Նոյեմբերի 23, 2024

էներգետիկ ճգնաժամը սպասվածից ծանր կարող է լինել

By Սրբուհի Վանյան Հունիսի 21, 2023

Արցախը տոտալ շրջափակման մեջ է, և բացի պարենի, դեղորայքի սղության հետ կապված խնդիրներից, որոնք հումանիտար ճգնաժամ են առաջացրել, շրջափակման հենց առաջին ամսից պարզ էր, որ երկիրը շուտով նաև էներգետիկ ճգնաժամի առաջ է կանգնելու։ Անցած ձմեռը դժվարին էր․ առանց լիարժեք ջեռուցման, էլեկտրաէներգիայի չհերիքող պաշարներով։ Արցախի կառավարությունն անցավ էլեկտրաէներգիայի մատակարարաման հովհարային գրաֆիկի՝ ստիպված լինելով օգտագործել միայն Սարսանգի սուղ ռեսուրսները։ Դա նվազեցրեց բնակչության` գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված անհարմարությունները, սակայն ճակատագրական եղավ ջրամբարի համար։ Լսենք Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։

 

Քաշաթաղի միջանցքի արգելափակումը զուգորդվեց նաև ՀՀ տարածքից Արցախ եկող էլեկտրա-և գազամատակարարման խափանումով: Էներգետիկ մարտահրավերները շարունակվում են նաև այսօր․ համակարգն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, և ամեն օր ավելի ու ավելի են սրվում խնդիրները։ Տեսակետներ կան, թե այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է լինելու խստացնել հովհարային անջատումների գրաֆիկը:
Տնտեսությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ ԱՀ ՏԿԵ նախարարի օգնական Տաթևիկ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացնում ճգնաժամային պայմաններում կառավարության աշխատանքի վերաբերյալ․

«Էներգետիկ համակարգն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, բնակչության նվազագույն պահանջարկը բավարարելու համար մի շարք լրացուցիչ միջոցներ են ստիպված եղել կիրառել, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի խոշոր սպառող մի շարք կազմակերպությունների դադարեցում, հովհարային անջատումներ։

Այդպիսով կառավարությունը Սարսանգի ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել, որպեսզի առաջիկա ամիսներին, ու հատկապես ձմռանը, որոշակիորեն հնարավոր լինի մեղմացնել էներգետիկ ճգնաժամը։

Սարսանգի ջրամբարն աղետալի վիճակում է․ վերջին երկու ամիսների հորդառատ անձրևները չնայած հսկայական վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, բայց հույս են ներշնչում, թե դրանք Սարսանգի վրա բարենպաստ ազդեցություն կունենա, նշում է Խաչատրյանը»։

«Գոյություն ունի տեղումների բաշխվածության օրինաչափություն, այս տարի դրա ժամանակային բաղադրիչը շեղում տվեց․ հուլիսին երևի կդադարեն անձրևները։ Այս տարի տեղումներն ամռան շատ էին, և մի փոքր բարելավվել է էներգետիկ վիճակը, բայց ցավոք՝ դրանք ի վիճակի չեն Սարսանգի մակարդակը բարելավել»։


Իսկ Սարսանգի ջրային պաշարների վերականգնումը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը թույլ տա վերականգնել ՀՀ-ից Արցախ մտնող օդային էլեկտրագիծը, չխոչընդոտելով Արցախի հանրապետության էլեկտրասնուցմանը, և մենք ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել Սարսանգի ջրային ռեսուրսները։ Այդ դեպքում Սարսանգի նախկին ծավալները կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանն Արցախի պարագան աննախադեպ է համարում: Նա վստահ է, որ միակ լուծումը տոտալ շրջափակման պայմաններում սեփական ռեսուրսները ռացիոնալ կառավարելն է․ ի պատիվ իրենց, արցախցի մասնագետներին դա հաջողվել էր անցած ձմեռվա ընթացքում․

«Այս իրավիճակում պետք է սեփական ռեսուրսներն արդյունավետ կառավարել, ի պատիվ իրենց՝ արցախցի մասնագետներն արդարացրել են իրենց՝ ձմռան խնդիրները նվազագույնի հասցնելով, բայց Սարսանգը շատ տուժել է, էկոլոգիական խնդիրներ են առաջացել»։

Իսկ սեփական ռեսուրսները շռայլ չեն․ Արցախում մեկնարկել էր Թարթառ գետի վրա փոքր հէկի կառուցում, ավարտելու համար քաղաքական որոշ խնդիրներ, այդ թվում և միջանցքի ապաարգելափակում պիտի լինի, ծրագիրը շարունակելու համար անհրաժեշտ է, որ սարքավորումներ ու շինանյութ ներկրվի։ Նույն խնդիրները խոչընդոտ են, եթե Արցախում փորձեն այլընտրանքային էներգակիրներ, ասենք՝ արևային պանելներ կամ ջրատաքացուցիչներ, ներդնել։ Արցախի կառավարությունը նույնիսկ որոշ քայլեր փորձել էր կատարել այդ ուղղությամբ։ Տաթևիկ Խաչատրյանը նշում է.

«ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով հումանիտար բեռների տեղափոխման պարագայում կառավարությունը պիտի օգտագործեր այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագիր, բայց ներկա փուլում դա հնարավոր չէ իրականացնել»։

Եթե գազով աշխատող կենտրոնական ջեռուցման համակարգերը վերափոխվեին և դառնային այլընտրանքային վառելիքի կիրառմամբ աշխատող, ինչի արդյունքում կբարձրանար ջերմամատակարարման համակարգի անվտանգության ու հուսալիության բարձրացման աստիճանը, կստեղծվեր կաթսայատների շահագործման պահուստային ռեզերվ։ Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին ադրբեջանական սադրանքից հետո ստեղծված իրավիճակը երկար շարունակվելու պարագայում էներգետիկ ճգնաժամը սպասվածից ծանր է լինելու, ասում է Տաթևիկ Խաչատրյանը։

Արթուր Ավետիսյանը էներգետիկ ճգնաժամից ելքը համակարգային լուծման մեջ է տեսնում։

«Որպեսզի համակարգային լուծումներ լինեն, պետք են լինելու համակարգային մոտեցումներ, դրա համար քաղաքական որոշումների կարիք է լինելու, միջանցքի ապաշրջափակում»։

Դա իհարկե, այս պահին հնարավոր չէ, քանի որ կա մասնագետների հրավիրման, սարքավորումների ու նյութերի ներմուծման անհրաժեշտություն։ Հնարավոր այլընտրանքը նման պայմաններում կարող է լինել միայն փայտը, բայց դա էլ մի շարք էկոլոգիական ռիսկեր է պարունակում, և շատ զգույշ պիտի կառավարել այդ ռիսկերը։

Մինչդեռ մինչ 44-օրյա պատերազմն Արցախն ինքնաբավ էր էներգետիկ առումով ու նույնիսկ որոշ դեպքերում էլեկտրաէներգիա էր մատակարարում Հայստանի Հանրապետություն։ ՀՀ և Արցախի էներգետիկ համակարգերը փոխկապակցված էին ու անհրաժեշտության դեպքում մեկը մյուսին օգնության էր գալիս։ Պատերազմից հետո, երբ ընդամենը 6 հէկ մնաց Արցախի տիրապետության տակ, այս ճգնաժամի նախադրյալներն արդեն ստեղծվեցին, քանի որ Արցախի էներգետիկան գրեթե բացառապես կախված էր փոքր հէկերից, իսկ ներկայում ռեսուրսները, լավագույն դեպքում, կարող են ապահովել սպառողների 40-45 տոկոս պահանջարկը։ Օրինաչափ է ու հասկանալի, որ Ադրբեջանը պատրաստվում էր էնեգետիկ տեռորի, ու փորձագետի խոսքով, Արցախի ղեկավարները պետք է կանխատեսեին այդ ամենը և արագ պետք է ավարտին հասցնեին ՀՀ-ից Արցախ ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը։ Այսօր արդեն մենք պետք է մտածենք գալիք աշնան և ձմռան մասին։ Դա կարևոր է՝ Արցախը հայկական պահելու համար, ասում է Արթուր Ավետիսյանը, իսկ հայկական Արցախը Հայաստանի Հանրապետության անվտանգության գրավականն է։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ