Նոյեմբերի 23, 2024

Գումարի փոխարեն՝ գիտելիք, աջակցություն խոցելի խմբերին

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 21, 2022

Պատերազմներն ամեն ինչ փոխելու հատկություն ունեն։ Կորուստներն ու ցավ ապրած մարդիկ լավ գիտեն, որ դժբախտությունից հետո ապրելը կամքի դրսևորում չէ ամենևին, այլ անհրաժեշտություն, պարտք ու պատասխանատվություն բոլոր նրանց առջև, որոնք ընկան հանուն հայրենիքի։   Անձնական կորուստ ապրած մարդկանց կյանքին վերադարձնելու համար հասարակությունը ջանք ու եռանդ չպետք է խնայի՝ համոզված է  «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։ Պետք է կոտրել կարծրատիպերը․ խոցելի խմբի ընտանիքներին աջակցելու համար պարտադիր չէ  գումար տրամադրել, պետք է ստեղծել պայմաններ՝ աշխատելու և սեփական աշխատանքով գումար վաստակելու համար, ասում է․

«Ես դեմ եմ այդ մոտեցմանը։ Պետք է միջոցներ ձեռնարկենք, աշխատանքներ տանենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հանրությանը։ Այսպիսի միջոցառումների ժամանակ նրանք մի պահ կտրվում են դառը իրականությունից»։

Միությունը ստեղծման օրվանից տարբեր ծրագրեր է նախաձեռնել, որոնցից է նաև համակարգչային դասընթացների կազմակերպումը։ Ծրագրի շրջանակներում 20 մասնակից արդեն հասցրել է ստանալ համապատասխան համակարգչային գիտելիքներ, հավաստագրեր։ 

«Մարդիկ այդ երկամսյա դասընթացներին սովորում են  այն նվազագույն ծրագրերը, որոնք պետք են առօրյա կյանքում։ Այսօր դժվար է գտնել մի աշխատանք, որտեղ համակարգչային տարրական գիտելիքների իմացությունը անհրաժեշտ չլինի․ Word, Excel, Power Point և այլն»։

 Դասընթացների մեկնարկը տրվել է հունվարին։ Յուրաքանչյուր խմբում 10 մասնակից է ընդգրկված։ Ինչպես ծրագրի սկզբում էր,  այսօր էլ  դաընթացն անցկացնում է  հանրապետության լավագույն մասնագետներից Վլադիմիր Գրիգորյանը, կամավոր հիմունքներով։ Ծրագրի մասնակից Լուսինե Գրիգորյանը վստահ է, որ այսօրինակ ծրագրերի շնորհիվ մարդիկ կարող են աշխատանք գտնել։ 

«Այս դասընթացները նոր կյանքի նոր սկիզբ են։ Բարձրագույն կրթություն ունեմ, նաև համակարգչային դասընթացների եմ մասնակցել, սակայն այս ծրագրի շնորհիվ եմ միայն կարողացել ստանալ բարձրորակ գիտելիքներ, ինչի համար շնորհակալ եմ և՛ Միությանը, և՛ դասընթացավար Վլադիմիր Գրիգորյանին։ Նա փորձում էր անել ամեն հնարավորը, որպեսզի բոլորս լավ յուրացնենք դասերը»:

 Եվգենիա Բեգլարյանը  մինչ այս համակարգչային գիտելիքներ չուներ։  Կարիքը ստիպեց նրան մասնակցել դասընթացներին։ Մինչ այդ ընտանիքի ապրուստը ամուսինն էր վաստակում․ 

«Առաջին խմբի հետ չմասնակցեցի դասընթացներին, որովհետև նույնիսկ տանից դուրս գալ չէի ուզում։ Բայց գիտակցում էի, որ ինձ պետք են այդ դասընթացները։ Համակարգչային ոչ մի գիտելիք չունեի, ինչն էլ միշտ խանգարել է աշխատանք գտնելու համար։  Մեր դասընթացավարի համբերատարության, իր տված գիտելիքների շնորհիվ այսօր արդեն վստահ կարող եմ ասել, որ կարող եմ աշխատել ու օգնել ընտանիքիս, եթե, իհարկե,  համապատասխան աշխատանք գտնեմ»։

 Համակարգչային դասընթացների երրորդ խումբն արդեն կազմված է, դասընթացները կսկսվեն առաջիկայում՝ ասում է Արմեն Ասրյանը։ Ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կլինի դրա կարիքը։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ