Ռուսաստանի Դաշունության տարածքի մեծ մասը սնվում է իր սեփական ինտերնետով, ունի սեփական պրովայդերներն ու ինտերնետը՝ ասում է IT ոլորտի մասնագետ Արթուր Բալասանյանը։ Նա քիչ հավանական է համարում համացանցից Ռուսաստանի անջատումը։
«Չեմ կարծում, որ նման պատժամիջոց կկիրառվի։ Հաշվի առնելով, թե ինչքան պրովայդերներ են Ռուսաստան մտնում և այնտեղից դուրս գալիս, չեմ կարծում, որ այլ պրովայդերների շահերից բխում է անջատումներ իրականացնել»։
Անջատումների դեպքում էլ, ասում է Արթուր Բալասանյանը, Դաշնության ներսում ցանցային խնդիրներ չեն առաջանա։
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի 90%-ից ավելին օգտագործում է սեփական բրաուզերներն ու սերվերները։ Օրինակ՝ «Յանդեքս» համակարգն ունի իր սեփական բրաուզերը, փնտրող համաարգը։ Եվ այս ամեն ինչը տեղադրված է ռուսական Հոսթինգներում։ Դրա համար Ռուսաստանում այս ոլորտի պատժամիջոցների վտանգը ոչ զգում են, ոչ էլ կզգան»։
Դեռ ավելին, հաշվի առնելով անվտանգային գործոնները, Ռուսաստանն ինքը կարող է երկրի ներսում օտարերկրյա ծրագրերի անջատումներ իրականացնել՝ կարծում է Արթուր Բալասանյանը։ Բայց, այնուամենայնիվ, մասնագետը հրաժարվում է հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անել։
«Սահմանափակումներ չեն կարող լինել, լինելու դեպքում էլ այն կարող է հակառակ էֆետ ունենալ։ Ռուսաստանն ինքը կարող է սահմանափակումներ մտցնել։ Բայց նաև կարող ենք ասել, որ խոսքը վիրտուալ բիզնեսի մասին է և այստեղ գնահատականներ տալն ու եզրակացություններ անելը սխալ կլիներ»։
Այդուհանդերձ, այս ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում որքանո՞վ կտուժի հայկական կապի ոլորտը։ IT ոլորտի մասնագետ Արթուր Բալասանյանը խնդիրը օրինակով է բացատրում․
«Մի խնդիր կա, եթե համացանցը արգելափակվի ռուսաստանյան ոչ թե տարածաշրջանային (գեոլակացիոն), այլ IP հասցեներով՝ պրովայդերներով, ապա այստեղ՝ Հայաստանում և Արցախում, մեծ խնդիրներ կունենանք։ Որովհետև, օրինակ, հայկական բազմաթիվ հեռուստաալիքներ գրանցված ու տեղադրված են ռուսական վիրտուալ տիրույթներում, մեծ հոսթինգներում։ Սահմանափակումները, բնականաբար, այս ալիքների վրա էլ են ազդելու»։
Վիրտուալ տիրույթում Ռուսաստանն ավելի մեծ ուժ է, քան կարող ենք պատկերացնել՝ ասում է Արթուր Բալասանյանը։ Ռուսաստանին է պատկանում աշխարհում ամենախոշոր հակավիրուսային գործակալությունը։ Եվրոպան և Արևմուտքը IT ոլորտի շատ հարցերում կախված են Ռուսաստանից։ Մասնագետի խոսքով՝ այս փոխադարձ կախվածությունը նվազեցնում է կանխատեսվող պատժամիջոցների հավանականությունը։