Մայիսի 01, 2024

Խաղաղության պայմանագիր․ ի՞նչ սպասել վաշինգտոնյան հանդիպումներից

By Սրբուհի Վանյան Հունիսի 27, 2023

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ԱՄՆ-ում են։ Այսօր մեկնարկում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Նախօրոք հայտարարվել էր, որ բանակցությունները կարող են շարունակվել մի քանի օր, իսկ հիմնական թեման կլինի խաղաղության պայմանագիրը։ Բանակցային գործընթացից սպասելիքների վերաբերյալ Սրբուհի Վանյանն է զրուցել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ԱՄՆ-ում հանդիպել էին մայիսի սկզբին․ պայմանվորվածություն էր ձեռք բերվել, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Վաշինգտոնում, և այցի ընթացքում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կողմերը պետք է քննարկեն խաղաղության պայմանագիրը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է և ուղիղ երկխոսությունն առկա խնդիրները լուծելու և երկարատև ու արժանապատիվ խաղաղության բանալին է», լրագրողների հարցերին պատասխանելով ասել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը պետդեպի լավատեսությունը՝ խաղաղությանը մոտ լինելու մասով, չի կիսում։ Այն, որ հանդիպումը կլինի մարաթոնյան ու կլինի հանդիպումների շարք, ենթադրվում էր, ասում է, բայց հանդիպումից լավատեսական սպասումներ չունեմ։

«Կքննարկվեն ցավոտ հարցեր։ Այնուամենայնիվ մեծ լավատեսական ակնկալիքներ չունեմ։ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը կփորձի նույնիսկ հետքայլեր կատարել մայիսի սկզբին ձեռբերված պայմանավորվածություններից»։ 

Ինչ վերաբերում է ավելի կրիտիկական հարցերին, ինչպիսիք են արցախյան հիմնախնդիրը, Սյունիքում հաղորդակցության ուղիների տրամադրումը, դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, և կամ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար նախադրյալների ստեղծման հնարավորությունը՝ քաղաքագետն առաջընթաց չի սպասում։

Դա, իհարկե, չի բացառում քննարկումներն այդ թեմայով, բայց, Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով, այս անգամ կսահմանփակվեն կողմերի մոտեցումներ արտահայտմամբ և դժվար թե այդ մոտեցումների մերձեցում լինի։

«Ձեռքբերված պայմանավորվածությունների հետ կապված՝ օրինակ՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, գուցե այստեղ լինի առաջընթաց, եթե օրինակ, Ադրբեջանը պարտավորվի հանրային մակարդակում խոսել ՀՀ տարածքային ամբողջականության մասին, ասելով, որ ճանաչում է ՀՀ 2,800 ք կմ տարածքը։ Մինչև հիմա միայն Հայաստանն է խոսել: Պայմանգրի կնքումից մենք շատ հեռու ենք, և դժվար թե մոտ ապագայում նման փաստաթուղթ ստորագրվի»։

Դա կենթադրի ընդամենը գործընթացի շարունակություն, ոչ ավելին՝ համոզված է զրուցակիցս։

Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն այդ հարթակում, և ավելի երկար գործընթացների արդյունքում Ադրբեջանին ի վերջո կստիպեն գնալ երկխոսության՝ Ստեփանակերտի հետ, և կստիպեն այդ ընթացքում քննարկել Արցախի ժողովրդի իրավունքերն ու անվտանգությունը, եթե Ադրբեջանը, օգտագործելով միջազգային իրավունքի ներկա խախտված վիճակը, ավելի կոշտ միջոցներով չկարողանա ստիպել Արցախի ժողովրդին տեղահանվել, կամ չկարողանա իրականացնել էթնիկ զտումներ։ Հակառակ դեպքում իրավիճակն այլ ուղղությամբ կփոխվի։

«Մեծ է հավանականությունը, որ իրավիճակը շատ չի փոխվի, և ի վերջո Ադրբեջանին կստիպեն։ Այս հանդիպումների մասով՝ կլինեն նման քննարկումներ, Ադրբեջանը կպնդի վերաինտեգրման օրակարգը, հայկական կողմը կպնդի Արցախի ժողովրդի իրավունքերի ու անվտանգության հարցը, և այդպես էլ համաձայնության չեն գա»։ 

Բաքվի դիրքորոշումը հասկանալի է՝ Ստեփանակերտի հետ երկխոսությունը նա փորձում է ներքին ձևաչափի մեջ տեղավորել, առանց միջնորդների, իսկ հայական կողմը այդպիսի ագրեսիվ հայատյաց քաղաքականություն վարող երկրի հետ առանց միջազգային երաշխիքների ու միջնորդության նման ձևափաչ ընդունելի չի կարող։ Մոտեցումների այս հակադրությունը, ստացվում է առայժմ փակուղային է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հնարավորության համար։

Հատկապես, եթե հաշվի ենք առնում հանգամանքը, որ նույնիսկ միջազգային որոշումների ու պայմանավորվածությունների առկայության պարագայում Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։

Լաչինի միջանցքի հարցն ընդհանուր բանակցային փաթեթի մաս չի կազմում և այլ փաստաթղթով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ է կարգավորված։

«Ընդամենը Ադրբեջանի կողմից կա շահարկում, կարծում եմ կլինեն խոսակցություններ։ Ոչ միայն հայական կողմի, այլև միջազգային հանրության դիրքորոշումը այս հարցում հստակ է, Լաչինի միջանցքը պետք է գործի, և պետք է գործի նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանության մեջ։ Իսկ Ադրբեջանը միջանցքը բաց պահելու պարտավորություն ունի»։

Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր են ճնշումներ՝ Ադրբեջանի վրա, բայց հարց է, արդյունավետ կլինե՞ն դրանք, թե՞ ոչ։ Այստեղ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-Ռուսաստան հակասությունը, որի շուրջ Ադրբեջանը կարողանում է դիվանագիտություն կիրառել և գործողություններն ուղղորդել իրեն ձեռնտու հուն։ Այս հարցում առաջխաղացումը Ռոբերտ Ղևոնդյանը չի բացառում։ Թե ինչ տեսքով կլինի այդ առաջխաղացումը՝ մինչև հունիսի 15-ի՞, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի՞, թե՞ այլ կարգավիճակ՝ Լաչինի միջանցքի համար, կանխատեսել այս պահին հնարավոր չէ։ Ինչպես և հնարավոր չէ հավատալ, որ հեռանկար ունի խաղաղությունը ամեն օր քո հանդեպ ոտնձգություն կատարող հարևանի հետ։ Անկախ նրանից, թե ուժային որ կենտրոնի միջնորդությամբ է նախաձեռնվում դրան միտված հանդիպումների շարքը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ