Ինչպես Արցախի բոլոր ֆինանսական կազմակերպությունների պարագայում, «ֆիդես» հիփոթեքային ընկերությունը ևս առնչվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում ֆինանսական կազմակերպություններին բնորոշ դժվարությունների հետ։ Վերջինս պայմանավորված էր մի կողմից արդեն իսկ տրամադրված վարկերի վերադարձելիության դժվարությամբ, մյուս կողմից էլ՝ վարկավորման գործընթացի շարունակականության ապահովման հրամայականով։ Ընկերության գործադիր տնօրեն Նվեր Ազատյանը «Արցախ» լրատվականին ասաց, որ առաջինը՝ վարկերի վերադարձելիության հարցը որոշակիություն է ստացել ԱՀ Կառավարության կողմից ընդունված որոշման շնորհիվ։ Մասնավորապես, պետք է մարվեն մեր քաղաքացիների վարկերի՝ ժամանակացույցով նախատեսված առաջիկա երեք տարվա պարտավորությունները։
«Պատերազմից հետո մինչև 2021 թվականի երրորդ եռամսյակը մեր ընկերությունը կասեցրեց նոր վարկերի տրամադրման գործընթացը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մշակում էինք վարկավորման պայմանների և վարկավորման գործընթացի առավել ռացիոնալ և օպտիմալ պայմաններ»։
Պատերազմից հետո Արցախում գործող վարկատու կազմակերպությունները, առևտրային բանկերը դադարեցրել էին վարկերի տրամադրումը, բացառություն էին կազմում ոսկու գրավով ապահովված վարկերը։ Առկա ռազմաքաղաքական անորոշ միջավայրի թելադրանքն էր։ Պատերազմից մեկ տարի անց «Ֆիդեսը» վերականգնեց վարկավորման գործընթացը։ Ճիշտ է, դեռ սպառողական վարկերի տեսքով, մինչև 2 մլն դրամ գումարի չափով, բայց հետագայում վարկավորման այլ ծրագրեր էլ, այդ թվում և բիզնեսի համար, սկսեցին գործել։
«Հետպատերազմյան ժամանակաշրջանում տնտեսության զարգացման կարևոր և անհրաժեշտ խթանիչ գործոնը տնտեսությանն անհրաժեշտ դրամական միջոցների ներարկումն է, որը ի կատար է ածվում վարկերի միջոցով։ «Ֆիդեսն» առանձնանում է իր գործունեության սոցիալական ուղղվածությամբ, ընկերության հիմնական նպատակներից մեկը երկրի տնտեսության զարգացումը խթանելն է։ Ելնելով նշվածից, չնայած վարկային ռիսկի առկա բարձր մակարդակին, ընկերության կողմից որոշում կայացվեց վարկերի տրամադրման գործընթացը շարունակելու մասին»։
Պատերազմից հետո ԱՀ Կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, որոշմամբ սահմանված չափով և ժամկետներում պետք է մարվեն քաղաքացիների սպառողական և հիփոթեքային վարկերը։ Այս պահի դրությամբ փաստացի վարկի մարումների գործընթացը դեռ սկսված չէ, սակայն, տնօրենի խոսքով, ընկերությունը վարկառուներին տրամադրել էր վարկային արձակուրդ։ Դա նշանակում է, որ վարկի ժամանակացույցով նախատեսված վարկերի մարման ժամետները հետաձգվում են, ինչի արդյունքում վարկառուների վարկային պատմությունը չի վատթարանում, ինչպես նաև վարկերի չմարման հետ կապված որևէ տույժ չի հաշվարկվում։ Ի դեպ, պատերազմից հետո ընկերությունը 2 նոր մասնաճյուղ է բացել՝ Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։
«Նպատակ ունենալով աջակցել հանրապետության շրջաններում պատերազմի բացասական հետևանքների վերացմանը, մենք որոշում կայացրեցինք Մարտակերտ և Մարտունի քաղաքներում բացել Ֆիդես հիփոթեքային ընկերության համապատասխանաբար Մարտակերտ և Մարտունի մասնաճյուղերը։ Մասնաճյուղերի առկայությունը թույլ է տալիս մեր քաղաքացիներին առավել հեշտ, առանց մայրաքաղաք այցելելու, օգտվել վարկավորման ծառայություններից։ Մասնաճյուղերի կողմից մատուցվում են բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են ընկերության գլխամասային գրասենյակի կողմից։ Նշեմ նաև, որ վերջերս նկատելիորեն աճում են մեր մասնաճյուղերի կողմից մատուցվող վարկային ծառայությունների ծավալները»։
Դրան զուգահեռ նաև վարկերից օգտվող քաղաքացիների թվի աճ կա։ Այդ թվում և տեղահանված քաղաքացիների։ Չնայած նրանցից շատերը պատերազմի ժամանակ կորցրել ամենը, ինչ ստեղծել են վերջին 30 տարվա ընթացքում, չեն կորցրել Արցախում ապագա կերտելու հեռանկարի նկատմամբ հավատը։