Այսօր Ստեփանակերտում 20 ընտանիք բնակարանամուտ են տոնում։ Թումանյան փողոցի` նախկին կաթի կոմբինատի տարածքի նորակառույց շենքից 20 բնակարան հատկացվել է պահեստազորի սպաների ընտանքիների։ Նրանք տարիներ շարունակ իրենց ավանդն են ունեցել Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։ Նաև սպասել՝ սեփական բնակարան ունենալուն։ Արինա Աֆունցը 23 տարի ծառայել է պաշտպանության բանակում։ Բնակարանային հերթում սպասել է 16 տարի։ Ասում է՝ նոր բնակարանում նորաստեղծ ընտանիք կապրի․ շուտով որդուն կամուսնացնեն․
«Վերջապես իրականություն դարձավ այս օրը, մաղթում եմ խաղաղություն, մեր սահմաններն ամուր լինեն, որ մարդիկ վայելեն այս ուրախությունը»։
Պահեստազորի սպա Արմեն Հարությունյանը 2005 թվականից է սպասում բնակապահովման իր հերթին։ Մինչ այս 4 հոգուց կազմված ընտանիքը վարձով էր ապրում։ Ասում է՝ արդեն կորցրել էին հույսը, թե բնակարան կստանան, բայց․
«Կառավարությունն ու Պաշտպանության նախարարությունը ջանք ու եռանդ չեն խնայել, լուծել են սոցիալական հարցերը, որ մեզ տուն լինի։ Ամենամեծ ուրախությունն է մարդու կյանքում, երբ սեփական տուն ունես։ Այսօր այս առիթն անպայման նշելու ենք»։
Պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորելով շահառուներին` նշեց, որ նրանք տարիներով սպասել են այս առիթին։ Կարևոր է նրանց վաստակը գնահատել նաև այս ձևով․
«Ձեր բնակարանային դժվարությունների էջը վերջնականապես կփակվի, որպեսզի համոզված լինեք, որ թիկունքում սոցիալական առումով ապահովված եք և վստահ լինեք, որ ձեր ընտանիքն ունի իր սեփական տանիքը, որպեսզի հայրենիքը պաշտպանելու ցանկացած կարիքի պարագայում կարողանաք շարունակել ձեր ծառայությունը: Մենք գիտակցում ենք, որ սա ամենափոքրն է, որ կարող ենք տրամադրել ձեզ տասնամյակների անմնացորդ ծառայության համար»:
Մինչ այս բնակարանամուտը, Մարտակերտի շրջանում ևս 30 սպայի ընտանիքներ ապահովվել են բնակարաններով: «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանն է ասում։ Մոտ 3 ամսից ևս 30 սպա բնակարանամուտ կտոնի: Բնակարանների ապահովումը իրականացվում է սահմանված կարգով ․
«Բնակարանների ապահովումը իրականացվում է՝ հիմք ընդունելով Պաշտպանության բանակի բնակարանային, կենցաղային հանձնաժողովի կողմից ներկայացված ցուցակները, որոնք նորից ուսումնասիրվում և ճշտվում են: Ունենք 300-ից ավելի պահեստազորի սպա, որոնք բնակարանային հեթում են։ Մինչև 2024 թվականի ավարտը բոլոր սպաները կապահովվեն բնակարաններով»։
Կարմեն Ասլանյանի խոսքով՝ Արցախի ամբողջ տարածքում պետական աջակցությամբ կառուցվող բոլոր նոր բնակարանների 10-20 տոկոսը հատկացվելու է պահեստազորի սպաներին: Բնակարանների վիճակահանության միջոցառմանը ներկա են եղել նաև Քաղաքաշինության նախարարը,պաշտոնայններ,Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։