Խրամորթից տարհանված ընտանիքները ժամանակավորապես հյուրընկալվել ենք Ասկերանի շրջանի համայնքներում։ Ղահրամանյանների ընտանիքն այժմ ապրում է Իվանյանում։ Մարտի 24-ին գյուղից դուրս են եկել հապճեպ, ավտոբուսով։ Օրվա մասին խոսելիս 74-ամյա Լիդա տատիկը միայն այսքանն է պատմում․ կոկորդը սեղմվում է, աչքերը՝ թացանում։ Զրույցն առաջ է գնում ծանր դադարներով։ Լիդա տատին սպասում է նույն ավտոբուսին՝ «Խրամորթ վերադառնալու տոմսը» ձեռքին։ Մտածում է՝ տուն գնալուց հետո ինչպես է փրկելու այգին անուշադրության հասցրած վնասներից։
«Այսօր, վաղը ամեն ինչ տեղն է ընկնելու, տուն ենք գնալու, մեր այգիներն են անմշակ մնացել»։
Լիդա տատիկն ու ընտանիքի մյուս անդամներն իրենց հուզմունքը չեն կարողանում զսպել ու պատմել գյուղից։ Փոխարենը Խրամորթի իրենց հարևան Արմինե Սահակյանն է խոսում։ Ասում է՝ իրենց գյուղում արևը շուտ է այցի գալիս, վար ու ցանքսն առաջինը իրենք են սկսում։ Գյուղատնտեսական աշխատանքների մի մասն ավարտել, մի մասն էլ կիսատ են թողել, գյուղից դուրս եկել։
«Պատերազմից հետո նոր-նոր մեր առօրյա կյանքին էինք անցել։ Խաղողի մատերը, ծառերը էտել էինք, կարտոֆիլը հողում դրել։ Դե հիմա հետևող չկա»։
Խրամորթի որ պատուհանից էլ նայես՝ Քարագլուխը երևում է։ Պատերազմից հետո հարմարվել էին ադրբեջանական դիրքերի՝ իրենցից ներքև լինելուն՝ ասում է զրուցակիցս։ Այդպես հնարավոր էր ապրել, իհարկե, հոգեբանական բոլոր ճնշումներն անտեսելով։ Հիմա, եթե Քարագլուխը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, Խրամորթում ապրելն անհնար է լինելու։
«Հնարավոր չէ ապրել երբ թիկունքում, վերևում ու կողքերիդ թշնամին է։ Քարագլխից գյուղը պարզ երևում է, կարող ա երեխաները դուրս գան բակ խաղալու, վերևից քարով խփեն ու վնասեն»։
Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը «Արցախ» լրատվականին ասաց, որ գյուղում կրակոցներ չեն եղել, իրավիճակը կայուն է։ Հանրապետության նախագահը Խրամորթ կատարած վերջին այցի ժամանակ նշել է, որ 2 օրից գյուղացիները գյուղ կվերադառնան, բայց այսօր արդեն 4-րդ օրն է՝ ոչ մեկ գյուղ չի գնացել։ Տուն վերադառնալու հույսը մեծ է, բայց օր օրի չթուլացող լարվածությունը հակառակն են պնդում։
«Ես չեմ կարողանում և չեմ ուզում ուրիշ տեղ ապրել։ Ես իմ տունն եմ ուզում։ Մյուսներն իրենց այգում, իրենց տան աշխատանքներն են կատարում, ես էլ եկել եմ այստեղ նստել, որ ի՞նչ»։
Իվանյանում այսօր խրամորթցի 22 ընտանիք է ապրում։ Գյուղը փոքր է, ամեն քայլափոխի կարելի է համագյուղացու հանդիպել, ինչն էլ մեղմում է իրենց կարոտը։ Խրամորթցի դպրոցականներին հանձնարարվել է հաճախել այն դպրոցները, որտեղ այժմ նրանք բնակվում են։ Արմինե Սահակյանը պատմության ուսուցիչ է։ Նրա կարծիքով՝ խրամորթցիները պետք է միասնական լինեն, կենտրոնանան մի տեղում, այնտեղ էլ դասի հաճախեն, որպեսզի և՛ միասին լինեն, և՛ զբաղմունք ունենան։
«Հիմա մեր հաևանությամբ շատ խրամորթցիներ կան, գրեթե բոլորն էլ բազմանդամ ընտանիքներ են։ Կան նաև ընտանիքներ, որ նախորդ պատերազմներից չեն վերադարձել գյուղ, այստեղ՝ Իվանյանում են ապրում»։
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը ժամանակավոր տեղահանված խրամորթցիների կարիքի գնահատում է անցկացրել։ Գերատեսչության մամուլի խոսնակ Անի Թովմասյանի խոսքով՝ անբավարար պայմաններում ապրող ընտանիքների տվյալները փոխանցվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցություն է ցուցաբերել սննդամթերքի ու հիգիենայի պարագաների տեսքով։
«8 բազմանդամ ընտանիքի նախարարության կողմից տրամադրվել է սննդամթերք և հիգիենայի պարագաներ, մյուսներին նման օգնություն է տվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»։
Խրամորթցիները մեկ բարկանում, մեկ իրար հուսադրելով սպասում են։ Միայն մի մտավախություն ունեն․ հանկարծ չհամալրեն նրանց շարքերը, որոնք հիմա սեփական տուն գնալու հնարավորությունից զրկված են։