Հայաստանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Արցախի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Արցախի շրջափակումը տևում է ավելի քան 8 ամիս, արդեն 2 ամիս արցախցիներն ապրում են կատարյալ պաշարման մեջ, և առ այսօր միջազգային կառույցների հղած կոչերը, դիմումներն ու որոշումները իրական արդյունք չեն տվել։ Ինչո՞ւ է Հայաստանը հիմա գնացել այդ քայլին, ի՞նչ սպասել ՄԱԿ-ից և ինչպիսին էլ լինի ՄԱԿի ԱԽ որոշումը, ինչպե՞ս կարձագանքի դրան Ադրբեջանը։ Սրբուհի Վանյանը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:
Միջազգային կառույցներից մեր սպասումները գերազանցված են, կարծում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը․ մեր հանրության մոտ մտայնություն կա, թե ՄԱԿ ԱԽ-ն այն «մոգական վայրն» է, որտեղ մեզ համար կարեւոր հարցերի լուծմանը պակասում էր միայն մեր դիմումը, ասում է զրուցակիցս, և այդ մտայնությունը հետեւողականորեն ձեւավորել են տարբեր շրջանակներ` պարբերաբար հնչեցնելով միտքը, թե Հայաստանն անհապաղ պիտի դիմի ՄԱԿ ԱԽ։
«Արդեն 2 տարի փաստացի ապրում ենք համաշխարհային պատերազմի պայմաններում, էպիկենտրոնն իհարկե ուկրաինական պատերազմն է, բայց այն իր տրամաբանությամբ ընդգրկում է նաև մեր տարածաշրջանը։ Այս տեսանկյունից պատկերացնել, թե միջազգային կառույցներն արդյունավետ աշխատանքի ռեժիմ կարող են ունենալ և լուծել կարևոր խնդիրներ, իրատեսական չէ»:
Դա, Հակոբ Բադալյանի կարծիքով չի նշանակում, թե միջազգային կառույցների հետ աշխատել պետք չէ, քանի որ առկա իրողություններով հանդերձ, միևնույն ժամանակ դրանք մեխանիզմներ են, որոնք շարունակում են գոյություն ունենալ դե յուրե, հետևաբար` դիվանագիտական ջանքի տեսանկյունից պետք է լինեն ուշադրության կենտրոնում։
«Պատրանքներ տածել պետք չէ, բայց այդ հնարավորությունը պետք է օգտագործել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում բոլոր այդ խոշոր տերություններին պատասխանտվության հարցը շեշտադրելու համար»:
Եվ այստեղ քաղաքագետն առանցքային է համարում այն, որ նոր աշխարհակարգի միջազգային դիմակայության պայմաններում, երբ պայքար է ազդեցության գոտիների, տնտեսական ռեսուրսների համար, խոշոր խաղացողները փորձում են նաև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ օգտագործել միմյանց դեմ․ պայքարի կիզակետում բնականաբար կոնֆլիկտի գոտու բնակիչներն են։
«Նման իրավիճակում է հայտնվել այսօր Արցախը, և կարևոր է շեշտադրել բոլորի պատասխանատվության խնդիրը, որպեսզի պատասխանատվությունն իրար վրա բարդելով չփորձեն իրենց հարցերը լուծել, իսկ այդ ամենի թանկ գինը վճարի Արցախի ժողովուրդը»:
Հայկական դիվանագիտությունն, ըստ իմ զրուցակցի, այս մեխանիզմով պիտի առաջ տարվի։ Այստեղ պետք է գործի դնել ոչ միայն պետական, այլև` հանրային դիվանագիտության խողովակները։
«Սրանք կամայական շեշտադրումներ չեն․ ՌԴ ունի իր պատասխանատվության շրջանակը և խաղաղապահների ներկայության, և Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասով, Կովկասում իր դերի, իր անվտանգային համակարգի առումով, բայց ունեն պատասխանատվություն մյուս խաղացողներն էլ։ Մեզ համար կարևոր է շեշտադրել բոլորի պատասխանտվությունը»:
Մեծ հաշվով Ադրբեջանը հենց նման իրավիճակներից ու համաշխարհային դիմակայության ռեժիմից է օգտվում։
Ցավոք, հայկական կողմի համար կիրառելի միակ ռեսուրսը դիվանագիտականն է, քանի որ տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը խախտված է, և սուղ է այսպիսի խնդիրը ուժային եղանակով լուծելու հնարավորությունը։
«Կարևոր է նաև Արցախի հանրության դիմակայունությունը։ Որքանով ճիշտ ռեսուրսների տնօրինում կլինի այս բարդ և ծանր շրջանում, սա նաև արդյունավետ դիվանագիտության ռեսուրս դարձնելու նախադրյալ պիտի լինեն»:
ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներն արդեն մոտ երկու տարի է պատերազմական ռեժիմով զբաղված են աշխարհի վերաբաժանմամբ, նրանք կարո՞ղ են գործնական ազդեցություն ունենալ Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքականության վրա, երբ այդ քաղաքականությունը նրանցից յուրաքանչյուրին տալիս է յուրովի հարցեր լուծելու հնարավորություն, հարցնում է ու միանգամից էլ պատասխանում իր հարցին՝ կարող են։ Բայց եթե նրանց միջեւ ձեւավորվի առավել կարեւոր փոխհամաձայնություն, թեկուզ միջանկյալ, որը թույլ կտա գոնե լուծել եթե ոչ նախկին բնականոն կենսագործունեության ռեժիմի ամբողջական վերականգնման, ապա առնվազն` Արցախի ռազմական եւ հումանիտար անվտանգության հարցը:
Հակոբ Բադալյանի խոսքով, շեշտը պետք է դնել երկկողմ աշխատանքի վրա․ հարցը բարձրացնելով ՄԱԿ ԱԽ-ի նիստում, դիվանագիտական շեշտադրումը պետք է դնել անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ առանձին-առանձին աշխատանքի վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք իրար հետ պատերազմի մեջ են:
«Պետք է առավելագույնս շեշտադրենք Մինսկի խմբի համանախագահների պատասխանատվությունը։ Նրանք օժտված են բացառիկ մանդատով և այդ մանդատը ոչ ոք չի չեղարկել։ Բոլոիրն պետք է նաև բացատրենք, որ Արցախի ապաշրջափակման հարցը կարող է լուծվել, եթե իրենք աշխատեն իրար հետ»:
Ուշացա՞ծ է արդյոք ՀՀ՝ ՄԱԿ ԱԽ դիմելու որոշումը․ ի վերջո գոյություն ունի նաև նման տեսակետ։
Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ որ նախադեպ կա, երբ Հայաստանի խնդրանքով Ֆրանսիան նախաձեռնել էր հայտարարության ընդունում․ այն բախվեց Անվտանգության խորհրդում եղած շահերի հակասություններին։ Նախաձեռնությունը ձախողվեց հիմնականում Ռուսաստանի անհամաձայնության պատճառով: Իսկ անհամաձայնությունը եղել էր, ըստ էության, այն, որ հայտարարությունը չէր արտացոլել Արցախում ՌԴ` «գետնի վրա» ներկայության հանգամանքը: Հայաստանից մեղադրանքներ հնչեցին ՌԴ հասցեին, բայց իրականում դա ոչինչ չտվեց․ մինչդեռ, Արցախի շուրջ իրավիճակը շարունակեց վատթարանալ: Դրա համար, ըստ Բադալյանի, պետք չէ ավելորդ պատրանքներ ունենալ, պետք է հասկանանք, որ ՄԱԿ ԱԽ-ի անդամ 5 երկրներն այսօր աշխարհի վերաձևման գործընթացի մասնակից են։
«Սա ծանր աշխատանք է, այդպիսի դիմումները ենթադրում են ծավալուն տնային աշխատանք։ Առանց լուրջ նախապատրաստական աշխատանքի պարզապես դիմումները մեխանիկական եղականով եթե պատկերացնենք աշխատանքը, լուրջ արդյունք չենք ունենա։ Եվ դեռ հարց է՝ թե այս դիմումն ինչ ճակատագրի կարժանանա՝ հաշվի առնելով համաշխարհային պատերազմի իրողությունը»:
ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին հայ հանրությունը պիտի ցույց տա, որ նրանցից ակնկալում է մի բան՝ Արցախում աղետի կանխում, եւ, եթե դա տեղի չունենա, ապա դրա համար հավասարապես պատասխանատու են ՄԱԿ ԱԽ-ի բոլոր 5 մշտական անդամները: