Նոյեմբերի 23, 2024

Բյուջե-2021-ի լսումները շարունակվում են

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 18, 2022

Հաստատված ժամկետացանկի համաձայն  այսօր  օրվա առաջին կեսին խորհրդարանի ուշադրությանն է ներկայացվել 4 կառույցի գործունեության մասին տեղեկություններ։ Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկի՝ գյուղնախարարության տարեկան կատրարողականը ներկայացրել է գյուղնախարարի տեղեկալ Տիգրան Առստամյանը․ 

«Նախարարության քաղաքականությունը նպատակաուղղված է եղել հողօգտագործման ու անասնապահության վարման կատարելագործմանը, անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացմանը, պետական ուղղակի աջակցության մեխանիզմների միջոցով երկրում փոքր և  միջին ձեռնարկատիրության զարգացման խթանմանը, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը, զբոսաշրջության ոլորտում ստեղծված ճգնաժամի մեղմանը և զբոսաշրջության  զարգացման տեմպերի  խթանմանը, ոլորտի գերակա ուղղություններով աշխատանքների կատարմանը, ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը»։

 Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեյից նախատեսված է  մոտ 10 միլիարդ դրամ՝ այդ թվում նախարարության աշխատակազմի պահպանման համար։ Կատարողականը կազմել է 73,8 տոկոս։ Խորհրդարանականների հետաքրքվեցին  ոլորտում բարեփոխումներով,   նաև առաջարկներով հանդես եկան։  2021 թվականի պետական բյուջեյով   Քաղաքաշինության նախարարությանը     նախատեսված էր հատկացնել 9 մլրդ 242 մլն 113 հազար դրամ,  բայց տարեվերջին այն  կազմել է 25 միլիարդ 460 մլն 302 հազար դրամ։ Լրացուցիչ  հատկացված գումարը կազմել է 16 մլրդ 218 մլն 189 հազար դրամ։ Կապիտալ շինարարության ծրագրին Կառավարության պահուստային ֆոնդից ևս գումար է հատկացվել։  Արդյունքում 2021 թվականի պետական բյուջեյի միջոցների հաշվին հատկացվել է 25 մլրդ 603 մլն 6 39 հազար դրամ, կատարողականը կազմել է 25 մլրդ 96 մլն 115 հազար դրամ կամ 95 տոկոսը։ Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը    ներկայացրել է նաև  բնակարանաշինական աշխատանքների ընդհանուր պատկերը․ 

«Բնակարանային շինարարություն՝ 2 միլիարդ 987 միլիոն 852 հազար դրամ։ Կառուցվել և շահագործման է հանձնվել  35 բնակելի տուն ևս 957-ը  շահագործման կհանձնվեն 2022-2023 թվականներին։ Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 283մլն   577 հազար դրամ։ Վերանորոգվել է 9   բնակելի  շենքի տանիք։ Բնակարանների վերանորոգման նպատակով շինանյութերի տրամադրման նպատակով ծախսվել է  838 մլն 414  հազար դրամ, ավելի քան 1000 շահառու է օգտվել ծրագրից։ Նորակառույց բնակելի տների կահավորում՝ 180 մլն 588 հազար դրամ, ինչը հիմնականում  ուղղված էր 300 նոր բնակելի տների կահավորմանը։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ»։

 Պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման համար  արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվել են մոտ 20 միլիարդի շինոմոնտաժային աշխատանքներ։ 

«Վերանորոգման աշխատանքներ են սկսվել   2 988 օբեկտներում, 2 445-ում աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Աշխատանքներ են իրականացվել նաև 230 զոհված ազատամարտիկների ընտանիքների  բնակարաններում, որից 125-ում աշխատանքներն ավարտվել են։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հին և տիրազուրկ ճանաչված  բնակելի տներում, որոնք տրամադրվել են տեղահանված ընտանիքներին»։

 Ֆինանսական միջոցներ են ծախսվել նաև կրթության, մշակույթի, սպորտի, հասարակական և վարչական նշանակության օբեկտների, առողջապահության ոլորտում կատարվող շինարարական աշխատանքների նպատակով։ Մեծ աշխատանքներ են տարվել հատկապես ճանապարհաշինական ոլորտում․ 

«7միլիարդ 178 մլն  495 հազար դրամ։ Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել մի շարք  համայնքներում։ 3 մլրդ  78 մլն  992 հազար դրամի  փողոցների  և բակերի  բարեկարգման աշխատանքներ են կատարվել»։

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Հայկ Խանումյաննի խոսքով Նախարարության աշխատակազմի բյուջեն կազմել է  շուրջ 400 մլն դրամ, որից նախարարությունը ծախսել է 356 մլն․ կատարողականը կազմել է  89 տոկոս։ Անդրադառնալով Էներգետիկայի ոլորտին՝ նախարարը նշել է․ 

«Նախապատերազմյան Արցախում գործող 37 ՀԷԿ-երից Արցախի վերահսկողության տակ է մնացել ընդամենը 8 ՀԷԿ` գումարային 80.4 ՄՎտ դրվածքային հզորությամբ: Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև: Արդիական ու պահանջված են էներգիայի արտադրության, ինչպես նաև էներգախնայողությանը միտված ծրագրերը: Ոլորտում իրականացվող քաղաքականությունն է` խթանել էներգախնայողությունը տնտեսության բոլոր ճյուղերում: 2021թ. հանրապետությունում   արտադրվել է 171,0 մլն.կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2020թ. համեմատ նվազել է 367,6 մլն կՎտժ-ով կամ 68,2%-ով,  իրացված էլեկտրաէներգիան կազմել է 276,1 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 242,5 մլն կՎտժ-ով կամ 46,8 %-ով, տեխնոլոգիական կորուստները էլեկտրական ցանցերում կազմել են 37,5 մլն կՎտժ կամ 12,6%, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1,4 տոկոսային կետով։ Բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը և աջակցությունը կազմել է 5 133 497 177 ՀՀ դրամ՝ 111,6 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց, Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 57,39 մլն խմ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6,61 մլն խմ-ով կամ 13%-ով, իրացված բնական գազը կազմել է 53,01 մլն խմ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8,04 մլն խմ-ով կամ 17,9 %-ով»։

 2021 թվականին մոտ 11 միլիարդ գումար է հատկացվել սուբսիդավորման ծրագրերի համար՝ կապ, էլեկտրաէներգիա, գազ։ Նաև սեպտեմբերից մեկնարկած առաջին փուլով 13 երկարօրյա դպրոցի կարիքների համար ձեռք է բերվել և տեղադրվում է արևային ջրատաքացուցիչներ։ Էլեկտրաէներգիայի խնայման համար ձեռք են  բերվել նաև լեդ լամպեր։ Ամենատուժածը,  ըստ Հայկ Խանումյանի,  տրանսպորտի ոլորտն է։ 

«2021 թվականի պետական բյուջեից ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդրիների հաղթահարմանն է ուղղվել 69 342 580 ՀՀ դրամ, այդ թվում՝  առանձին կատեգորիայի ներհանրապետական երթուղիների սպասարկման համար կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ 25 078 141 ՀՀ դրամ: Հանրապետության տարածք կորոնավիրուսի ներթափանցման հետևանքով տնտեսական վնասներ կրած փոխադրողներին՝ 32 815 000  դրամ: 2020 թվականի պատերազմի հետևանքով քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ շահագործված տրանսպորտային միջոցների կրած վնասների փոխհատուցում՝ 11 449 439  դրամ» ։ 

  Տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտում նույնպես  պետական աջակցության ծրագրի շրջանակում   միջոցառումներ են իրականացվել, որի նպատակը ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումն է։  Այստեղ   100 գործող աշխատատեղին կավելանա ևս 30-ը։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ պետական բյուջեյով նախատեսված տնտեսական զարգացման ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 582 միլիոն 200 դրամ,ծախսվել է 283 միլիոն 193 հազար 600 դրամ․ 

«10 մլն 366 հազար 400 դրամ ուղղվել է  գործարար միջավայրի և արտադրական  համալիրների զարգացում  միջոցառման համար, 10 մլն 252 հազար 200 դրամ՝ գովազդային ծառայութոյւնների ձեռք բերման, տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման և   միջազգային համաժողովներին  և ցուցահանդեսներին Արցախի մասնակցությունն  ապահովելու    համար, 1 մլն դրամ  տնտեսական վերլուծությունների, հետազոտությունների  իրականացման ու ծրագրային ապահովման և հրատարակչական   ծառայություններ ձեռք բերելու  համար և 261 մլն 580 հազար տեղական արտադրողների միջոցառումների համար»։ 

 2021-ին Նախարարության կատարողականը կազմել է 55,3 տոկոս։  Օրվա երկրորդ կեսին ԱԺ-ում  շարունակվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: 2021թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններով  հանդես են եկել հիմնականում հիմնադրամների պատասխանատուները։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ