Նոյեմբերի 23, 2024

Ոչ թե քմահաճույք, այլ ինքնորոշման իրավունք. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

By Սրբուհի Վանյան Մայիսի 19, 2022

 Այսօր   Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում,  ի լրումն նախօրոք հաստատվածի,  տեղ գտավ նաև մի խումբ քաղաքացիների կողմից ԱԺ նախագահին ներկայացված հանրագրի վերաբերյալ հարցը։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, հաշվի առնելով նախօրեին իրեն դիմած՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողների խնդրանքը, հորդորել է կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության որոշումը՝ հուլիսի 1-ից բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման դադարեցման մասին: Արթուր Թովմասյանը խնդրի առնչությամբ իր դիրքորոշումն հայտնել էր դեռևս  ապրիլյան նիստում, ընդգծելով, որ ՊՈԱԿ-ները պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում: Խորհրդարանի ղեկավարը  ԱԺ ամբիոնից դիմել է նաև տեղահանվածներին․ 

«Սիրելի բռնատեղահանվածներ, ես զրուցել եմ նախագահ Ա․ Հարությունյանի հետ․ նա գտավ յուրաքանչյուր տեղահանված շահառուի բնակվարձի փոխհատուցման իդեալական ծրագիրը։ Չեմ կասկածում, որ այս  խնդրի լուծումն էլ  կլինի։ Դիմում եմ ԱՀ Կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2021 թ․ փետրվարի 26 հ․ 149 որոշումը,որով  հուլիսի 1-ից  լուծարվում են համայնքների պետական  հիմնարկները։ Լուծարումով մենք ջնջում են համայնքների պատմությունը, որի իրավունքը չունենք»։  

Օրակարգի առաջին հարցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի՝ 2021 թվականի գործունեության և Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն էր։ Հաջորդիվ քննարկվել են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Հարկերի մասին» , «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի վերաբերյալ հարցեր։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  օրենքում առաջարկվող  փոփոխությունները ներկայացնում է  Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը։  

«Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի, որ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են միայն այն դեպքում, երբ փոխվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը, կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։ Այսինքն, 2022 թվականի հունվարի 1-ից իրականցված աշխատավարձերի բարձրացումը չի ազդի պետական պաշտոնյաների մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա»։

Մարսել Պետրոսյանը այդ փոփոխությունների շարժառիթներով է հետաքրքրվում։ Նախարարը պարզաբանում է՝ բարձաստիճան պաշտոնյաների կենսաթոշակները առանց այդ էլ բարձր են, և նպատակահարմար չէ ավելի բարձրացնել, երբ երկրում հիմնական կենսաթոշակը կազմում է ընդամենը 14 հազ․ դրամ,  իսկ մեկ տարվա ստաժի արժեքը՝ 5000 դրամ։ Այս և Խորհրդարանի քննարկմանը ներկայացված մյուս օրինագծերին պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել։ Նիստի օրակարգով նախատեսված էր նաև Պատգամավորական հայտարարություններ։  Հանդես է եկել  «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր  Գեղամ Ստեփանյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հարաբերությունների կարգավորման դիսկուրսում շրջանառվող Հայաստանին ներկայացված 5 և դրանց ի պատասխան Հայաստանի կողմից   ներկայացրած 6 կետերին։

«Հաշվի առնելով փաստը, որ  ՀՀ կողմից ներկայացված կետերում ակնարկ անգամ չկա  Ադրբեջանի կազմից դուրս  Արցախի վերջնական կարգավիճակին, կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալ թեմային․ Եթե հայկական աշխարհում կամ մեզ շրջապատողների մեջ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կարող են անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության տարածված ձևակերպումներում  քողարկված  «ջրել» Արցախի կարգավիճակի հարցը, ապա նրանք չեն հասկացել ԱՀ Խորհրդարանի 2021 թվականի ապրիլի 14-ին  միաձայն ընդունված հայտարարության իմաստն ու դրանից բխող ուղերձը»։ 

Ադրբեջանի կազմում Արցախի գոյության բացառումը քմահաճույք չէ, այլ միջազգային իրավունքով մեզ վերապահված ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։ Արցախի դառը փորձը ցույց է տվել․ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունենալ չի կարող․ Արցախի ապագան պիտի լինի հայկական ու վերականգնված արժանապատվությամբ։   Եվ սա տարիներով բռնությունների ենթարկված, հայատյացության ու խտրական քաղաքականության արդյունքն իր մաշկի վրա զգացած ժողովրդի բնական ու տրամաբանական պատասխանն է։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 19 Մայիսի 2022 17:34
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ