ասում է զրուցակիցս, իսկ ինչպես՝ դա դեռ մեծ հարցերից մեկն է։ Սուրենյանցի կարծիքով ՀՀ հասարակությունն ամբողջ գործիքակազմը պիտի կիրառի, որ միջազգային հանրությունը ՀՀ հասարակության իրական մտադրությունների մասին ճիշտ պատկերացում կազմի և միայն իշխանության պատկերացումներով չառաջնորդվի։ Այո, ես առաջիններից եմ, որ խոսել եմ անկախության օրակարգի ժամանակվրեպ լինելու մասին, բայց դա չի նշանակում, որ կասկածի տակ եմ դրել ԼՂ-ի հայկականութան իմպերատիվ անհրաժեշտությունը, եզրափակում է Սուրենյանցը։