Նոյեմբերի 21, 2024

Պարապուրդի վճարները հուլիսի 1-ից դադարեցվելու են

By Սրբուհի Վանյան Ապրիլի 23, 2022

Այն ընկերությունները, որոնց գործունեությունը պատերազմից հետո դադարեցված չէ, բայց փաստացի չեն աշխատում, գտնվում են հարկադիր պարապուրդում։ Պետական միջոցներից պարապուրդում գտնվող կազմակերպությունների աշխատակիցները, մասամբ, կառավարության կողմից մշակված կարգով, աշխատավարձ են ստանում։ Ինչպե՞ս, որքա՞ն ժամանակ:  Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լևոն Գաբրիելյանի  խոսքով՝ 

«Մինչ 2022 թվականի հուլիսի 1-ը իրենց պարապուրդի վճարը  կվճարվի․ այն կազմում է աշխատավարձի 50 տոկոսը։ Իսկ այն ընկերությունները, որոնք գործունեությունը վերսկսել են, բնականաբար, վարձատրվում  են նախկինի պես»։

Ստացվում է՝ ամռան կեսից տեղահանված քաղաքացիների համար պարապուրդի վճարներ չեն լինելու:  Իսկ այն կազմակերպությունները, որոնք փաստացի չեն աշխատելու, լուծարվելու են։ Թե ինչ սկզբունքով՝ Լևոն Գաբրիելյանը պարզաբանում է.

 «Բռնազավթված համայնքների համար մշակվում է նոր կարգ:  Համայնքներում պահպանվող հաստիքների ընտրությունը  կատարվելու է  ըստ բնակչության թվաքանակի, իսկ վարչակազմերինը՝ ըստ գործող աշխատանքային ծանրաբեռնվածության և ըստ մասնագիտության։  Այն հաստիքները, որոնց պահպանումն  առայժմ գտնվում է քննարկման փուլում կամ լրացուցիչ իրավական ակտերի անհրաժեշտություն ունի,   պահպանվելու են»։ 

Նման կազմակերպությունները, փոխնախարարի խոսքով, քիչ չեն: Բայց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրանց միայն  մի մասի գործունեությունն  է համակարգում․ մյուս կազմակերպություններն այլ լիազոր մարմինների վերահսկողության ներքո են։

«Նախարարության կողմից  ֆինանսավորվող ծրագրերի գործունեությունը մենք  վերահսկում ենք։ Օրինակ՝ Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների շինկազմակերպությունները պատերազմից հետո փաստացի պարապուրդում էին։ Հիմա Շուշիի և Շահումյանի կազմակերպությունները վերականգնվել են, իսկ Քաշաթաղի շրջանինը՝ գտնվում է լուծարային փուլում»։

Փաստացի բոլոր ընկերությունները շրջվարչակազմերի ներքո են գործունեություն ծավալում։ Ծրագրային տարբերությունները կայանում են նրանում, որ այդ կազմակերպությունների բյուջեն ձևավորվում է  վարչակազմի միջոցներից, բայց ծրագրային-իրավական հիմքերով նրանք  ենթարկվում են տարբեր գերատեսչությունների։

«Յուրաքանչյուր տարի  ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության մասով աշխատանքները կատարվում են «Շրջանների կարողությունների զարգացման ծախսեր» ծրագրի շրջանակներում, որով վարչակազմերին տալիս ենք ֆինանսավորում։ Դրանց մի մասը նպատակաուղղվում է վարչակազմերում գործող ՓԲԸ-ներին»։

Ինչ վերաբերում է համայնքային սեփականություն հանդիսացող հիմնարկներին, ապա  Լևոն Գաբրիելյանի խոսքով՝  բացառությամբ Ստեփանակերտի, համայնքները չեն տնօրինում ընկերություններ։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ