Մայիսի 01, 2024

Տարածաշրջանային տերությունները մեծացնում են իրենց ներկայությունը Հայաստանում և Ադրբեջանում

By Անի Աբաղյան Հունիսի 22, 2023

Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը հայտարարել է, որ Սյունիքում, արագացված ռեժիմով, ՌԴ հյուպատոսություն է բացվելու, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչ այդ Կապանում հյուպատոսություն էր բացել նաև Իրանի Իսլամանական Հանրապետությունը։ Դրանց զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը արդեն երկրորդ անգամ է հայտարարում բռնազավթված հայկական Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու մտադրությունը։ Ի՞նչ նպատակներ ունեն հարևան պետությունները, շահերի բախումը կվնասի՞, թե՞ կօգնի Հայաստանին։ Լսե՛նք քաղաքագետների կարծիքները՝ Անի Աբաղյանի ռեպորտաժում։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վերընտրվելուց հետո Ադրբեջան կատարած այցի ընթացքում, կրկին հայտարարել է օկուպացված հայկական Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու պատրաստակամություն։ Շուշիում Բաքվի զինվորականներից բացի խաղաղ բնակչություն չկա, ո՞րն է նպատակը։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ այս պահին մեծ պետությունների շահերը բախվում են Հայաստանում ու Արցախում և պատահական չէ, որ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Իրանը Սյունիքում հյուպատոսություն է բացել, նման ցանկություն է հայտնել նաև Ռուսաստանը։ Այս հյուպատոսություններն Իրանի և Ռուսաստանի բնակիչների խնդիրները լուծելուց զատ, ռուսական ու իրանական ներկայության ամրագրման նպատակ ունեն։ Թուրքիայի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ցանկությունը նույն համատեքստում է դիտվում։

«Թուրքիան որպես պատասխան քայլ հայտարարում է օկուպացված Շուշիում իր հյուպատոսությունը բացելու մասին։ Սա առաջին հերթին մեսիջ է հղված Ռուսաստանին ու Իրանին, դրան զուգահեռ Հայաստանին ու Արցախին, որ օկուպացիան Շուշիի և այլ տարածքների արդեն ոչ միայն ադրբեջանական, այլ թուրք-ադրբեջանական համատեղ տանդեմի խնդիրն են։ Սա նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների դրսևորում է և Շուշիի հռչակագրի տարբեր կետերի իրականացման կոնտեքստում կարող ենք համարել։ Այնուամենայնիվ, պետք է ընկալենք նաև մեծ խաղի` գերտերությունների փոխադարձ մեսսիջների համապատկեր»։

Այս պահին Սյունիքում բացի իրանական հյուպատոսությունից, կա նաև ԵՄ դիտորդական առաքելություն։ Արագացված ռեժիմով կբացվի նաև Ռուսաստանի հյուպատոսությունը, որը, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Պալտովի՝ ներդրում կունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև` Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։

Մելքոնյանի խոսքով՝ ինչպես պատմությունն է ցույց տալիս, տարբեր պետությունների շահերի բախումը ավելի շատ վնասում, քան օգնում է Հայաստանին՝ այն վերածելով ռազմական թատերաբեմի։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ հակառակն է կարծում․ ինչքան ավելի շատ միջազգային ներկայություն տարբեր հատվածներում, այնքան` սեփական խնդիրները բարձրաձայնելու մեծ հնարավորություն։


«Եթե Հայաստանի շահերի տեսանկյունից ենք դիտարկում` ներկայությունն ավելի շատ դրական ազդեցություն է ունենալու։ Թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի դեպքում անհանգստությունը Սյունիքում աշխարհաքաղաքական գործընթացներին սեփական մասնակցություն ունենալն է»։


Ղևոնդյանը կարծում է, որ այս պահին գերտերությունների բախում Հայաստանում չի լինելու, որովհետև Արևմուտքն ու Ռուսաստանը Ուկրաինայից բացի, նոր ճակատ չեն բացի։
Շուշիում թուրքական հյուպատոսության բացման հարցը Երևանի համար զգայուն է համարում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Թուրքագետն էլ կարծում է, որ Շուշիում ու հայկական բռնազավթված այլ տարածքներում թուրքական ներկայության ամրապնդումը էլ ավելի դժվար է դարձնելու մեր պատմական հողերն ազատագրելու խնդիրը։

«Անկախ թուրքական պետության հզորացման, մենք երբեք չենք հրաժարվելու մեր պատմական տարածքները նորից ազատագրելու մտքից և վստահ եմ, որ Շուշին նորից ազատագրված տեսնելը որպես նպատակ ծառայելու է հայության տարբեր շերտերին։ Իսկ վտանգը Հայաստանի և Արցախի համար բնական է, որ մեծ տերությունների ներկայությունն է ու իրենց մեծ խաղերն ուղղակիորեն կարող են հետևանք ունենալ Հայաստանի քաղաքականության ու քաղաքացիների վրա»։


Սյունիքում Իրանի հյուպատոսության բացման նպատակը, կարելի է կարծել, Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները խորացնելն է, մինչդեռ առավել հավանական է, որ այս հյուպատոսությունը բացվել է Էրդողանի՝ Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու մասին, մի քանի ամիս առաջ արած հայտարարությունից հետո։

Ամիսների լռությունից հետո Էրդողանը վերհիշել է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նույնպես կարծում է, որ Իրանի հյուպատոսությունը քաղաքացիներին ծառայություն մատուցելը չէ, այլ հենց Սյունիքում «ոտքը պնդացնելը»։

«Իրանական կողմի սկսած գործընթացն ուղղակի ազդակ էր թուքր-ադրբեջանական դաշինքին, առ այն, որ Սյունիքի ուղղությամբ որևէ ոտնձգությունն իրանական կողմը չի հանդուրժելու։ Կարծում եմ նույն նպատակն է հետապնդում նաև ռուսական կողմը՝ Կապանում բացելով ռուսական հյուպատոսություն։ Այս առումով գործընթացը որոշակիորեն ազդում է ՀՀ անվտագության ու հատկապես Սյունիքի մարզի անվտանգության վրա։ Ինչ վերաբերում է էրդողանական վարչախմբի կողմից արած հայտարարության կրկնությանը, ապա, ակնհայտ է, որ պատկերավոր կերպով ասած` Էրդողանը մրցավազքի մեջ է Իրանի և Ռուսաստանի Դաշնության հետ»։

Փորձագետները կարծում են, որ պետությունների՝ տարբեր երկրներում հյուպատոսություններ բացելու նպատակը, գլոբալ առումով այն է, որ նոր աշխարհակարգի ձևավորումից հետո, այս դեպքում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, տարածաշրջանում ուժային տարբեր կենտրոններն ամուր դիրքեր ունենան ու որքան հնարավոր է շատ իրացնեն սեփական շահերը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ