Այսօր արցախցի մի խումբ կանայք իրենց երեխաների հետ հավաքվել են «Արևիկ» մանկական հիվանդանոցի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանիւ կողմից շարունակվող մարդասիրական ահաբեկչության դեմ: Արդեն շուրջ երեք շաբաթ Արցախը զրկված է գազամատակարարումից, տաք ջրից ու ջեռուցումից: Եղանակային այս աննախադեպ պայմաններում սա հումանիտար աղետ է ստեղծել:
«Մենք երեք լեզվով ելույթ ենք ունեցել և ուզում ենք՝ աշխարհը իմանա, որ Արցախում ապրում ենք մենք՝ հայերս, սա մեր տունն է: Մենք այստեղից բացի ուրիշ գնալու տեղ ու ցանկություն չունենք: Ուզում ենք՝ աշխարհը իմանա, որ միայն Ուկրաինայում չեն մարդիկ ու երեխաները պատերազմից տուժում»: «Ադրբեջանի հայատյաց իշխանությունն ամեն կերպ փորձում է հայաթափել Արցախը: Սա սոսկ հումանիտար աղետ չէ, այլ նոր ցեղասպանության ծրագիր: Եթե այսօր մենք լռենք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու: Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք և մեր իրավունքները գերակա են»:
Ցույցի վայրը պատահական չի ընտրվել. Արցախում ստեղծված իրավիճակից առավել տուժում են երեխաները՝ ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա ընդգծում է՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն այսօր ամբողջությամբ թաղված է քաղաքական շահերի տակ և միջազգային կազմակերպությունները հիշում են մարդու իրավունքների մասին միայն այն ժամանակ, երբ նրանց քաղաքական շահը դրված է տվյալ տարածաշրջանի սեղանին: Բայց հակառակ դրան մեր քաղաքացիներն ու սփյուռքը պետք է փոստատարի պես «թակեն» միջազգային կազմակերպությունների «դռներն» ու իրենց իրավունքների պաշտպանություն պահանջեն:
«Արցախում ապրում են 30 000 երեխաներ, որոնք զրկված են առողջապահական իրավունքից, կրթության իրավունքից, տաք ջրից ու ջեռուցումից: Ստեղծված իրավիճակը անընդունելի է: Միջազգային կազմակերպությունները պարտավոր են պատասխանել՝ ինչու՞ են այսքան անտարբեր»:
Միջազգային կազմակերպություններին ուղղված ուղերձները համապատասխան արձագանք չեն ստանում նաև այն պատճառով, որ իրավիճակը լավ չէ ներկայացվում: Այս կարծիքին է ցույցի մասնակից Յանա Ավանեսյանը:
«Ես կարծում եմ, որ վատ լսող չի լինում, վատ խոսող է լինում: Սա լավ իմանալով մենք պետք է շատ ու «բարձր» խոսենք մեզ անհանգստացնող խնդիրների մասին և եթե այս դեպքում արձագանք չլինի, կարող ենք ասել՝ մեզ լսող չկա: Մենք մեր իրավիճակը պետք է ճիշտ ներկայացնենք միջազգային կազմակերպություններին և ցույց տանք ՝ պայքարելու ուժ ունենք»:
Արցախում ստեղծված իրավիճակին արձագանքել են Հայաստանի փոքրիկները «Տաքացրեք արցախցի երեխաներին», «Ճանաչեք Արցախը», «Անվտագության ճանաչում» գրությամբ ցուցապաստառներով նրանք հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ նույն պահանջով: Արցախում ապրում են արտակարգ իրավիճակում: Ադրբեջանը հոգեբանորեն ճնշում է բնակիչներին ամենօրյա կրակոցներով և հումանիտար աղետներով: Քաղաքացիների ցույցերը դեր են կխաղան, թե ոչ՝ ցույցի մասնկակիցները չգիտեն: Բայց ձեռքները ծալած նստել էլ չեն ուզում: