Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել: Սա Դավիթ Իշխանյանի առաջին ասուլիսն է այս պաշտոնում նշանակվելուց հետո: Շրջափակման պատճառով ասուլիսին, որ կայացել է Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում, ներկա են գտնվել միայն տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` ԱԺ-ի նորանշանակ նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն է ստեղծվել: Հարցերն ուղարկվել են նախօրոք: Սրբուհի Վանյանն է ներկա գտնվել ասուլիսին:
Հասարակության մեջ ձևավորված մտայնությունը, թե 90-ականների մեր հաջողությունները զրոյացվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությամբ, Դավիթ Իշխանյանը չի ընդունում. «պետք է արձանագրենք, որ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է»,- ասում է: Եւ այն, ինչ տեղի է ունենում այսօր, նույնպես պատերազմ է. այլ բնույթի պատերազմ:
«Եթե կրակոցները քիչ են կամ չկան ուղղակի ռազմական գործողություններ, չի նշանակում, թե պատերազմը ավարտվել է: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարելի է ընկալել որպես զինադադար: 120 հազար մարդու ճակատագիրը այստեղ, և ևս 21 հազարը Արցախի սահմաններից դուրս, պետք է ունենանք մեր տեսլականում փայլուն ապագայով: Գուցե մերկապարանոց է հնչում, բայց եթե կա նպատակ, և միջոցներ են փնտրվում, կարող ես հասնել այդ նպատակին»:
Սա Դավիթ Իշխանյանի տեսլականն է, որը նա հիմնավորում է այն նպատակներով ու ռազմավարական սկզբունքներով, որ ամրագրվել են 30 տարի առաջ: Այսօր, երբ արցախցիները ծանր կացության մեջ են, գուցե դժվար ընկալելի է այս տեսլականը, ասում է Իշխանյանը, բայց կան առողջ ուժեր, որոնք հավատում են այդ տեսլականին: Դա պիտի բերի մեր ինքնորոշման իրավունքի իրացմանը: Դրա համար անհրաժեշտ է միավորվել համահայկական, ազգային գաղափարների շուրջ, օգտագործելով հայկական ներուժն ու բարեկամական շրջանակները:
Արցախի խորհրդարանի ղեկավարն այս գործում կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը: Փորձում են ամրացնել 2020 թվականից հետո թուլացած կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ:
«Միշտ կողմ եմ եղել ու հիմա էլ կողմ եմ ինստիտուցիոնալ հարաբերություններին: Հարաբերությունների այն դաշտը, որ ձևավորված է ՀՀ և ԱՀ ազգային ժողովների միջև, անընդունելի է: Հրապարակային ու ոչ հրապարակային քննարկումներ այս թեմայով ունեցել ենք: Միջխորհրդարանական հարաբերություններն ու համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, պատերազմից հետո այդ հարաբերությունները բավարար մակարդակի չեն: Եվ այդ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու առումով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ինձ շնորհավորելու փաստը առաջին քայլն էր՝ այդ հարաբերությունները վերականգնելու տեսանկյունից»:
Դրանք բնականբար անհատական քաղաքական գործիչների կոնտեքստում չէ, որ պետք է դիտարկվեն, այլ որպես ինստիտուցիոնալ հարաբերություններ ՀՀ ու Արցախի խորհրդարանների միջև: Այս օրինակին պիտի հետևեն նաև այլ գերատեսչություններ, ասում է Դավիթ Իշխանյանը: Միասնությունը վերականգնելու անհրաժեշտություն նա տեսնում է առհասարակ, ՀՀ, Արցախի ու Սփյուռքի միջև: Եռամիասնությունը վերականգնելու ներուժ և դերակատարներ, ըստ խորհրդարանի նոր ղեկավարի, առկա են:
«Այդ դերակատարները առկա են . դրանց փնտրման ուղղությամբ շահագրգիռ քայլեր պիտի կատարի նախ ՀՀ իշխանությունները, դրանք կարող են լինել մեր 2 կաթողիկոսները, ազգային կուսակցությունները, լավագույն դերակատարներից մեկն էլ Արցախն է, իր կառույցներով, ընտրյալ մարմիններով՝ նախագահով, ԱԺ-ով: Վերջինը, ներկայացնելով Արցախի ժողովրդի կամքը, կարող է այս վերջին 30 տարիների իր առաքելությանը հավատարիմ լինել»:
Դավիթ Իշխանյանին ուղղված հարցերի մեծ մասը` Արցախում ստեղծված իրավիճակին և հրատապ լուծում պահանջող թեմաներին էին առնչվում:
Օրվա թեման Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի գործարկմանն ու Ասկերանի մոտ հասած ադրբեջանական բեռնատարների թեման է. հանրությունն ըմբոստանում է այդ պլանին: Ի՞նչ են մտածում իշխանությունները: Դավիթ Իշխանյանը նշում է.
«Զորակազմի համապատասխան պաշտոնյաներն ու վստահ եմ , որ տեղեկացված են մեր մոտեցումների ու ադրբեջանի մոտեցումների մասին, այս քննարկումների արդյունքը դեռևս ոչինչ չի տվել, բայց հուսանք տրամաբանական լուծում կստանա ու մեր ակնկալիքները կարդարացվեն: Ռուս խաղաղապահների առաջարկը , ադրբեջանական բեռները ներս թողնելու մասին, չի ընդունվել, հանրության ու պետական համապատասխան կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվել, քննարկումներն ընթացքի մեջ են»:
Արցախի հանրային ռադիոյի հարցերը` արցախցի ուսանողների առևանգումից հետո հանրության պահանջով Հանրապետության նախագահի կողմից հրավիրված ընդլայնված խորհրդակցությանն էին առնչվում, այնտեղ քննարկման առարկա հանդիսացած հարցերին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուսաստանյան խաղաղապահների հետ աշխատանքին` խորհրդարանի իրավասությունների շրջանակում: Բարձրացվու՞մ է արդյոք վերջինների պատասխանատվության հարցը` աշխատանքային քննարկումներում:
«Վագիֆ Խաչատրյանի ու մեր երիտասարդների առևանգման փաստի հետ կապված. չէի ուզենա, որ դա մասնավոր դեպքերի պրիզմայով դիտարկվի: Աշխատանքեր տարվում են, մեր գործընկերների հետ աշխատանքների շրջանակում քննարկումներ լինում են: Մենք ներկայացնում ենք իրավիճակը ինչպես ճանապարհի, այնպես էլ Ադրբեջանի գործողությունների մասին: Մեր աշխատանքի ու համագործակցության արդյունքն է լինում նաև միջազգային կառույցների ու անհատների քայլերը»:
Դավիթ Իշխանյանը խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր է, և նրա` Ազգային խողովի նախագահի պաշտոնում ընտրվելու հանգամանքը իշխանության ձևավորման տրամաբանությամբ հասկանալի չէ, Դավիթ Իշխանյանը հարցին իր պատասխանն ունի. իրավիճակը երկրում դասական չէ, լուծումներն էլ ոչ դասական մոտեցում են պահանջում: Իր ներկայացրած կուսակցությունը` Դաշնակցությունը նման որոշմանը չի խոչընդոտել, քանի որ գործող նախագահի համար բոլոր քաղաքական ուժերը պետք է հենարան լինեն, և այո, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, ներքին հարցերում քաղաքական ուժերը ձևավորել են կոնսենսուս: