Այն, որ թշնամին հաճախակի է դիմում սադրանքների սահմանի ողջ երկայնքով, նորություն չէ: Ասկերանի շրջանում վերջին օրերին փոքր տրամաչափի զինատեսակներից բացի կրակել են նաև գնդացիրներից: Միշտ են կրակում Նախիջևանիկի ուղղությամբ, սակայն երկրորդ անգամն է, որ ականանետ են կիրառում.
«Թշնամին երկու 60 մմ արկ է գցել` մեկն ընկել է բնակելի տնից մոտ 300-400 մ հեռավորության վրա, մյուսը՝ անասնաֆերմաների մոտակայքում»։
Եթե հունվարի 10-ին թշնամին կրակել է դաշտում աշխատող տրակտորի վրա, ապա այս անգամ ուղղությունը կոնկրետ դեպի գյուղն էր: Դա և՛ զարմանք, և՛ անհանգստություն է առաջացրել գյուղացիների շրջանում՝ ասում է համայնքապետը:
«Այս պահին գյուղատնտեսական աշխատանքներ չի կատարվում: Օրինակ՝ սկսված է էտի սեզոնը, մարդիկ ցանկություն ունեն նոր այգիներ հիմնելու, սակայն անվտանգությունից ելնելով չեն սկսում: Վարելահողերի 30 տոկոսն անցել է թշնամու վերահսկողության տակ, 30 տոկոսից ավելին՝ սահմանամերձ է, իսկ այն ինչ մեզ է մնացել ու անվտանգ է, բերրի հող չէ»:
Նախիջևանիկի բնակիչ 71 ամյա Արփիկ տատիկին հանդիպեցինք դեպի գյուղապետարան տանող ճանապարհին, կենսաթոշակը ստանալու էր գնում: Մեր հայրենի գյուղը երբեք չենք լքելու, արմատները խորն են գցված՝ ասում է.
«Գյուղի մի ծայրից մյուսը հարս եմ եկել: Ասում են՝ լավ ապրանքը գյուղում կմնա: Հինգ երեխա ունեմ, 19 թոռ ու 2 ծոռ: Տղաս ինձ հետ է ապրում: Բոլորը գյուղի հետ կապը պահում են: Ամբողջ օրն աշխատում ենք։ Կենսաթոշակը չի բավարարում։ Կանաչի, ձու եմ ծախում, կարիքներս հոգալու համար»:
Տեղացիները քարից հաց քամող տեսակն են, իրենք իրենց մասին ասում են գյուղացիները: Արփիկ տատիկի նման աշխատասեր մարդիկ Նախիջևանիկը քիչ չունի: Աշխատատեղերը հիմնականում համայնքապետարանը, դպրոնցն ու բուժկետն է: Գյուղի խնդիրների, գյուղացիների զբաղվածության մասին է պատմում Սևակ Պետրոսյանը ․
«Անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ են զբաղվում: Մինչ պատերազմը աշխատատեղի, աշխատանքի խնդիր չկար։ Ոռոգման ջրի խնդիր կա, այս պահին աշխատանքներ են տարվում նոր ջրագիծ անցկացնելու համար, հույս ունենք՝ մինչև 2022-ի ավարտը ջուր կունենանք»:
Գյուղը մանակպարտեզ չունի, չնայած նախադպրոցական տարիքի երեխաները շատ են՝ ասում է համայնքապետը: Վերջերս գյուղում խաղահրապարակ է կառուցվել։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա, գյուղը նրանցով է ապրում։ Պատերազմից հետո էլ այստեղ նոր ընտանիքներ ու բալիկներ են ծնվում: