Նոյեմբերի 24, 2024

Արցախը պետք է զբաղեցնի իր կարևոր տեղը տարածաշրջանում

By Սրբուհի Վանյան Հունվարի 20, 2022

Բացի իր հիմնական գործառույթներից՝  ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը զբաղվում է տեղահանված ու զոհված զինծառայողների  ընտանիքների խնդիրներով: Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է կառույցի կողմից համակարգվող ծրագրերը, խոսել անելիքների մասին: Խոսքն, առաջին հերթին, զոհվածների ընտանիքների համար իրականացվող ծրագրերի մասին է: ՀՀ Կառավարության կողմից  հաստատվելուց հետո՝ զոհված հարազատներ ունեցող տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման նոր ծրագիրը  մեկնարկելու է մարտ ամսից: Արդյունքում՝ շահառուները  բնակարաններ ձեռք բերելու համար 20 մլն. դրամ ստանալու հնարավորություն կունենան: 

«Նոր իրավիճակում Ներկայացուցչությունում ձևավորվել է նոր բաժին՝ Հումանիտար ծրագրերի և Սփյուռքի հետ կապերի բաժին, որն էլ պետք է համակարգի ծրագրերը՝ ուղղված մեր տեղահանված հայրենակիցների խնդիրների լուծմանը»:

 Տեղահանվածների համար Արցախի ներկայացուցչությունը 3 հիմնական ծրագիր է իրականացնում, որոնք միտված են նրանց զբաղվածության ապահովմանն ու ինտեգրմանը: Կառույցի կողմից ձեռնարկված ծրագրերը 3-ն են, բայց Արցախի ներկայացուցչությունը ամենօրյա կապի մեջ է համապատասխան կառույցների ու քաղաքացիների հետ և պատրաստակամ է օգնելու այլ խնդիրների առաջացման դեպքում: 

«Երեք ծրագիր ենք իրականցնում՝ Վերապատրաստման դասընթացների ծրագիր, որը հնարավորություն է տալիս անվճար վերապատրաստվելու և աշխատանք գտնելու: Զբաղվածության խնդիրը կարևորում ենք և կոչ անում մեր հայրենակիցներին օր առաջ լուծել այդ առաջնահերթ հարցը, քանի որ սոցիալական ծրագրերը չեն կարող հավերժ լինել: Երկարաժամկետ հումանիտար օգնությունները այլ խնդիր էլ են առաջացնում. մարդիկ չեն ուզում աշխատել: Հաջորդ ծրագիրը կոչվում է «Աշխատանք արցախցիներին»: Այն ևս մշակվել է ՀՀ գործատուների հետ համագործակցությամբ: Երրորդ ծրագիրը տնտեսվարող սուբյեկտների ապրանքների արտահանման հարցերով աջակցելն է»:

 Ինչ վերաբերում է հիմնական գործառույթներին՝ ապա ԼՂՀ ներկայացուցչությունը նույն ձևով շարունակում է իրականացնել դրանք: Չնայած կան շրջանակներ, որ փորձում են գեներացնել Արցախի ու Հայաստանի տարանջատման գաղափարը՝  ամենօրյա համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: 

«Համագործակցությունը հնարավորություն է տալիս օպերատիվ լուծել բազմաթիվ հարցեր: Լինում են խնդիրներ, տարբեր հանգամանքներով պայմանավորված, այդ թվում և քաղաքական: Հանդիսանալով Արցախի ներկայացուցչությունը Հայաստանում՝ փորձելու ենք ավելի կատարելագործել այդ հարաբերությունները»: 

Ինչպիսի՞նն է պատերազմից հետո արտասահմանցիների ու սփյուռքահայերի շրջանում հետաքրքրվածության դինամիկան Արցախով: Ի՞նչ խնդիրներ են առաջանում: Արդյո՞ք դժվարացել է մուտքը Արցախ: Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ, իսկ օտարերկրյա պետությունների քաղաքացիները պետք է ունենան արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ և ԱՀ մուտքի արտոնագիր: Օտարերկրյա քաղաքացիներին՝ Արցախ մուտքի արտոնագրեր տրամադրում է հենց ներկայացուցչությունը: Դրա համար անհրաժեշտ է առնվազն 7 աշխատանքային օր առաջ ներկայացուցչության էլեկտրոնային հասցեներին ուղարկել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր), լրացված վիզային հարցաթերթիկ, լուսանկար: Մուտքի արտոնագիր ստանալու դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Արցախ միայն իր դիմումում նշված օրը։ Իսկ Արցախն ընկալվու՞մ է որպես տուրիստական և ներդրումային միջավայր. պատասխանում է Սերգեյ Ղազարյանը: 

«Բոլորս ականատես ենք եղել, թե պատերազմի ժամանակ ինչ հսկայական աջակցություն է ցուցաբերվել մեր հայրենակիցների կողմից: Արցախյան ծրագրերի վրա մի քանի հանգամանք է բացասաբար ազդել: Մի կողմից ռեսուրսների մեծ սպառում է եղել. պատերազմի արդյունքերը շատերին հիասթափեցրել են: Մարդիկ շոկ են ապրել: Եվ չեն էլ թաքցնում, որ դա ազդել է իրենց ներդրումային ծրագրերի վրա: Բայց եղել է նաև հակառակը. մեր հայրենակիցները հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ բազմապատկել են»: 

 Սերգեյ Ղազարյանը գտնում է, որ նոր՝ ոչ ստանդարտ լուծումների, մեխանիզմների մշակման անհրաժեշտություն կա: Եվ նման գաղափարների շուրջ աշխատանքեր արդեն իսկ տարվում են: Արցախը ոչ միայն պիտի մնա համահայկական օրակարգում, այլև կայուն զարգացում ապահովելով, զբաղեցնի իր կարևոր տեղը տարածաշրջանում:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 21 Հունվարի 2022 06:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ