Նոյեմբերի 22, 2024

Հայտարարություն Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ

By Սրբուհի Վանյան Փետրվարի 28, 2022

1988 թվականի փետրվարի 27-ը հայոց պատմության մեջ ևս մի արյունալի օր ավելացրեց: Ադրբեջանի մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա, Սումգայիթ քաղաքում նորից մեկնարկեց հայերի բնաջնջման ծրագիրը, և աշխարհը դարձյալ խուլ ու համր ձևացավ: Ատելությունը ծնեց նոր ատելություն։ Այն ծավալվեց, շարունակություն ունեցավ Բաքվում, Մարաղայում, Շահումյանում, այլ քաղաքներում ու գյուղերում: Եվ որպեսզի դրանք չկրկնվեն, չկրկնվեն ոչ մի ժողովրդի հանդեպ, հասարակական կազմակերպությունները ստորագրել և տարածել են հայտարարություն, որով միջազգային կառույցներին ևս մեկ անգամ տեղեկացնում են այն համակարգված ցեղասպան գործողությունների մասին, որոնք Ադրբեջանն իրականացրել և շարունակում է իրականացնել: Կոչ են անում դատապարտել և պատասխանատվության կանչել: Հայտարարության տեքստը «Քաղաքացիական հաբ» կազմակերպության ղեկավար Լուսինե Համբարձումյանն է հնչեցնում: 

«1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում իշխանությունների կողմից նախապես ծրագրված և համակարգված կերպով իրականացվել են քաղաքի հայ բնակչությանը ահաբեկելու, կողոպտելու, սպանելու և խոշտանգելու գործողություններ, որոնց զոհ են գնացել մի քանի տասնյակ հայեր, իսկ քաղաքի 20 հազար հայ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանության։ Օգտվելով անպատժելիության մթնոլորտից՝ նույն թվականի նոյեմբերին Ադրբեջանում տարածվել է հայկական ջարդերի երկրորդ ալիքը։ Ադրբեջանական վայրագությունների ուղիղ թիրախում հայտնվել է Կիրովաբադի, Շամախիի, Շամխորի, Մինգեչաուրի հայ ազգաբնակչությունը»։ 

Վերահաստատելով այն համոզմունքը, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն երաշխիք է, Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները՝ ոգեկոչում են Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բոլոր կոտորածների և ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակը, խստագույնս դատապարտում և կոչ են անում միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին դատապարտել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաև 2016 և 2020 թվականներին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։ 

«Հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից վարվող համակարգված և պարբերական բնույթ կրող հետապնդումները, հայատյաց քաղաքականությունը իսպառ բացառում են Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում։ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգ գոյության, կյանքի և ազատ կամարտահայտման իրավունքի ապահովման միակ ճանապարհը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումն է»,-ասված է հայտարարության մեջ։ 

Փախստականների միավորում հանուն արդարության հասարակական կազմակերպության նախագահ Սնեժանա Թամրազյանը միջոցառման նախաձեռնողներից է․ 

«Հիշում ենք 1988 թվականի սումգայիթյան ողբերգությունը։, որին զոհ գնացին մեր հայրենակիցներըՍումգայիթ քաղաքում միայն այն պատճառով, որ հայ էին։ Ազգային թշնամանքի հողի վրա ծնված այս ատելությունը շարունակվեց նաև հետագա տարիներին։ Հայտարարության մեջ նշված են այն հանցագործությունները, որ Ադրբեջանն իրականցրել է հայ ժողովրդի նկատմամբ։ Սկսել ենք Սումգայիթից, քանի որ մոռանալով անցյալը, չենք կարող  ներկայի ու ապագայի մասին խոսել ու երազել»։

 Ցավոք, այդ դեպքերը շարունակություն ունեցան անցած 34 տարիների ընթացքում նաև այն պատճառով, որ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական չտվեց դրանց, չարձագանքեց, դատապարտող քայլեր չձեռնարկեց: Բայց այդ ոճրագործությունը չի մոռացվել, ավելին, այն վերապրածների մի մասը ապրում է մեր կողքին: Նախաձեռնության հեղինակները համոզված են, այն մի օր պատշաճ գնահատականի պիտի արժանանա միջազգային հանրության կողմից, եթե մենք չլռնեք: 

«Մենք կոչով դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի հայտյաց քաղաքականությունը, սումգայիթյան ցեղասպանությունը և մյուս հանցագործությունները»։

 Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ, Արցախի պատկան մարմիններն այս տարիների ընթացքում չեն լռել, տարբեր մակարդակներով, տարբեր հարթակներում հանդես գալով, դիմել են միջազգային կառույցներին՝ դատապարտող քայլեր ձեռնարկելու կոչերով:

«Կարևոր է, որ այսօր հասարակական հատվածն է միավորվել այս՝ արդարության ձայնը բարձրացնելու նախաձեռնությամբ: Որպես պետություն չճանաչված լինելու պարագայում հասարակական հատվածի ձայնը երբեմն ավելի լսելի է լինում, քան պետական մարմինների»,-ասում է Գեղամ Ստեփանյանը:

 «Ադրբեջանի կողմից Սումգայիթում և այլ վայրերում իրականացված ցեղասպանական գործողությունները երբեմն որակվում են որպես ջարդեր, կոտորածներ։ Բայց ես ուզում եմ , որ հասկացվի ցեղասպանություն տերմինի միջազգային ձևակերպումը։ Սումգայիթում , հետո այլ բնակավայրերում կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն՝ այդ տերմինի հստակ ձևակերպմամբ»:

  Հենց այդպես էլ պիտի ընկալվի Սումգայիթյան ողբերգությունը միջազգային հանրության կողմից: Միջոցառմանն իրենց պատմությունները պատմեցին այդ ողբերգության միջով անցած մեր հայրենակիցները, խնայելով ներկաներին և շրջանցելով այն սահմռկեցուցիչ տեսարանների նկարագրությունը, որոնց ականատես են եղել, բայց որն ընդմիշտ մնացել է իրենց հիշողությունների մեջ:

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022 14:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ