Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տրամադրությունները նույն էին, ինչ 1988-ի հայտնի հավաքների։ Շարժման ակտիվիստ Աննա Այվազյանն այսօր նորից եկել է հրապարակ նույն պահանջով և թունելի վերջում լույս տեսնելու ակնկալիքով, համոզված է ՝ միջազգային հանրությունը մի օր կլսի արցախցու ձայնը․
«Գալու նպատակս այն է, որ իմ ձայնը հասցնեմ քնած աշխարհին։ Զարմանալի է, որ աշխարհում օրինաչափություն է դարձել փոքր ազգերին արհամարհելը։ Բայց մենք կանք, պարզապես երևի քարտեզի վրա փոքր ենք, չեն նկատում, թող խոշորացույցով նայեն»։
Նույն կոչով և ակնկալիքով հրապարակում էր նաև Բաքվից բռնատեղահանված Ռիտա Խաչատրյանը։ Չի ուզում աշխարհի անտարբերության պատճառով կորուստներին ավելանա ևս մեկը՝ հայրենիքը։ Մարդ,որ տարիներ շարունակ ապրել է ադրբեջանցիների հետ, նրանց հարևանությամբ, այսօր պահանջում է, որ Արցախի սահմանների մոտ չլինի ոչ մի ադրբեջանցի․ կյանքի դասերը դառն էին ․
«Երեխաներս, թոռներս այստեղ են ապրում։ Ես ուզում եմ, որ նրանք միշտ այստեղ ապրեն,առանց ադրբեջանցիների։ Ես ապրել եմ նրանց հետ, դա անտանելի ու անհնարին բան է»։
Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները, ճնշման մեխանիզմների կիրառումը միտված են հայաթափելու Արցախը։ Ցավալի է, որ տարիներ անց արցախցին կրկին հրապարակ է դուրս գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության ճանաչման պահանջով։ Խաղաղ հավաքի նախաձեռնողներից Ալյոնա Սարգսյանն ասում է ՝ հիմնական նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ մենք կանք և ուզում ենք ապրել մեր սեփական հողում․
«Մենք կանգնած ենք ցեղասպանության եզրին, եթե այսօր լռենք, ապա վաղը կորցնելու ենք Արցախը։ Հազարավոր զինվորներ են զոհվել այս հողի համար, մենք նրանց հայրենիք ենք պարտք»։
Խաղաղ հավաքի կազմակերպիչների խոսքով՝ այս օրերին հասարակության մեջ երկպառակություն է նկատվում։ Այսօրինակ նախաձեռնություններով նպատակ ունեն համախմբելու մեր հասարակությանը։ Միայն միասնաբար լինելով կարող ենք պահանջել աշխարհից հարգել մեր իրավունքները՝ ասում է Քրիստին Բալայանը․
«Ուզում ենք ապացուցել ամբողջ աշխարհին, որ մենք միասնական ենք ու հայի տեսակը երբեք չի փոխվում։ Ուզում ենք խաղաղ ապրել մեր պապերի հողում, սեփական հողում»։
Քրիստին Բալայանը լիահույս է, որ հետագայում ակցիայի մասնակիցներն ավելի շատ կլինեն։ Այն ապաքաղաքական է և կշարունակվի մինչև անվտանգային լիրաժեք երաշխիքների ձեռքբերում։