Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո վարելահողերի, պտղատու այգիների և գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերի մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ոլորտի համար սա մարտահրավեր է։ Գյուղատնտեսներին հողագործությամբ զբաղվելու այլընտրանքային տարբերակներ են առաջարկում մի շարք բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ։ Դրանցից է ATP բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Green Training Center-ի աջակցության ծրագիրը, որի շրջանակում կկառուցվի շուրջ 50 ջերմատուն։ Մարտունիում՝ 25, Ասկերանում՝ 24, ևս մեկը Ստեփանակերտում՝ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի հարակից տարածքում։ Շահառուները պատերազմից առավել տուժած ընտանիքներն են՝ ասում է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։ Որոշ համայնքներումում՝ Հերհերում, Թաղավարդում և Կարմիր շուկայում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
«Մենք կատարել ենք ուսումնասիրություններ, ընտրել ենք շահառուներ, որոնք ունեն համապատասխան տնամերձ տարածք և ընդգրկված են զոհվածների, անհայտ կորածների, տեղահանված կամ սոցիալապես անապահով ընտանքիների խմբում»։
Այն քաղաքացիներին, որոնք արդեն ջերմատուն ունեն և ընգրկված են համապատասխան սոցիալական խմբում՝ կտրամադրվեն սերմեր, բարձրարժեք ծառատեսակներ ու թփեր: Տիպային ջերմոցները կկառուցվեն տնամերձերում՝ 30 քառ.մ տարածքով։
«200 քառ.մ տարածքի վրա այգի հիմնելու համար այն նախապես կքարտեզագրեն, հաշվի կառնվեն ծառատեսակի մշակման համար անհրաժեշտ ագրոպայմանները: Տրամադրվելու է նաև անհրաժեշտ խորհրդատվություն բարձրարժեք մշակաբույսերի մշակության և խնամքի աշխատանքների պատշաճ իրականացման վերաբերյալ»։
Ընդունված հայտեր արդեն կան՝ ասում է Մասիս Զարգարյանը։ Շահառուների ցանկությունները համապատասխանում են շուկայի պահանջարկին։ Հաշվի են առնված բոլոր մանրուքները՝ բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար։ Աճեցվելու են մշակաբույսեր և ծառատեսակներ, որոնց բերքը բարձրարժեք է, պահանջարկը՝ մեծ։ Նախատեսվում է նաև արտադրանքի արտահանում։
«Ներկայացվել են հայտեր՝ լոլիկի չերրի տեսակի, կանաչիների այն տեսակների, որոնք բաց դաշտում դժվար են աճում, նաև ժենգալով հացի 11 բույսերի աճեցման համար։ Նախատեսվում է աճեցնել նաև հապալաս ու ազնվամորու տարբեր տեսակներ։ Նախատեսում ենք նաև արտահանել Հայաստան, բայց միայն տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց հետո»։
Ծրագիրը շարունակական կլինի, հնարավորության դեպքում կընդգրկվեն նոր շահառուներ: Յուրաքանչյուր շրջանում կլինի գյուղատնտես-մասնագետ, ով մասնագիտական խորհրդատվությամբ կաջակցի ծրագրի շահառուներին: Սկսնակ գյուղատնտեսները երեք փուլով վերապատրաստում կանցնեն: Մասիս Զարգարյանի խոսքով՝ սա կարևոր աջակցություն է հողագործությամբ զբաղվող մեր հայրենակիցներին: Ծրագիրը հեռանկարային է, կունենանք թիմ, որն անպայման կվերահսկվի: Սա բարձրարժեք և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացման իրական հնարավորություն է: