Մայիսի 01, 2024

Պաշարվածների առօրյան կամ Արցախի շրջափակման «նոր մակարդակը»

By Սրբուհի Վանյան Հունիսի 22, 2023

Արցախը շրջափակված է արդեն 193 օր։ Ադրբեջանն անպատժելիորեն սահմանափակում է 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժման և այլ իրավունքները։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Անտեսելով միջազգային իրավարար նորմերն ու սկզբունքները։ Հաշվի չառնելով այդ նորմերի պահպանման ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կոչերը։ Այս ընթացքում, պարբերաբար, որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է եղել հումանիտար ուղևորա- ու բեռնափոխադրումներ իրականացնել։ Հիմա չկա նաև այդ հնարավորությունը։ Սրբուհի Վանյանն է անդրադարձել թեմային։

 

Հունիսի 15-ից, Հակարիի կամրջի մոտ՝ Բերձորի միջանցքում արձանագրված ադրբեջանական սադրանքից հետո Արցախը դարձյալ հայտնվել է համապարփակ շրջափակման մեջ։ Խնդիրները, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենի մասով, խիստ սրվել են։

Կրկին` Արցախի խանութներում և դեղատներում լայն կիրառության ապրանքների ու դեղերի դեֆիցիտ է․ Ստեփանակերտի դեղատներից մեկի աշխատակից Անգելինա Ավանեսյանը հաստատում է՝ մատակարարումները, որ քիչ քանակությամբ ձեռք էր բերում իրենց դեղատունը, արդեն մի շաբաթ է, ինչ դադարեցվել են։ Այցելուներին հաճախ են ստիպված լինում մերժել։

«Հունիսի 15-ից հետո վիճակը ծանրացավ, քանի որ մատակարարումներն ամբողջովին դադարեցված են։ Ներկայում քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների, մասնավորապես շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդների համար դեղերի պակաս կա, մանկական կաթնախառնուրդի, տակդիրների խնդիր կա»։

Իսկ խնդիրները, որոնց բախվում են Արցախի բնակիչները շրջափակման պայմաններում, հաճախ անլուծելի են և կարող են ճակատագրական լինել։

Լուսինե Պետրոսյանը Եղցահողից է, արդեն 6 ամիս ապրում է կրկնակի շրջափակման մեջ։ Ընտանիքը կիսված է՝ 4 երեխաներից երկուսն ամուսնու հետ գտնվում են Երևանում, երկուսն իր հետ՝ Եղցահողում։ Ստեփանակերտ եկել է երեխայի վիրահատության նպատակով․ մնացել եմ այստեղ, արդեն մի շաբաթ է, ասում է։

«Շատ դժվար է, չգիտեմ, ոնց եմ տուն հասնելու։ Սնունդը էլի ոչինչ, գյուղում ենք ապրում։ Կարտոֆիլ, բանջար կա տնամերձերում։ Հացը վերջանում է, խմոր ենք անում, անչափահաս երկու երեխաներս հայաստանում են՝ ամուսուս հետ, երկուսն իմ հետ են»։

Նունե Ասրյանը Մարտակերտից է, համեմատում է Ստեփանակերտի ու Մարտակերտի շուկան․ Մարտակերտը, պարզվում է, ավելի շահեկան դիրքում է․

«ՀԻմա սա է վիճակը, ի՞նչ անենք։ Մարտակերտից ենք, հիվանդանոց ենք եկել, ասեցինք պոմիդոր-բան գնենք։ Դե ստացվում է, Մարտակերտում վիճակն ավելի լավ է»։

«Արևիկ» արագ սննդի կետը շահագործող Դիանա Ծատրյանը կեսօրից հետո անելիք չի ունենում աշխատավայրում․ շրջափակման պայմաններում ընտանիքով փորձում են պահել փոքրիկ բիզնեսը և չնայած իրացման խնդիր չունեն, բիզնեսը դժվարություններ ունի։

«Մեկ ամիս է, ինչ շահագործում ենք։ Մինչև հունիսի 15-ը էլի մի կերպ հումք էինք հայթայթում, հիմա դժվար է որևէ բան գտնել։ Չի հերիքում ոչ ալյուրը, ոչ մնացած ապրանքները։ Հաճախորդներին բավարարել չենք կարողանում»։

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելու պայմաններում Արցախում ներքին կյանքի կազմակերպման նոր մոտեցումները քննարկելու նպատակով։ Նա նշել էր, որ այսպիսի հանդիպումներ կազմակերպվելու են պարբերաբար՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և դրանց համահունչ քայլեր մշակելու և իրագործելու համար:

«Այս կամ այն ապրանքի մասով կունենանք պակասի զգացում, կա շաքարավազի ու ձեթի խնդիր, ունենք կրիտիկական պահերի համար ստեղծված հնարավորություններ, բայց դրանց առայժմ չենք դիմի։ Պետք է տնտեսենք։ Վառելիքի մասով արդեն պետական համակարգում խիստ սահմանափակման ռեժիմի ենք անցել»։ 

Պետնախարարը հորդորում է խուճապի չմատնվել, չտրվել պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների քանակի վերաբերյալ տարածվող ու շրջանառվող կեղծ տեղեկություններին ։

Խուճապի չենք մատնվում, ասում են հասարակ քաղաքացիները, բայց ուտել պետք է, չէ՞։ Հիմա ես կտրոններս չեմ կարողանում իրացնել, ասում է ներկայանալ չցանկացող ու ու ձայնագրվելու մեր առաջարկը մերժող քաղաքացին։ Նաև վառելիքի խնդիր ունեմ, ինչքա՞ն համբերենք։ Կամ` հիվանդ ունեմ Հայաստանում, չհասնե՞մ վերջին շնչին։

Հարցերը որ հնչեցվում են՝ արդարացի են, հիմնավորված ու լրիվ օրինաչափ։ Բայց գուցե՝ ոչ այնքան հասցեական։

Մինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհին «ապացուցում է», թե Արցախում շրջափակում չկա, և իրենք ապահովում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այստեղ՝ ազատ շրջափակման մեջ գտնվողների՝ նույն աշխարհին ուղղված բազմաթիվ հարցերը անպատասխան՝ մնում են օդում կախված։

Մինչդեռ Արցախն անվտանգային ու հումանիտար աղետի մեջ է, և փաստն այն է, որ բոլոր պետությունները ստացվում է, հրաժարվում են իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնել ու կանխել վերահաս ողբերգությունը»։

Last modified on Հինգշաբթի, 22 Հունիսի 2023 13:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ