Նոյեմբերի 24, 2024

Բնակարանային խնդրի լուծման սպասում են հազարավոր ընտանիքներ

By Մարգարիտա Ղուշունց Հունիսի 18, 2022

Ո՞վ և ի՞նչ պայմաններով կարող է   օգտվել Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրվող պետական աջակցությունից։  Բնակարանային կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի վարիչ Մարիաննա Պետրոսյանը պարզաբանում է․ Այն տեղահանված  ընտանիքները, որոնց կազմում կան  զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձինք։ Ծրագրից օգտվելու  պայմանները հստակեցվել ու հանրայնացվել են։ 

«Այս ծրագրից չեն կարող օգտվել, եթե շահառուին կամ շահառու ընտանիքի որևէ անդամին սեփականության իրավունքով, այդ թվում՝ բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքն օտարվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո։ Պետական աջակցության տրամադրման օրվա դրությամբ ձեռք բերվող բնակտարածքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հանդիսացել է շահառու ընտանիքի որևէ անդամի սեփականությունը, այդ թվում՝ պատկանել է բաժնային սեփականությամբ. արդեն օգտվել է ԱՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի N 705-Ն որոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրից»:

 Համպատասխան որոշմամբ ՝ յուրաքանչյուր  շահառու ընտանիք իրավունք ունի  ծրագրից օգտվել նախապես սահմանված գումարային չափով։ 

«1-2 անձից կազմված ընտանիքի համար նախատեսվում է աջակցություն   20 մլն դրամի չափով ,3 անձի դեպքում՝ 21 մլն դրամ, 4 և ավելիի՝ 22 մլն դրամ»։

 Արցախում նշված սոցիալական խմբի բնակարանային խնդիրը լուծվում է    պետական այլ ծրագրով։   Նրանց բանակարաններ  են տրամադրվում անհատույց օգտագործման իրավունքով։Ներկայումս հազարավոր ընտանիքներ սպասում են սեփական տանիք ունենալուն։ Հանրապետությունում բնակապահովման խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու նպատակով      Ստեփանակերտում և շրջաններում  իրականացվող շինարարական խոշոր նախագծերը  գտնվում են տարբեր փուլերում: Այն  իրակացվում է տարբեր միջոցներով․ պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և բարեգործական կազմակերպությունների։ 2021 թվականի վերջին և 2022- ի սկզբին շահագործման են հանձնվել այն բազմաբնակարան շենքերն ու բնակելի տները, որոնց կառուցման աշխատանքները սկսված էին մինչև պատերազմը՝ ասում է Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը։ Այժմ  բնակարանաշինական ծրագրերը   շարունակում են  լայն թափով  ընթանալ․ 

«Բազմաթիվ ծրագրեր արդեն սկսված են, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել փուլ առ փուլ։ Իվանյան համայնքում նախատեսված 15 շենքից  մինչև տարվա վերջ շահագործման կհանձնվեն 11-ը։ Իվանյանի մեկ այլ թաղամասում, որտեղ ընդահանուր նախատեսված է կառուցել 107 առանձնատուն, այս տարի աշխատանքները կավարտվեն 95-ում։ 95 առանձնատուն պատրաստ կլինի նաև Աստղաշենում, Նորագյուղում՝ 40 ,Հովսեփավանում՝ 59։ Ճարտար քաղաքում 3 հարկանի շենքի շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ»։

 Շինաշխատանքների ավարտից հետո  թե ովքեր կլինեն  բնակարանների հասցեատերերը որոշելու է   բնակարանային կոմիտեն՝ հիմնվելով  առկա հերթացուցակին։ Մինչև հիմա էլ  բնակարանները տրամադրվել են   տեղահանված և զոհված զինծառայողների ընտանիքներին, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես նաև Պաշտպանության բանակի զինծառայողների ընտանիքներին։ Սկզբունքներն ու առաջնահերթությունները չեն փոխվել հիմա էլ․ պարզապես,  բնակարանների տրամադրման գործընթացը պարզեցնելու համար նոր մեխանիզմ է մշակվել, ասում է Մարիաննա Պետրոսյանը․ 

«Բնակարանները տրամադրվում են առաջնահերթությունների միավորների սանդղակով։ Վերջերս կոմիտեում ներդրել ենք էլեկտրոնային համակարգ, որտեղ արդեն ներմուծվում են բոլորի բնակարանային գործերը։ Ըստ սոցիալական խմբերի շահառուները ստանում են բալեր,  որոնց հիման վրա էլ ձևավորվում է հերթացուցակը»։ 

Վերջերս շրջանառության մեջ է դրվել գույք ձեռք բերելու նպատակով ֆինանասական աջակցույթուն տրամադրելու մասին Կառավարության որոշումը։ Այն  նոր հնարավորություններ է տալու շահառուներին՝ ասում է   Մարիաննա Պետրոսյանը։ 

«Բնակարանները ստանալիս շահառուները կդիմեն մեզ՝ սերտիֆիկատ ստանալու համար, որպեսզի լուծեն իրենց բնակարանների կահավորման հարցը։ Եթե նախկինում և հիմա էլ բնակարանները տրամադրվում են գույքով, ապա այս ծրագրի միջոցով յուրաքանչյուր շահառու հնարավորություն կունենա սերտիֆիկատի միջոցով իրեն  անհրաժեշտ գույքը ձեռք բերել նախընտրած խանութից»։

 Բնակարանային գործերի   ձևավորման համար փաստաթղթերն ընդունվում են Արցախում  բնակարանային հարցերի կոմիտեում և հանրապետության շրջաններում,  Երևանում՝  Արցախի օպերատիվ շտաբում։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 20 Հունիսի 2022 15:05
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ