Նոյեմբերի 23, 2024

ԱԺ հանրագիր է ներկայացվել. ի՞նչ կորոշի խորհրդարանը

By Սրբուհի Վանյան Մայիսի 05, 2022

  Արցախի Հանրապետության Հադրութ համայնքի ղեկավար Վահան Սավադյանը Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին հանրագիր է ներկայացրել։ Առիթը կառավարության ապրիլի  21-ի  որոշումն էր, ըստ որի սույն թվականի հուլիսի 1-ից կդադարեցվեն ադրբեջանական վերահսկողությանն անցած բնակավայրերից տեղահանված բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին տրվող պարապուրդի գումարները։ Որոշման համաձայն Հադրութի շրջանից  մոտ  1000 աշխատողի պարապուրդի վճարումների գործընթացը պետք է կասեցվի։ Վահան Սավադյանն իր կողմից ներկայացրած հանրագրի հիմնավորումներն է ներկայացնում։ 

«957 աշխատակից կրճատվում են։ Մենք պատրաստել ենք դիմում ԱԺ նախագահին, ես էլ անձամբ հանդիպել եմ պարոն Թովմասյանին, քննարկել ենք այդ հարցը։ Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ ևս 1000 հոգի առանց աշխատավարձի թողնելը լրացուցիչ դժվարություններ է առաջացնելու։ Ճիշտ չեմ համարում պետական բյուջեի խնայողությունների տեղահանված բնակիչների հաշվին կատարումը»։ 

«Քաջատեղյակ ենք, թե որքան սուղ են բյուջետային միջոցները, իսկ սոցիալական բազում խնդիրները, հատկապես տեղահանվածների վերաբերյալ, շարունակում են մնալ օրակարգում։ Հեշտ բան չէ երկրի իշխանությունների համար նման պայմաններում գտնել արագ լուծում, բայց ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս կարևոր հարցի վրա»,-ասված է հանրագրում, որով  ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունը պարապուրդի վճարումների տրման ժամկետը մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը կամ մինչև վերջիններիս բնակարանային պայմանների ապահովումը երկարաձգելու հարցում։ Խնդրի վերաբերյալ ապրիլի 28-ին կայացած հերթական լիագումար նիստում խորհրդարանի ղեկավարն արտահայտել էր իր դիրքորոշումը: Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ ՊՈԱԿ-ները պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում: 

«Լուծարելը շատ հեշտ է։ Վերականգնելն է դժվար։ Իմ կարծիքը հետևյալն է։ Առաջին երեք տարիներին միասին մտածենք այն ծրագիրը, թե ինչպես մեր հայրենակիցներին և բնակարանով, և աշխատանքով ապահովենք։ Պետք չէ շոկային տարբերակով խնդիրը լուծել։ Երեք տարվա մեջ պետք է սոցիալական խնդիրները լուծել, և երկիրը զարգացման ռելսերի վրա դնել»։

 Վահան Սավադյանը չի ժխտում, որ առաջանում են տարբեր խնդիրներ, այդ թվում  հոգեբանական, կամ տնտեսության մեջ աշխատուժի սակավության հետ կապված։ Նա համամիտ է այն կարծիքին, որ նաև մարդիկ ծուլության են վարժվում, ու չեն ցանկանում աշխատել՝ բավարարվելով այն քչով, որ տալիս է պետությունը նպաստի կամ պարապուրդի վճարի ձևով։ Բայց գտնում է, որ նման որոշումը խնդրի լուծում չի կարող լինել։ Հադրութի քաղաքապետն իր առաջարկներն է ներկայացնում։ 

«Խնդիրները տարբեր են և պետք է քննարկման փուլ անցնեն։ Միայն Հադրութի շրջանում 600-ից ավել ուսուցիչ է առանց աշխատանքի մնացել։ Պետք է նման մասնագետներին առաջարկներ ներկայացնել։ Մոնիթորինգի արդյունքում պետք է պարզել աշխատող և առանց աշխատանքի մնացած տեղահանվածների, ապա թափուր աշխատատեղերի քանակը, և առաջարկներ ներկայացնել»։ 

Նա նաև առաջարկում է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, մասնակից դարձնել համապատասխան գերատեսչությունների պատասխանատուներին՝ քննարկելու և փորձելու գտնել այլընտրանքային լուծում։ Հաշվի առնելով այն փաստը, որ 45 և բարձր տարիք ունեցող անձանց համար գրեթե անհնար է աշխատանք գտնել, Սավադյանն առաջարկում է, ասենք, 45-63 տարիքային խմբի և մինչև 3 տարեկան երեխաներ ունեցող անձանց վարձատրությունը շարունակական դարձնել, մինչև բնակարանային պայմանների բարելավումը։ Ի՞նչ ընթացակարգ է անցնում ԱԺ ներկայացված հանրագիրը։ Եվ անցնելու է արդյոք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հարցն արդեն իսկ քննարկվել է ԱԺ լիագումար նիստում։ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Հայրիյանն ասում է, որ խորհրդարան ներկայացված  ցանկացած հանրագիր համապատասխան ընթացակարգ է անցնում ու հրապարակային պատասխան ստանում։ 

«Աժ աշխատակազմը հանրագիրը ներկայացնում է խորհրդարանի համապատասխան մշտական հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովային քննարկումները անցնելուց հետո կազմվում է նախագիծ, որը նույնպես քննարկվում է հանձնաժողովի նիստում և համապատասխան եզրակացությամբ որոշում է կայացվում։ Որից հետո հանրագրի պատասխանը հանրային հրապարակման է ներկայացվում ԱԺ պաշտոնական և ֆեյսբուքյան էջերով»։ 

Անահիտ Հայրիյանի կարծիքով՝ վերջին հանրագրում ներառված խնդրի շուրջ խորհրդարանի նախագահի կտրուկ դիրքորոշման  հրապակային արտահայտումը   դրական ազդեցություն կունենա  մշտական հանձնաժողովի նիստում հարցի քննարկմանը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ