Նոյեմբերի 23, 2024

ԱԺ-ում շարունակվում են բյուջե 2021 -ի լսումները

By Սրբուհի Վանյան Մայիսի 17, 2022

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն էր․ 2021 թվականի պետբյուջեի տարեկան կատարողական հաշվետվությունները խորհրդարան էին ներկայացրել 4 կառույց․ Արտաքին գործերի նախարարությունը, ԿԳՄՍ-ն՝  զբոսաշրջության ոլորտի բյուջեն  և պետական ֆինանսավորմամբ գործող երկու լրատվամիջոց՝ Արցախի հեռուստառադիոընկերությունը և Ազատ Արցախ թերթը։ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը իր ղեկավարած կառույցի ծախսերն է ներկայացրել․ 

«ԱԳՆ պահպանման ծախսերը կազմել են 868,3 մլն դրամ։ 2021 թվականին նախատեսված փաստացի ծախսերը ֆինանսավորվել են 718,4 մլն դրամով։ Սա նախահաշվով նախատեսվածի 82,7 տոկոսն է»։

 Դավիթ Բաբայանը հրապարակել է գերատեսչության ծախսերն ըստ առանձին հոդվածների, այդ թվում   գործուղումների, միջոցառումների կազմակերպման, արտասահմանյան ներկայացուցչությունների պահպանման համար հատկացումները։ Օտարերկրյա պետություններում գործող ներկայացուցչությունների պահպանման ծախսերը հաշվետու տարում կազմել են 542 միլիոն 700 հազ դրամ։ Այդ հոդվածով կատարողականը կազմել է 75 տոկոս։ Արտգործնախարարը խոսել է նաև այլ աղբյուրներից ֆինանսավորված ծրագրերի մասին։  

«Օգնություն ենք ստացել նաև բարերարների կողմից։ Դրա շնորհիվ ԱԳՆ շենքում երկու սենյակ ենք վերանորոգել, ինչի համար շնորհակալ ենք։ Բացի այդ, շուտով, բարեգործական միջոցներով լույս կտեսնի հանրագիտարանատիպ փոքր ձեռնարկ, որը կոչվում է «ԱՀ արտաքին քաղաքականությունը և արցախյան հիմնախնդիրը»։

 Պատգամավորները իրենց մտահոգությունները հայտնեցին Արցախ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ դիվանագիտական այցելությունների թվի խիստ նվազման վերաբերյալ։ Պատճառները հայտնի են․ խորհրդարանականները հետաքրքրվեցին քայլերով, որ ԱԳՆ-ն կատարում է՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Դավիթ Բաբայանն այն կարծիքին է, որ ֆիզիկական այցելությունները մասամբ փոխհատուցվում են օնլայն հարթակներում քննարկումներով, կոնֆերանսներով, բայց իհարկե, նաև միջոցներ են ձեռնարկվում՝ Արցախ այցելությունների թվի ու աշխարհագրության ընդլայնման, այդ թվում և դիվանագիտական շփումների վերականգնման համար։ Դավիթ Բաբայանը խոսել է նաև հակամարտության  կարգավորման հարցում Արցախի դիրքորոշման ու  կարմիր գծերի,   արտասահմանում գործող ներկայացուցչությունների միջոցով Սփյուռքի կազմակերպությունների ու անհատների հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործման մասին։ 

Զբոսաշրջության ոլորտի բյուջեն ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն է ներկայացրել․ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոլորտը հայտնվել է նրա կողմից համակարգվող գերատեսչության ենթակայության ներքո։ 

«Հաստատված բյուջեի 10 մլն-ից կնքված պայմանագրերով, որոնք կազմել են 8,92 մլն դրամ, իրականացվել է հենց 8,92 մլն ծախս։ Այդքանն էլ ֆինանսավորվել է»։

 2021 թվականին ընդամենը 4000-ից քիչ ավել օտարերկրյա քաղաքացի է այցելել Արցախ։ 2019 թվականի համեմատ գրեթե 90 տոկոսով այցելությունների թվի անկում կա։ Տարեկան ավելի քան 40 տոկոս զբոսաշրջային այցելությունների աճ արձանագրող ոլորտը պատերազմից հետո կաթվածահար վիճակում է հայտնվել, խորհրդարանականները առաջարկում են խնդիրը լուծել ներքին տուրիզմի ծրագրերի հաշվին։ 

«Հանրային հեռուստառադիոընկերության» բյուջեի կատարողականը ներկայացրել է Հեռուստառադիո Խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը․ 

«Նախատեսված 30 մլն 886 հազ դրամ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 28 մլն 171 հազ․ դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 93,5 տոկոս, տնտեսումը՝ 2 մլն, 15 հազ դրամ։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հեռուստատեսային և ռադիոծառայություններ ֆինանսավորվող ծրագրով նախատեսված 433 մլն 259 հազ․ դրամ գումարից ֆինանսավորվել է 421 մլն, 834հազ․ դրամի չափով։ Այս գումարը հատկացվել է ծրագրի անմիջական իրականցնող Հանրային հեռուստառադիոընկերությանը»։ 

ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն առաջարկել է Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումներում ավելացնել պատերազմի հերոսական էջերին ու անձանց վերաբերող հաղորդումներն ու ռեպորտաժները։ Հեռուստառադիոընկերության կողմից կատարված աշխատանքների մասին, պատգամավորների հարցերին ի պատասխան, տնօրեն Հրայր Ավետիսյանն է մանրամասներ ներկայացրել։ 

«44-օրյա պատերազմում Հեռուստառադիոընկերությունը ոչ միայն նորմալ կատարել է իր գործառույթը, այլ եթերը սկսել ենք առավոտյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր։ Ամբողջ 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել ենք։ Կա 44-օրյայի դեպքերն ու անձերը ներկայցնող 4-5 ծրագիր»։

 «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի ընթացքում 150 համար թերթ է տպագրվել։ Բյուջետային ծախսերը կատարվել են 90 տոկոսով։ 

«Տպաքանակից մեր եկամուտները կազմել են 1 մլն 560 հազ դրամ, իսկ հայտարարություն-գովազդներից՝ 1 մլն, 711 հազար դրամ։ Ընդհանուր հրատարակչական ծախսերը կազմել են 11 մլն 592 հազ․ դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս»։

 Թերթը հիմա շաբաթաթերթի կարգավիճակ ունի, շեշտադրումը կատարում են առցանց տարբերակի վրա։ Բաժանորդագրությունների թվից խմբագիրը գոհ չէ, և գտնում է, որ պետական մարմիններն այդ հարցում պատշաճ աջակցություն չեն ցուցաբերում։ Ազգային ժողովը մայր թերթի բաժանորդների թվում առաջատար է։ Նորեկ Գասպարյանը թվարկել է կատարված բարեփոխումները, որոնք հիմք պիտի ստեղծեն ապահովելու լրատվության օպերատիվությունը, ինչպես նաև կօժանդակեն հանրապետական լրատվամիջոցը մեդիադաշտում մրցունակ դարձնելուն։ Կայքը նոր ձևաչափով գործարկելու խնդիր է դրված։ Դրա համար լրացուցիչ ֆինանսներ են պետք։ Բարեփոխումները շարունակական են լինելու։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 19:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ