Նյու Յորքից Իվանյան` անցած շաբաթը հագեցած էր Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներով:
Երևանի ժամանակով օգոստոսի լույս 17-ի գիշերը կայացավ Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ-ի նիստը` Արցախի շրջափակմամբ առաջացած մարդասիրական ճգնաժամի քննարկման նպատակով: Այն, մեծ հաշվով, համապատասխանեց փորձագիտական ակնկալիքներին: Թեև հայկական և ադրբեջանական կողմերը, ըստ էության, համահավասար թույլ էին ներկայացել քննարկմանը, այդուամենայնիվ, հայկական կողմն ավելի լավ նախապատրաստական աշխատանք էր տարել, և դա ակնառու էր Հայաստանի հետ հիմնականում չեզոք համագործակցություն ունեցող երկրների դիրքորոշումներից:
Սակայն առավել կարևոր էին Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումները: Այդ հարցում ևս` խիստ անսպասելի անակնկալներ չեղան, և դրանք բոլորն էլ, ըստ էության, կրկնեցին իրենց` ավելի վաղ հայտնած դիրքորոշումները: ԱՄՆ-ի առաքելության ղեկավարը, ով նաև նախագահում էր նիստը, դատապարտեց Քաշաթաղի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև` կոչ արեց սկսել ուղիղ բանակցություններ Ստեփանակերտի և Բաքվի միջև, ինչը կենսական նշանակություն կունենա տարածաշրջանային խաղաղության և Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության պաշտպանության համար: Ֆրանսիայի ներկայացուցիչը նշեց, որ Քաշաթաղի միջանցքի արգելափակումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին, դատապարտեց ՀՀ-ից Արցախ ուղարկված մարդասիրական բեռի արգելափակումը, ինչպես նաև` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության խոչընդոտումն Ադրբեջանի կողմից, ինչը ևս հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Արցախյան հիմնախնդրում ներգրավված նախկին «մեծ եռյակ»-ի անդամներից ամենամտահոգիչը Ռուսաստանի ներկայացուցչի խոսքն էր, որում նա ոչ միայն չդատապարտեց Քաշաթաղի միջանցքի արգելափակումը, այն պարզապես անվանելով մտահոգիչ, այլ նաև նշեց, որ իր երկիրն աշխատում է, որպեսզի Քաշաթաղի միջանցքին զուգահեռ` միջանցք բացվի նաև Ադրբեջանի կողմից այս պահին բռնազավթված Ակնայից, հավելելով, թե Արցախի բնակիչների իրավունքները պետք է լինեն Ադրբեջանի օրենքների համատեքստում: Փաստորեն, եթե Ռուսաստանը նախկինում, այդ թվում` ՄԱԿ ԱԽ-ի նիստի նախօրեին, հայտարարում էր, որ նպատակաուղղված աշխատանք է տանում բռնազավթված Ակնայից դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելու ուղղությամբ, ապա, նիստի ընթացքում, Ռուսաստանի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք ոչ թե պարզապես ճանապարհ են նախատեսում Ակնայից, այլ` միջանցք, դրանով, փաստացի, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից արդեն իսկ բազմակի ոտնահարված փաստաթուղթը: Ավելորդ է ներկայացնել, թե ինչ վտանգներ է պարունակում բռնազավթված Ակնայով` Քաշաթաղի միջանցքին համազոր միջանցքի հաստատումը: ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը, ինչպես և ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, նշեց, որ մատակարարման այլ ուղիների առկայությունը պետք է դիտարկվի միայն Քաշաթաղի միջանցքի լրացման համատեքստում և չի կարող դիտարկվել որպես տարբերակ` չբացելու Քաշաթաղի միջանցքը: Թեև ելույթներից հետո նիստն ավարտվեց և որևէ փաստաթուղթ չընդունվեց, այդուամենայնիվ, նիստի ելքը նաև դրական արդյունքեր ուներ: Հատկապես հետաքրքրական էր ՄԱԿ մարդասիրական հարցերի հանձնակատարի ակնարկն առ այն, որ ՄԱԿ-ն Արցախում փորձագետներ չունի` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: ՄԱԿ` տարածաշրջան փորձագետներ ուղարկելու ուղղությամբ իրոք տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Անվտանգության նիստի նախօրեին` քաղաքացիների մի խումբ արգելափակել էր Իվանյանում տեղակայված ռուսաստանյան զորանոցի մուտքերն ու ելքերը: Իհարկե, ի տարբերություն Քաշաթաղի միջանցքի, ռուսաստանյան զինվորականները կարողացան ապարգելափակել Իվանյանի օդանավակայանի ելումուտը` հրելով քաղաքացիների մեքենաները և զրահատեխնիկա մոտեցնելով բողոքի ակցիայի վայրին: Առհասարակ, Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախումբն արդեն ավելի բացահայտ է դրսևորում իր հանցակցությունն Ադրբեջանին` Քաշաթաղի միջանցքի արգելափակման հարցում: Այնպես, ինչպես Ռուսաստանն ավելի բացահայտ է ցուցադրում իր թշնամական վերաբերմունքն Արցախի և ամբողջ Հայաստանի նկատմամբ: Վերջ ի վերջո` ժամանակը շատ է սեղմում թե՛ Պուտինին, թե՛ Ալիևին: Երկուսի դիրքերն էլ գնալով թուլանում են իրենց երկրների ներսում, երկուսն էլ չունեն նոր ռազմական հաջողություններ, որպեսզի դրանցով կերակրեն իրենց` թե՛ հացի, թե՛ կրկեսի կարոտ ժողովուրդներին: Եւ Հայաստանը թեև ի սկզբանե նպատակ չուներ Ռուսաստանի հետ հակադիր ճամբարում հայտնվելու, այլ պարզապես փորձում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն կառուցել, այդ թվում և Ռուսաստանի հետ, սակայն վերջինի համար Հայաստանի նույնիսկ փոքր ինքնուրույնությունը դիտարկվեց որպես հարված իր կայսերական ինքնասիրությանը: Փոխարենը, Ռուսաստանն այնքան ճնշումներ բանեցրեց Հայաստանի դեմ, որ կորցրեց իր ամենահավատարիմ դաշնակիցներից մեկին: Միաժամանակ, Ռուսաստանի անհեռատես քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ նույնիսկ Ստեփանակերտի կամ Խարկովի նման քաղաքները, որտեղ Ռուսաստանի քաղաքական և մշակութային ազդեցությունն անասելի բարձր էր, օտարացան Ռուսաստանից: Դրան հասնելու համար, իհարկե, հատուկ հանճարեղություն էր հարկավոր:
Ժամանակը, սակայն, նաև մեր կողմից չէ: Սեպտեմբերի վերջից եղանակն սկսելու է աստիճանաբար ցրտել, իսկ գյուղմթերքը` նվազել: Պարենային անվտանգության հարցը տասնամյակներ շարունակ աչքաթող արված է եղել, և գալիք ձմեռը, եթե շրջափակումը շարունակվի, շատ ծանր է լինելու: Ավելի ծանր, քան` նույնիսկ պատերազմը. հազարավոր մահեր թերսնումից, ցրտահարությունից, համաճարակներից; պատշաճ բուժզննման և կենսապայմանների բացակայության պատճառով հարյուրավոր վիժումներ և դեգեներացիաներ:
Իսկ պատերազմի վերսկսման հավանականություն կա: Ադրբեջանը վերջին շրջանում ավելացրել է թե՛ ռազմական հռետորաբանությունն ու ապատեղեկատվության շրջանառումը, թե՛` սահմանային էսկալացիան ու զորաշարժերը: Ադրբեջանն արդյոք բլեֆու՞մ է, թե՞ պատրաստվում է մեծ պատերազմի, դժվար է ասելը: Երկու տարբերակը հավասարաչափ հավանական և հավասարաչափ նպաստավոր ու աննպաստ են թե՛ թշնամու, թե՛` հայկական կողմի համար:
Սակայն հույս ունենալ, թե հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել զիջումներով և նահանջելով` միամտություն է: Իսկ վախը, թե Ադրբեջանը տեխնիկապես և թվապես գերազանցող է և պայքարի ելքը կանխորոշված է` անհիմն է: Կանխորոշված է միայն համակերպվածության ելքը: Կանխորոշված էին Դեյր էզ-Զոր կամ Օսվենցիմ ուղևորվող մարդկանց շարասյուների ճակատագրերը: Իսկ նպատակային ու անզիջում պայքարի ելքը երբեք կանխորոշված չէ: 1946-79 թվականների միջակայքում` Վիետնամը, ընդհանուր հաշվով, 29 տարի պատերազմ է վարել. նախ` Ֆրանսիայի, ապա` ԱՄՆ-ի, վերջում էլ` Չինաստանի դեմ: Եւ երեք պատերազմում էլ հաղթել է: Կարելի է հիշել նաև նույն ժամանակահատվածում Իսրայելի հաջողությունները` արաբական տասնյակ երկրների դաշինքի դեմ: Իհարկե, միշտ էլ կարելի է գտնել արդարացումներ և պատճառաբանություններ: Սակայն 1992 թվականի վաղ գարնանը կամ ամռանը, երբ Արցախում իրավիճակն ավելի օրհասական էր, քան հիմա, արդարացումների և պատճառաբանությունների փոխարեն գործողության ընտրությունը փոխեց թվացյալ կանխորոշվածությունը` ռազմական գործողությունների ընթացքում: