44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած տարածքների հետ Արցախը զրկվել է անտառների գրեթե 50 տոկոսից։ Այս մասին հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Կորուստը մեծ է, ինչը նշանակում է, որ ոլորտում նոր ռազմավարության կարիք կա՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, անտառպահպանման և անտառաշինության անհրաժեշտություն։
«Եթե 2020 թվականին տրամադրվել է 13580 խ/մ գործափայտ, 2021 թվականին այն կազմել է 5650 խ/մ․։ Այն դեպքում, երբ փայտարդյունահանողների թիվն աճել է։ Այս տարի արգելել ենք նաև վառելափայտի արտահանումը։ 2022 թվականին նախատեսում ենք կատարել անտառային հողերի քարտեզագրում՝ անտառային ռեսուրսների կառավարումն արդյունավետ դարձնելու համար»։
Անտառների շահագործման ուղղությամբ գերատեսչության ծրագրերի մանրամասների մասին Անտառների կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վահրամ Ահարոնյանն է պատմում։ Անտառահատումների տարեկան ծավալները սահմանվում, ապա հաստատվում են կառավարության որոշմամբ։ Անտառմթերումն իրականացվում է այդ ծավալների շրջանակում՝ տարանջատելով գործափայտը և վառելափայտը։ Գործափայտի ծավալները հաստատվում են ըստ ծառատեսակների։ Հայտերի քանակի հետ կապված սահմանափակումներ, ըստ մեր զրուցակցի, չկան, եթե հայտատուի տվյալները համապատասխանում են գերատեսչության կողմից սահմանված չափորոշիչներին։ Դիմումներ ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում․ լինում են դեպքեր, երբ նույն տնտեսվարողը մեկ անգամ մթերում իրականացնելուց հետո նորից է դիմում։ Վահրամ Ահարոնյանի խոսքով, այս պահին 37 հայտ կա ներկայացրած։
«Շեշտադրումը գործափայտի վրա է, քանի որ վառելափայտի թույլտվությունների տրամադրման հիմնական գործառույթը «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի վրա է․ նախարարությունը ֆիզիկապես չի հասցնի այդ աշխատանքերն իրականացնել»:
Թշնամու տիրապետության տակ անցած անտառածածկ տարածքների ծավալները ճշգրտելու, կորուստները հաշվարկելու համար կառույցը համագործակցելով ԱՀ կադաստրի կոմիտեին կից գործող Գեոդեզիայի և քարտեզագրման ՊՈԱԿ-ի հետ անտառների քարտեզագրման գործընթաց է սկսել։ Քարտեզագրման նյութերը նաև կօժանդակեն անտառվերականգնման գործընթացի արդյունավետ իրականացմանը։
«ԱՀ Կադաստրի պետկոմիտեին կից գործող գեոդեզիայի, քարտեզագրման ՊՈԱԿ-ը այս տարվա իր գործունեության շրջանակներում անտառների քարտեզագրում կիրականցնի, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։Դրանք մեզ համար կողմնորոշիչ նյութեր կդառնան»։
Այն անտառային տարածքներում, որոնք մնացել են մեր վերահսկողության տակ, նույնպես անտառմթերման հետ կապված խնդիրները քիչ չեն։ Պատճառները Վահրամ Ահարոնյանն է ներկայացնում։
«Առաջինը սահմանամերձ շրջանների անտառների խնդիրն է, ապա անտառային ճանապարհների։ Անտառների սպասարկումը վտանգավոր է դարձել։ Նոր ճանապարհների կառուցման անհրաժեշտություն կա, քանի որ շատ գերհասուն և հասուն անտառներ այս պահին հասանելի չեն»։
Ճիշտ է, համագործակցում են Ականազերծման կենտրոնի հետ, բայց անտառների ականազերծումը բավականին բարդ գործընթաց է, իսկ կենտրոնն առավելապես բնակավայրերին մոտ տարածքներում է դեռևս աշխատանքեր իրականացնում։ Անտառների կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետի հավաստիացմամբ, անտառներում միայն սանիտարական հատումներ են իրականացվում, որպես գործափայտ հատվում են գերհասուն և հասուն ծառերը։ Ուշադրության կենտրոնում են անտառվերականգնման ծրագրերը։
«Անտառատնկման տարածքները պիտի ավելացնենք տարեցտարի։ Այս առումով համագործակցում ենք հայաստանյան գործընկերների հետ, նրանց հաջողված փորձը կիրառելու համար»։
«Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին առնչվող գործի վերաբերյալ, որի մասին ԱՀ տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, փոխնախարար Վիլեն Սաֆարյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություն տալ՝ հորդորելով բավարարվել Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցված տեղեկատվությամբ։ Հիշեցնենք, որ ըստ գրառման, «Արցախանտառի» տնօրենը նախարարի հրամանով ազատվել էր աշխատանքից անցյալ տարվա մարտին․ ՊՈԱԿ-ում խոշոր չափի չարաշահումներով քրեական գործ էր հարուցվել։ Կառույցի նախկին տնօրենը դատարանում վիճարկել է իրեն ազատելու հրամանը և հնարավոր է, որ վերականգնվի նախկին պաշտոնում։