Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում: Այս մասին հայտնել են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:
BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։
Արցախի ԱԳՆ-ից ընդգծում են, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։
«Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ»,-նշել են արտգործնախարարությունից՝ հիշեցնելով, որ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:
Անդրադառնալով Ակնայի ճանապարհի բացմանը՝ Արցախի ԱԳՆ-ից ասել են, որ ԱՀ նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է այդ թեմային։
Օգոստոսի 23-ին նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշել է, որ օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ և դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:
«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Լ. Ավանեսյանը: