Նոյեմբերի 22, 2024

Դահրավում կյանքը սկսել է աշխուժանալ

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 05, 2022

Պատերազմից հետո Արցախի շատ  համայնքներում տրամադրությունները փոխվել են, աշխուժությունը՝ պակասել։ Բայց Դահրավում այդպես չէ։ Գյուղի դպրոցի տնօրեն Եվգենյա Գրիգորյանը համեմատում է նախապատերազմյան և հետպատերազմյան գյուղը։

«Տեղահանվածների գալուց հետո գյուղը, կարծես թե, աշխուժացել է։ Մինչև պատերազմը այստեղ, այսպես ասած, մեռելային վիճակ էր։ Երիտասարդները քիչ էին, աշակերտների քանակը՝ նույնպես, գյուղացիների հիմնական մասը ձգտում էր տեղափոխվել մայրաքաղաք»։

Գյուղը պատերազմից հետո իր հարկի տակ է ընդունել տեղահանված 23 ընտանիք։ Նրանց համար վերանորոգել և վերանորոգում են բնակարաններ։ Տեղահանվածներն արդեն հասցրել են հարմարվել գյուղացիների հետ։ Գյուղի երտասարդ ընտանիքներից մեկն էլ, որ տեղահանվել է Շուշիից, հիմքից նոր բնակարան է կառուցում։ Ընտանիքի մայրը Գայանե Խաչատրյանն է։   Ասում է՝   իրենց կյանքն Արցախից դուրս չեն պատկերացնում։

«Մինչև պատերազմը այստեղ չէինք ապրում, պատերազմից հետո արդեն եկանք՝ ամուսնուս հայրական գյուղը։ Եկանք ու  որոշեցինք, որ պիտի այստեղ ապրենք, հետևաբար տուն կառուցինք։ Այստեղից ոչ մի տեղ չենք գնա։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ երեխաների համար լավ լինի, բայց դե չենք կարող ասել, թե հետագայում ինչ կարող է լինել»։

Խաչատրյանները տան կառուցման աշխատանքները գրեթե ավարտել են։ Դահրավի համայնքապետ Արշավիր Սարգսյանի խոսքով՝ գյուղի բնակարանային ֆոնդը թույլ է տալիս ավելի շատ տեղահանված ընտանիքներ ընդունել։

«Կան մարդիկ, որ տուն ունեն այստեղ, իրենց հոժար կամքով տալիս են տեղահանվածներին։ Եթե վերանորոգման աշխատանքեր տանենք,  կարող ենք 10-15 ընտանիք  էլ ընդունել»։ 

Արցախում իրականացվող շինաշխատանքերի ծավալի մասին պատկերացում կազմելու համար պետք է այցելել Ասկերանի շրջան: Շրջանում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնած «100 տուն Արցախում» ծրագիրը Դահրավում է իրականացվում: Ծրագրի շրջանակում առաջին տները շահագործման պետք է հանձնվեին մինչև նոր տարի՝ ասում է Դահրավի համայնքապետը:

««100 տուն Արցախում» ծրագրի տեմպը մի քիչ ընկել է, այն թափով չեն ընթանում աշխատանքները, ինչպես պլանավորված էր: Մինչև նոր տարին պետք է մոտ 5 տուն շահագործման հանձնվեր, բայց դեռ 1 տուն էլ չկա պատրաստ»:

Բնակչության աճին զուգընթաց ավելացել են նաև գյուղացիներին հուզող խնդիրները։ Դրանցից ամենահրատապը համայնքապետը ջրի խնդիրն է համարում։ Անցած տարվա ամռանը առաջացած ջրի պակասի խնդիրը  նաև այստեղ է զգացվել:

«Դահրավի հիմնախնդիրներից առաջնահերթը խմելու ջրի խնդիրն է։ Ճիշտ է, ջուրը կա, բայց քիչ է, չի հերիքում։ Մինչև պատերազմը մարդիկ քիչ են եղել, պատերազմից հետո 125 բնակիչ է ավելացել, դրա համար էլ չի հերիքում։ Ջրից բացի նաև ճանապարհների խնդիրն է հրատապ։ Մայրուղուց  գյուղ բերող ճանապարհը մինչև գարուն երևի կասֆալտապատվի»։

Դահրավցիները հիմնականում զբաղվում են գուղատնտեսությամբ, անասնապահությամբ ու  մեղվաբուծությամբ։  Համայնքապետն ասում է, որ գյուղացիների մեծ մասը ամենօրյա զբաղմունք և ապրուստի միջոց ունի։

«Մենք էլ չգիտենք, թե  ապագայում ինչ կլինի։ Այսօր ամեն մարդ զբաղվում է նրանով, ինչով կարող է։  Մի քանի հոգի դպրոցում են աշխատում, մյուսները գնում են քաղաք՝ Ստեփանակերտում են աշխատում։ Մեծամասնությունը   զբաղված է, մի փոքր մասն էլ   պետության  աջակցությամբ է  ապրում»։

Գյուղի հիմնախնդիրներն ու անելիքները շատ են, որոնք հաղթահարելու ուժ է տալիս համայնքի  զարգացման  հեռանկարը։ Ամենուր հնչող շինարարական  աղմուկն ու երեխաների աշխուժությունը նոր  շունչ են հաղորդում ժամանակին ծերացող  Դահրավին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ