Նոյեմբերի 22, 2024

Արդեն 8 օր է, ինչ Երևանից ուղարկված 361 տոննա հումանիտար բեռն Արցախ չի հասնում

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 03, 2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստ, որի ընթացքում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Քաշաթաղի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության Արցախ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև` խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին: Կարևոր շեշտադրումներն է առանձնացրել Մարգարիտա Ղուշունցը։

 Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է, զուգահեռ՝ մեկ շաբաթից ավել է ինչ Հայաստանի Հանրապետության կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ` Արցախ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Քաշաթաղի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքն Արցախ:

Կառավարության նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանը նախ նշել է, թե ինչու են մարդասիրական բեռներ ուղարկել Արցախ.

«Հայաստանը որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին:
Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է: Հիշեցնեմ՝ այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում, արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը»:

Փաշինյանը սադրանք է համարում հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունը, առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են: Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման: Այս ամենի վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանը համարում է նախորդ օրը Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցը, որի ընթացքում Ալիևը հայտարարելով, թե, իբր, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի։

«Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թ. Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք»:

Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը՝ վիճարկելու տեղ թողնող դրույթներով, խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրելն է Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի վարչապետի խոսքով՝ այստեղից հարց է ծագում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում:

«Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման:
Այդ առումով ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86․600 և 29․800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը: Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը»:

Նիկիոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած բոլոր բարդություններին, իսկապես երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա, և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից։ Այդ համատեքստում Փաշինյանը մատնանշել է՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության շարունակական տորպեդահարումը, Քաշաթաղի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող՝ Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը:

«Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ: Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ, կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կոպիտ խախտում է»:

Անդրառանալով Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցում արած մեկ այլ հայտարարությանը ՝ թե Քաշաթաղի միջանցքն արգելափակված չէ, Հայաստանի վարչապետը անհրաժեշտ է համարում լսել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը։

«Ինչո՞ւ նրանք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ» :

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Արցախում բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների խնդրին է անդրադարձել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Առողջապահական իրավիճակն Արցախում համարելով կրիտիկական, հատկապես այն բուժառուների համար, ովքեր որ իսկապես կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված օգնության, ընդգծելով, որ ինչքան շրջափակումը երկարում է, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին, ովքեր ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք: Անդրադառնալով ԿԽՄԿ-ի կողմից իրականացված վերջին տեղափոխման ընթացքում բուժառուներից մեկի ապօրինի առևանգմանը, Անահիտ Ավանեսյանը նշել է։

«Կարմիր խաչը հստակ իր դիրքորոշումն այս մասով մի քանի անգամ նշել է, որ սա անթույլատրելի է: Ունենք այն, ինչ ունենք այս պահին, և բոլոր աշխատանքներն ուղղված են, որ, նախ, մարդասիրական բեռը, որն այս պահին գտնվում է Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտակայքում, կարողանանք անցկացնել և ինչ-որ ձևով այդ խիստ կարիքը բավարարել և վերադառնանք նորմալ ապրանքաշրջանառության և մարդկանց տեղափոխման, ազատության շրջափուլի»։

Ավանեսյանը նաև անդրադարձել է երեխաների կաթնախառնուրդների խնդրին, նշել, որ բեռների մեջ նաև մեծ մաս են կազմում երեխաների կաթնախառնուրդները։ Բացի դրանից՝ Երևանից մասնագետները նաև աշխատում են Ստեփանակերտի գործընկերների հետ և մայրիկներին ըստ հնարավորին հոգեբանական և այլ աջակցություն են ցուցաբերում, որ կրծքով կերակրումն այս պարագայում հնարավորինս օժանդակ լինի, և քիչ կարիք ունենանք կաթնախառնուրդների։ Այս հարցը ևս օրակարգում խիստ դրված է, - ասել է առողջապահության նախարարը, խոսել նաև այն դեղամիջոցների մասին, որոնց ծայրահեղ անհրաժեշտությանը կա Արցախում։ Անդրադառնալով դեղորայքի մատակարարման վերաբերյալ միջազգային կառույցների հետ կապին՝ նախարարը նշել է.

«Կապ հաստատելը մշտական է. մենք բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք և նկարագրում ենք իրավիճակը՝ պահանջներ դնելով միջազգային կառույցների առջև՝ իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու»։

Անահիտ Ավանեսյանը, սակայն նշել է նաև, որ չնայած Կարմիր խաչն ունի մանդատ տվյալ հումանիտար իրավիճակներում թե՛ բուժառուների , թե՛ հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս հիմա պարալիզացված են:

Last modified on Հինգշաբթի, 03 Օգոստոսի 2023 15:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ