Նոյեմբերի 21, 2024

Տեղահանվածների գյուղատնտեսական վարկերի ներման գործընթացը առաջիկայում կավարտվի

By Սրբուհի Վանյան Ապրիլի 18, 2022

«Պատերազմից հետո Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը շարունակում է բնականոն աշխատանքը․ ավելացել է թերևս պարտավորության չափը՝ լինել գյուղացու կողքին, կիսել այն բոլոր խնդիրները, որ ծագել են պատերազմից հետո»,- ասում է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Հարությունյանը։ 

«Պատերազմից հետո նոր գործառույթներ են դրվել հիմնադրամի աշխատակիցների վրա։ Պատերազմի հետևանքով բազմաթիվ տարհանվածներ և տեղահանվածներ ենք ունեցել, որոնք բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել։ Գյուղատնտեսական աջակցության մեխանիզմների միջոցով փորձում ենք վերականգնել այն տնտեսությունները, որոնցով տեղահանվածները զբաղվում էին իրենց հարազատ համայնքներում »։ 

Պատերազմից անմիջապես հետո՝ 2021 թվականին, հիմնադրամը  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սկսել է  իրականացնել  տեղահանվածների ֆինանսավորման բավականին խոշոր  ծրագիր: Հարյուրավոր տեղահանվածներ գյուղատնտեսական բիզնես նախագծեր իրականացնելու նոր հնարավորություններ են ստացել։ 

«240 դիմում բավարարվել է, մոտ 570 մլն դրամի չափով։ Դիմողների մեծ մասը ստացել են ֆինանսավորում, և ողջունելի է, որ բոլորն էլ ստացած գումարները նպատակային են օգտագործել»։

 2021 թվականի մարտին Կառավարությունը որոշում ընդունեց, այսպես ասած՝ վարկերի ներման մասին։ Այդ գործընթացում Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի անելիքները շատ են։ Ըստ որոշման՝ հիմնադրամի շահառուների զգալի մասը պետք է  ստանան «վարկերի ներում» ։ 

«Համագործակցելով Ներդրումային հիմնադրամի հետ՝ փորձում ենք ներումների ամբողջ գործընթացը իրականցնել խիստ, որոշմամբ սահմանված դրույթների շրջանակում։ Կարող ենք արդեն տեղեկացնել, որ առաջնահերթությունը տրվում է զոհվածների, վիրավորների, տեղահանվածների մասով։ Կարող ենք թվեր հրապարակել․12 մլրդ, 43 մլն251 հազ․ դրամի չափով ներում է կատարվել՝ 1394 շահառուի մասով»։ 

Տեղահանվածների շրջանում առաջնահերթությունը տրվում է զոհվածների, ապա վիրավորների ընտանիքներին։ Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար հիմնադրամն առաջարկ է ներկայացրել Կառավարություն․ հիմնադրամի փոխտնօրենը առաջարկի հիմնավորումներն է ներկայացնում։ 

«58-ը զոհվածի կարգավիճակ ունեն։Նրանց վարկերը 100 տոկոսով է ներվել։ Վերլուծությունը ցույց է տվել, որ 82 տոկոսը վարկերի 100 տոկոսով է մարվում, իսկ 18 տոկոսը՝ մասնակի։ Վերջերս առաջարկ ենք ներկայացրել Կառավարություն, հիմնականում տեղահանվածների մասով, որ 3 մլն դրամ ներման շեմը դարձնեն 10 մլն, որպեսզի մնացորդ 245 շահառուն՝ ընդհանուր ներված ծահառուների 18 տոկոսը, կարողանանք ներգրավել ներման ծրագրի մեջ։ Իսկ որոշումը թույլ է տալիս հիմնադրամում ձևավորենք հանձնաժողով, որն անհատապես աշխատելով կարող է որոշում կայացնել մնացածների մասով»։ 

Վնասները, ներման ենթակա վարկերի պորտֆելը,  դեռ ամբողջությամբ  հաշվարկված չէ․ շահառուների կողմից խաբեության դեպքերը բացառելու համար Սևակ Հարությունյանը կարևոր է համարում վերահսկողության, մեխանիզմների ներդրումը։

«Ահագին խնդիրներ կան։ Մանավանդ՝ տեխնիկայի, լիզինգի հետ կապված։ Ահագին տեխնիկա է մնացել թշնամու տիրապետության տակ գտնվող տարածքներում։ Հիմնադրամը փորձում է վերահսկողության մեխանիզմների շնորհիվ ի հայտ բերել նաև այն չարաշահողներին, որոնք կարող են խաբեություն անել՝ օգտվելով ստեղծված իրավիճակից։ Ակտիվ կհամագործակցենք իրավապահ մարմինների, հարկայինի հետ, որպեսզի նմանատիպ դեպքեր չարձանագրվեն։ Ցանկացած տեխնիկայի տեղաշարժ վերահսկվում է, և եթե այն գյուղաջակցության ծրագրերով է ձեռք բերված, կասեցվում է ելքը Արցախի հանրապետության տարածքից»։

 Հիմնադրամի փոխտնօրենի խոսքով, կարժ ժամանակում՝ առաջիկա մեկ-երկու ամիսներին, ծրագիրը տեղահանվածների մասով կամփոփվի։ Ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է սկսել ոչ տեղահանված շահառուների վարկերի ներման գործընթացը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ