Նոյեմբերի 22, 2024

Ակցիա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

By Սրբուհի Վանյան Մարտի 12, 2022
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել ակցիա։Այն   կազմակերպվել է հասարակական գործիչ, ակնաբույժ Տիգրան Պետրոսյանի կողմից։Նման ձևով հասարակական հատվածն իր մտահոգություններն է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Տիգրան Պետրոսյանը նախօրոք ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ այն քաղաքական ենթատեքստ չի պարունակում և ուղղված չէ որևէ մեկի դեմ։Արցախում լարված իրավիճակ է։ Թշնամին շարունակում է սադրանքները Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Պայթեցնելով գազի խողովակն ու գնդակոծման ենթարկելով Արցախի տարբեր համայնքներ, նա նպատակ է հետապնդում հայաթափել Արցախը։ Այս ամենն իրականացվում է հիմա, երբ ՌԴ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա՝ հավաքվածներին դեմեց ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը։ «Ես, որպես մտահոգ քաղաքացի, Արցախում ապրող մարդ, ով այստեղ նաև երեխաներ է մեծացնում, իմ պարտքն եմ համարում նման նախաձեռնությամբ հանդես գալ»,-ասել է նա։«Ադրբեջանին պետք է Արցախը՝ առանց հայերի։ Երեկ ԱԺ նիստ է հրավիրել, կոչով դիմել միջազգային հանրությանը։ Բայց հանրությունն էլ անելիք ունի։ Եվ մենք որպես Արցախի քաղաքացիներ պարտավոր ենք մեր լուման ներդնել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան»։ Ինչպես տեսնում ենք՝ թե իշխանությունները, թե ռուս խաղաղապահները չեն կարողանում սանձել թշնամուն, որն օր օրի ավելացնում է հոգեբանական ճնշումն Արցախի խաղաղ բնակիչների վրա՝ ասել է Տիգրան Պետրոսյանը։Թշնամու նպատակը մեկն է ՝ Արցախն առանց հայերի։Նման իրավիճակում հանրությունը ևս անելիք ունի։ Պետք չէ լուռ ու մունջ նստել, այլ պետք է մեր ձայնը հասցնել միջազգային հանրությանը, դիմել ՄԱԿ-ին։Ակցիայի կազմակերպիչների կողմից պատրաստվել է դիմում կոչ, ուղղված միջազգային հանրությանը, Ռուսաստանի Դաշնությանը, որը Տիգրան Պետրոսյանը հնչեցրեց հրապարակում․«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք ականտես ենք եղել Ադրբեջանի կողմից այդ հայտարարության կետերի խախտումների։ Հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց թշնամին զավթել է Խծաբերդ  ու Մեծ Թաղեր գյուղերը,  որոնք հայկական վերահսկողության տակ էին՝ փաստաթղթի ստորագրման պահին։ Անպատժելիությունը նոր խախտումների հիմք է տվել»։Այս ընթացքում Արցախի բնակիչները պարբերաբար ականատես են լինում հրադադարի ռեժիմի խախտմանը, խաղաղ բնակիչների սպանությունների դեպքերի, սադրանքների, բնակավայրերի հրետակոծման։ Ամեն օր Ադրբեջանն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում։ Եվ այդ քայլերը վկայում են, որ Ալիևի նպատակը Արցախի հայաթափումն է։ Նրան նույնիսկ այդ հեռահար նպատակից չի շեղում այստեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը։
 
«Այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը վտանգված է։  Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկական զտումներ։ Մենք դիմում ենք ՌԴ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, միջազգային հանրությանը  Ադրբեջանի ագրեսիան զսպելու միջոցներ ձեռնարկելու համար։ Դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ որպես  ԵԱՀԿ համանախագահ երկիր,  ջանքեր գործադրել    ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների վերսկսման համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան և քամահրանքը  խաղաղապահ զորակազմի հանդեպ, ավելացնել զորակազմի քանակը, ԼՂ տարածքում  բնակչության անվտանգությունն ապահովելու համար»։
 
«Հաշվի առնելով բարդ իրավիճակը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, Արցախի բնակչությունը դեմ չէ, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի դիմել ԵԱՀԿ համանախագահ երկրներին՝ միջազգային խաղաղապահ զորակազմի հաշվին Արցախում խաղաղապահների քանակի ավելացման առաջարկությամբ»,-ասված է դիմում-կոչի մեջ։Արցախի բնակչությունը միջազգային հանրությունից անվտանգության երաշխիքներ է խնդրում և պահանջում։
 
«Լեռնային Ղարաբաղը դեռևս 1991թ․ կիրառել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ ԼՂ ժողովուրդը կոչ է անում ՌԴ-ին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ջանքեր գործադրել ԼՂՀ անկախության ճանաչման և անվտանգության ապահովման համար»։
 Առանձին նամակով դիմումը խաղաղապահ զորակազմի խողովակներով ուղարկվելու է ՌԴ ղեկավարությանը։Այսօր ավելի քան երբևէ բոլորս պիտի միասնական լինենք, մի կողմ դնենք քաղաքական և մյուս բոլոր տարաձայնությունները, քայլեր ձեռնարկենք՝ իրավիճակն Արցախում կայունացնելու և մեր երկիրը ճգնաժամից հանելու համար։Այսօր աշխարհի տարբեր ծայրերում կատարվող պատերազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրությունը կարծիքներ է հնչեցնում՝ մոռանալով, որ դրանք տեղի են ունենում մինչ այդ գրանցված նախադեպերին արժանի գնահատական չտալու պատճառով։ Ակցիայի մասնակիցները հուզված են, ելույթները՝ էմոցիոնալ․ «44 օր Արցախը մարտնչել է, աղաղակելով սեփական հողում իր դեմ իրականացվող հանցագործությունների մասին, բայց աշխարհը լուռ էր, ասում են նրանք։ Այսօր էլ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց լկտի պահվածքը։ Արցախում հումանիտար աղետ է սպասվում՝ գազամատակարարման խափանումը չվերականգնելու դեպքում, խաղաղ բնակիչների կյանքը վտանգված է։ Միջազգային արձագանքը դարձյալ ուշանում է։ Իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ իշխանություններն աշխատում են, բայց հանրային հատվածն էլ   անելիքներ ունի՝ համոզված են ակցիայի մասնակիցները։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 12 Մարտի 2022 14:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ