Նոյեմբերի 25, 2024

ՄԱԿ ԱԽ-ի՝ Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման հարցով նիստն անցյալում է․ սպասումներ և իրականություն

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 18, 2023

Նյու Յորքում ՄԱԿ գլխամասում տեղի ունեցավ Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը` Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրադրության վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների մեծամասնությունը կոչ արեցին վերացնել Քաշաթաղի միջանցքի արգելափակումը և դադարեցնել մարդասիրական ճգնաժամն Արցախում:
Արդյոք չափազանցվա՞ծ էին սպասելիքներն այս նիստից, ի՞նչ տվեց այն, և ի՞նչ սպասել ապագայում: Սրբուհի Վանյանն է փորձել պարզել այս հարցերի պատասխանները` քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից։

ՄԱԿ ԱԽ-ի երեկ տեղի ունեցած նիստի գլխավոր ուղերձները հանրության շրջանում, ակնհայտ է, որ որոշակի հիասթափություն են առաջացրել։ Ինչու՞։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, որովհետև մեր հանրային քաղաքական միտքը միշտ չէ, որ ադեկվատ է։ Լավատեսներ ունեինք, որոնց համար ՄԱԿ անվտանգության խորհուրդը, ինչպես ինքն է ձևակերպում, «հրեշտակի դուռ է», և այնտեղ Հայաստանի՝ պահանջ ներկայացնելուն պես մեր բոլոր խնդիրները կլուծվեն։

«Լավատեսներն իրականությունից բխող որևէ փաստ կամ փաստարկ չէին ներկայացնում։ Կային նաև իրատեսներ, ովքեր ՄԱԿ ԱԽ-ի նիստում ամենացանկալի լուծմանը և բանաձևի ընդունման կարող ենք հասնել, եթե կարողանանք մեր օրակարգի շուրջ ապահովել կոնսենսուս Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև։ Ցավոք, մինչ այս պահը ՄԱԿ ԱԽ-ը չի ընդունել որևէ բանաձև, ընդունման հավանականությունն էլ քիչ է։ Նույնիսկ հայտարարություն չի ընդունել»։

Մի քանի երկրի կողմից առաջարկ հնչեցվեց այլ ճանապարհների օգտագործման մասին, ակնարկելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, հնչեց հավաքական կոչ՝ Քաշաթաղի միջանցքը բացելու վերաբերյալ, բայց այդպես էլ չասվեց, թե ինչ են պատրաստ ձեռնարկել՝ եթե Ադրբեջանն այդ հորդորները չկատարի։

«Պիտի արձանագրեմ, որ ինչպես կանխատեսում էին իրատեսները, ՄԱԿ ԱԽ այս նիստը մեծ արդյունքեր չի տվել»։

Տպավորություն է, թե միջազգային կոնսենսուս կա նաև Ակնա-Ստեփնակերտ ճանապարհի գործարկման վերաբերյալ։ Սուրենյանցը դա կանխատեսելի է համարում։

«Կանխատեսելի էր։ Հստակ պիտի մի բան հասկանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ից պետք չէր ակնկալել շահեր։ Ի վերջո բոլոր դերակատարները, որ մեծ մասը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, այս ամիսների ընթացքում խոր մտահոգություններից այն կողմ չեն անցել։ Հրաշքների սպասել պետք չէր»։

Ադրբեջանի, այսպես ասած, փաստարկները բնականաբար մանիպուլյատիվ էին ու հիմնված կեղծիքի վրա, բայց պետք է իրատես լինել ու հասկանալ, որ միջազգային դերակատարները չեն առաջնորդվում միջազգային իրավունքով կամ մարդասիրական մղումներով, ասում է քաղաքագետը։ Նրանք առաջնորդվում են կոնկրետ շահերով։ Այս դեպքում փորձել են բալանսավորված ելույթներ ունենալ՝ փորձելով չնեղացնել Հայաստանին ու չփչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Հայաստանի համար էական այլ լուծում չէր լինի, եթե անգամ ավելի շուտ դիմեր ՄԱԿ, ասում է Սուրենյանցը, Հայստանի ճակատագրական սխալը այլ տեղում էր․

«Ինչի հետևանքով միջազգային հանրության կարծիքը և միջազգային համատեքստը էապես փոխվել է։ Երբ անցած տարի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայի քառակողմ հայտարարությամբ անվերապահ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,Լեռնային Ղարաբաղն ըստ էության դարձավ Ադրբեջանի ներքին խնդիր, ինչն էապես թուլացրեց ՀՀ արգումենտները միջազգային հարթակներում ու հարաբերություններում»։ 

Դա չի նշանակում, որ միջազգային հարթակներում պետք է դադարենք աշխատել, ասում է զրուցակիցս․ ընդհակառակը, պետք է բոլոր հարթակներն օգտագործել, բնականբար ձևակերպելով ակնկալիքների իրական նշաձող։

Այն է՝ համաձայնություններով երաշխիքներ ձեռք բերել Արցախի հայկականությունն ապահովելու ու արցախցիների՝ իրենց հողում անվտանգ ապրելու համար։

44-օրյա պատերազմից հետո իրավիճակն Արցախի շուրջ այլ է․ այն սահմանփակել է արտաքին քաղաքականության մեջ մանրևելու հնարավորությունը։ Եւ պետք է աշխատել հենց ստեղծված իրողությունների փոփոխման ուղղությամբ:

Last modified on Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 14:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ