Նոյեմբերի 21, 2024

ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարությունը ընդունվեց միաձայն

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 27, 2021
ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարությունը ընդունվեց միաձայն NA of the Republic of Artsakh

Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերների մասին հայտարարությունը, որն էլ այսօրվա հրավիրված նստաշրջանի օրակարգի միակ հարցն էր, միաձայն ընդունվեց: Հայտարարությունը կազմվել է բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ: Նախաձեռնության համար հիմք է ծառայել վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ նրա կողմից տրված որոշ ձևակերպումներ Արցախի մասին, որին հետևել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի արձագանքը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ԱԺԿ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

«Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում»:

Ղարաբաղյան տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում և խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը՝ ասված է հայտարարության մեջ: Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու, և արտահայտելով հանրության լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, պատգամավորներն իրենց անհամաձայնությունն ու վրդովմունքն են արտահայտում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ:

«Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ»:

Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրավական և քաղաքական հիմքերը և մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում որևէ հակասության մեջ չեն մտնում միջազգային կառույցների ու միջնորդների ներկայացրած դիրքորոշման հետ: Արցախի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից: Պատգամավորներն անընդունելի են համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունն ընդգծող հայտարարությունները:

«Անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»։

1992 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշումով հստակ սահմանված է ՀՀ վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի նկատմամբ: Այդ փաստաթղթով Հայաստանը պարտավորվում է սատար կանգնել ԼՂ բնակչությանը և նրա իրավունքների պաշտպանությանը: Այդ որոշմամբ, որն արդիական է նաև այսօր, սահմանված է բացառել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:Հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ բերվել արտահերթ նստաշրջանի օրակարգ:Նստաշրջանին իրենց դիրքորոշումն են ներկայացրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Մետքասե Հակոբյանը, Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը:Ընդդիմադիրները խնդիրը տեսնում են գործող իշխանության մեջ, որը եկել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի շահերը հանձնելու, հայկական հարցը փակելու նպատակով:

«Փաշինյանի վարչակազմը պետք է հեռանա: Հայ ազգը պիտի սթափվի և կանգնեցնի այս աղետը»,- համոզված է Մետաքսե Հակոբյանը: Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը գործող իշխանությունների քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացնում է հետևյալ կերպ.

« 30 տարվա մեջ կատարվել է ՀՀ հետ Արցախի ինտեգրում, հիմա գնում է դեինտեգրման գործընթաց, որից հետո կսկսի Ադրբեջանի հետ ռեինտեգրման պրոցես»:

Մեր պետության ու պետականության նկատմամբ տարիներ շարունակ քաղաքական դիվերսիաներ են տեղի ունենում , ներսից ու դրսից կազմաքանդվում են համակարգերը, ինչը ոչ մի լավ բանի չի բերի: Դավիթ Իշխանյանը ԱՀ նախագահական և խորհրդարանական ինստիտուտների ակտիվացման անհրաժեշտություն է տեսնում: Հայաստանի հանրապետությունը մեր անվտանգության երաշխավորն է, և նա չի կարող լվանալ ձեռքերը և հեռու կանգնել մեզանից: Պատգամավորների ելույթները զգացական էին: Արթուր Թովմասյանը միասնականության և հանդուրժողականության կոչ է անում, նշելով, որ խմբակցությունները կարող են ակտիվացնել շփումները ՀՀ գործընկերների հետ: Միաժամանակ ԱԺ խոսնակը համաձայն է հայտարարության մեջ նշված կետերի հետ, Արցախի ազատությունն ու անկախությունը վեր է դասում ամեն ինչից:

«Մահ կամ ազատություն՝ դաշնակցության կարգախոսն է, բայց հիմա մենք թևակոխել ենք մի շրջան, որ անկախության կհասնենք միայն ու միայն Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության դեպքում: Այն մարդիկ, որոնք անկախ սոցիալական կարգավիճակից, գտնվում են, ապրում են Արցախում, հայրենապաշտներ են: Եվ բոլորիս ճակատագիրը նույնն է»:

Միայն միասնականանության, ճակատագրական պահին իրար սատար կանգնելու, հայրենիքի ու սփյուռքի առողջ ուժերը համախմբելու շնորհիվ հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին և կենսունակ պետություն կառուցել՝ եզրափակել է Արթուր Թովմասյանը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ