Նոյեմբերի 22, 2024

Հանրապետությունում գնաճ է արձանագրվել. որո՞նք են պատճառները

By Անի Աբաղյան Մարտի 03, 2022

Արցախում Հունվարի մեկից բարձրացել են աշխատավարձները, թոշակները, նպաստները: Պարենային և ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են դրանից էլ ավելի: Վիճակագրության պետական խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյան. 

«Հատկապես բարձր գնաճ է գրանցվել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում, որոնք հանդիսանում են նվազագույն սպառողական զամբյուղի բաղկացուցիչներ: Սպառողական զամբյուղում ընդգրկված են 19 անուն ապրանքատեսակներ: 2021 թվականի տարեկան միջին գներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 64 078,4 դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի նույնանուն ցուցանիշը (59 723 դրամ) 7,3 տոկոսով»:

 Թանկանում են ինչպես տեղական այնպես էլ ներմուծվող ապրանքները: Տնտեսագետ Ռուզաննա Մանգասարյանի խոսքով ներմուծվող ապրանքների թանկացումները կապված են տարածաշրջանային զարգացումներով, որովհետև մենք ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր ենք : 

«ՀՀ-ի և ԱՀ-ի պարենային և ոչ պարենային  ապրանքները ներմուծվում և արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ-ի Կենտրոնական բանկը ամեն տարի վերլուծություններ է կատարում և ներկայացնում մակրոտնտեսական ընդհանուր իրավիճակը: Այդ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր եկամուտների մեծ մասը ձևավորվում է տրանսֆերների հաշվին, որը ստանում են ՌԴ-ից և ԱՄՆ-ից»:

 Ահա թե ինչու Ռուսաստանի ներսում տնտեսական խնդիրներն այսպես թե այնպես, ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա: Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները նաև թանկացումների պատճառ են դառնում՝ ասում է զրուցակիցս:

«Արևմուտքը կիրառում է պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչը անդրադարձել է երկրի տնտեսության վրա հատկապես ռուբլու արժեզրկմամբ, որի հետևանքով մենք կունենանք նաև գնաճային զարգացումներ: Գնաճները  կազդեն մեր բնակչության և՛  եկամտային մակարդակի, և՛ սպառման ընդհանուր մակարդակի և՛ մակրոտնտեսական ընդհանուր իրավիճակի վրա»:

  Արցախի Հանրապետության տնտնեսական մրցակցությունը և հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը նույնպես  արձանագրել է գնաճը: Հանձնաժողովի ներակայացուցիչ Հրաչիկ Ավթանդիլյանը գնաճի պատճառներն է նշում՝ թե տեղական և թե ներմուծվող ապրանքների համար:

«2021 թվականին, ինչպես նաև 2022 թվականի տարեսկզբից գնաճը պայմանավորված է ինչպես հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք հիմնականում ազդել են տեղական արտադրության ապրանքատեսակների վրա, դրանք են «Կաթնամթերք» և «Հացամթերք», այնպես էլ ներմուծվող ապրանքատեսակների վրա, որոնց գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում և ՀՀ-ում տեղի ունեցած ապրանքատեսակների և հումքի գնաճով: Դրանք են՝ «Ձեթ», «Ալյուր», «Բենզին», «Դիզվառելիք» և մի շարք այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսկներ»:

 Հունվարից հետո ամենամեծ գնաճը վերաբերվել է նաև տեղական կաթնամթերքին: Այն թանկացել է ուղիղ 50 դրամով: Ինչո՞վ է պայմանավորված գնաճն այս դեպքում: 

«Նախնական տվյալներով կարող ենք ասել, որ կաթնամթերքի շուկայում գնաճը պայմանավորված է մի քանի փոփոխություններով՝ 1. Մթերվող անարատ կաթի գների աճը, որը իր հերթին պայմանավորված է տվյալ ոլորտում հումքի գների աճով:  2. Հետպատերազմյան ժամանակաշրջանում անարատ կաթի ծավալների կտրուկ կրճատումը հանգեցրել է ներմուծվող կաթի փոշիի ծավալների ավելացմանը արտադրության մեջ, իսկ կաթի փոշիի միջազգային գները վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են, ինչպես նաև աճել են արտադրության մեջ օգտագործվող ներմուծվող կարագի գները: Սրանք են հիմնական պատճառները, որոնք ազդել են տեղական արտադրության կաթնամթերքի գնաճին»:

 Գնաճ է արձանագրվել նաև հացի շուկայում:

«Ինչ վերաբերում է «Հաց» ապրանքային շուկային, այն բավականին մրցակացային է, այստեղ ունենք միայն առևտրային ցանց ունեցող ընկերություն, որի գնաճը կազմել է 10 դրամ, ինչն էլ պայմանավորված է ալյուրի գների թանկացմամբ, որին հանգեցրել է Արցախում արտադրվող հացահատիկի կրճատումը և ներմուծվող, ինչպես նաև տեղական հացահատիկի գների աճին: Չնայած հացամթերքի և կաթնամթերքի գների աճին, այս ապրանքատեսակները տեղական արտադրողների կողմից շարունակվում են իրացվել անհամեմատ ավելի էժան, քան ՀՀ-ում արտադրված տվյալ ապրանքատեսակները»: 

Չնայած, թանկացումները մեծամասամբ պայմանավորված են օբեկտիվ պատճառներով, այնուամենայնիվ, դրանց հետևանքները սուբեկտները՝ սովորական մարդիկ  են կրում: Եվ թոշակ-աշխատավարձի փաստացի բարձրացումը կենսամակարդակի բարելավման չի հանգեցնում:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 03 Մարտի 2022 14:53
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ