Նոյեմբերի 25, 2024

Այսօր «Արևի» երեխաների օրն է

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 21, 2022

Հաշմանդամություն ունեցող երեխաների, և մասնավորապես, Դաունի համախտանիշով երեխաների համար Արցախում շատ հաստատություններ չկան: Ամենաշատը, ինչ կարող են անել արևի երեխաները, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մանկապարտեզ հաճախելն է: Սա ներառական մանկապարտեզ է, ներառական կրթության լավագույն օրինակ: Կենտրոնի նեղ միջանցքները զարդարված են արևի երեխաների աշխատանքներով: Նրանք սիրում են նկարել վառ գույներով: Նկարել արև ու լուսին, մայրիկին` լիքը ծաղիկներ գրկած և այլն: Ինչո՞վ են տարբերվում նրանց նկարները սովորական երեխաների նկաներից: Թերևս նրանով, որ ավելի լուսավոր են, նրանց ներսի արևը ճառագում է նկարներից: Մեզ հետ զրույցում մանկապարտեզի դաստիարակ Զոյա Բարսեղյանը ցույց է տալիս Դաունի սինդրոմ ունեցող երեխաների նկարները և պատմում նրանց աշխատանքի առանձնահատկությունների մասին։ 

«Մեր մանկապարտեզը ինտեգրված է, այսինքն այստեղ հաճախում են և՛ առողջ, և՛ խնդիրներով բալիկներ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակն է սովորեցնել առողջ բալիկներն, որ կյանքում նրանք հանդիպելու են նման մարդկանց և պետք է կարողանան օգնել հիվանդություններ ունեցողներին ուսման մեջ, աշխատանքում»: 

Այս բալիկների առաջին առանձնահատկությունը Զոյա Բարսեղյանը համարում է նրանց աշխուշուժությունն ու մարդամոտությունը։ Ասում է` նման երեխաների մոտ ագրեսիա չի նկատել: Այստեղ նրանք նաև բուժում են ստանում։  Այսօր, մեր այցելության ժամին, բուժման սենյակում միայն մաքրման աշխատանքներ էին կատարվում: Բուժվող 2 երեխաները ձյան պատճառով չէին եկել։ Բժիշկ-թերապևտ Հասմիկ Մարգարյանը սիրում է իր աշխատանքը, մեծ ոգևորությամբ է աշխատում երեխաների հետ։ Ասում է՝ նրանք ունեն վառ արտահայտված տարբերություններ։ 

«Դաունի հիվանդությունն ախտորոշվում է միանգամից։ Այս հիվանդությամբ երեխաները կարճահասակ են, նրանց ուսերը կախված են, մարմնի կառուցվածքը` անփույթ, գլուխը դեպի առաջ թեքված, նրանց դեմքը տափակ է լինում, ճակատն ու աչքերը նեղ են, հաճախ է նկատվում շլություն։ Այս հիվանդությամբ երեխաները մի շարք առանձնահատկություններ ունեն, որոնց պառտճառով նրանց զարգացումը դանդաղ է ընթանում, բայց այդքանով հանդերձ նրանց մեծամասնությունը կարողանում է անել այն, ինչ կարողանում են անել մյուս երեխաները»։

 Կենտրոնի բժիշկները Դաունի համախտանիշ ունեցողների հետ տանում են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական աշխատանքներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով բժիշկների առաքելությունը այդ երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացվածությանը հասնելն է։ Երեխաների հետ աշխատելու համար հատուկ սարքավորումներ պետք չեն, մարդկային ջերմությունն ու հոգատար վերաբերմունքն էլ բավական է: 

«Տարիքային զարգացմանը համատեղ մենք երեխաներին սովորեցնում ենք, օրինակ, չորեքթաթ տալ, քայլել։ Մենք ունենք հատուկ մեթոդներ, որոնց միջոցով սովորեցնում ենք նրանց այս կամ այն շարժումը։ Ունենք երեխաներ, որոնց մոտ, մեր ջանքերի շնորհիվ, մեծ առաջընթաց է նկատվում»։

 Հոգեբան Մարիլույս Ավանեսյանը երեխաների հետ հաջող աշխատելու գաղտնիքը համարում է աշխատանքի հանդեպ սերը։ 

«Դաունի համախտանիշ ունեցող երեխաները տարբերվում են։ Ունենք երեխաներ, որոնք նորմալ խոսք ունեն։ Աշխատում ենք նրանց հետ, որպեսզի օրինակ գույները տարբերեն, կամ մեծն ու փոքրը։ Այն, ինչ չի ստացվում այդ երեխաների մոտ մենք աշխատում ենք ստեղծել, իսկ այն ինչ որ ունեն, աշխատում ենք ամրապնդել»։

 Թե որքանով է մեր հասարակությունը ընդունում իրենից տարբերվող մարդկանց ու երեխաներին, դժվար է ասել: Բայց հաճախ նրանց շատ բան պետք չէ շրջապատող մարդկանցից․ միայն սեր և հոգատարություն, որը, որպես կանոն, նրանք վերադարձնում են բազմապատիկով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ