Նոյեմբերի 21, 2024

Ինչ փուլում է նյութական վնաս կրած անձանց աջակցության ծրագիրը

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 08, 2022

Նյութական վնաս կրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց աջակցության ծրագիրն առավել կանոնակարգված իրականացնելու նպատակով՝ ընթացիկ տարվա փետրվարին ստեղծվեց  «Նյութական վնասների հարցերի» կոմիտեն: Ի սկզբանե կոմիտեի գործունեության հիմքում դրված էր սոցիալական արդարության ապահովման սկզբունքը: Ըստ այդմ՝ առաջնահերթությունը նախ տրվեց Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հաջորդիվ՝ մյուս սոցիալական խմբերին:

Օգոստոսի 1-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու պետական հանձնաժողովին ներկայացվել է 9 հազար 887 դիմում, որից  1671  անհատական գործով,  շահառու է ճանաչվել 1775-ը: Կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը պարզաբանում է, թե ինչով է պայմանավորված թվերի տարբերությունը: 

«Կան դիմումներ, որոնցով ներկայացված են մի քանի համասեփականատերեր: Դրանք լինում են հիմնականում այգիների և շենք- շինությունների դեպքում: Այս ընթացքում պետական հանձնաժողովը շահառու ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ 8 մլրդ 419 մլն 455 հազ. ՀՀ դրամի սահմաններում»:

Ըստ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ գումարի կամ մուրհակների տեսքով: Մուրհակների շահութաբերությունը տարեկան 7 տոկոս է՝ 5 տարի մարման ժամկետով: Իսկ միանվագ գումարների սահմանաչափը, անկախ վնասի  ու հանձնաժողովի կողմից որոշված աջակցության չափից, 5 մլն․ դրամ է:

« Նյութական վնասների աջակցության պետական հանձնաժողովի կողմից այս պահի դրությամբ կայացված որոշումներով հաստատված է 3 մլրդ 409 մլն դրամի միանվագ աջակցություն, որից շահառուներին տրամադրվել է 2 մլրդ 512 մլն 360 հազ. դրամ: Իսկ չտրամադրված գումարները, այսինքն՝ պետության պարտավորությունը՝ ճանաչված շահառուների նկատմամբ, կազմում է 898 մլն դրամ»:

Վահրամ Ղահրամանյանի խոսքով՝ լինում են նաև դեպքեր, երբ դիմումատուն շահառու չի ճանաչվում: Օրինակ՝ երբ դիմումատուն որպես կորսված միավոր է ներկայացնում պտղատու այգի, որի նկատմամբ պետական գրանցման իրավունքը բացակայում է կամ դադարեցված է եղել:  Սա հիմք է, որպեսզի մերժվի քաղաքացու դիմումը:

«Լինում են նաև դեպքեր, երբ քաղաքացին դիմում է ներկայացնում միանգամից մի քանի ուղղություններով: Եվ ունենք շատ դեպքեր, երբ այդ ուղղություններից մի քանիսով քաղաքացիները մերժում են ստացել, մնացած ուղղություններով՝ ճանաչվել շահառու: Վստահաբար ասեմ, որ մենք աշխատում ենք Կառավարության կողմից ընդունված որոշմամբ սահմանված կարգի սահմաններում»:

Այս պահի դրությամբ՝ նյութական վնասների աջակցության պետական հանձնաժողովի կողմից կայացվել է 11 որոշում, որից 3-ը՝ կոմիտեի գործունեության օրոք: Կոմիտեի նախագահի խոսքով՝ գործում են հստակ քաղաքականությամբ՝ շահառու ճանաչված անձանց նկատմամբ պետության պարտավորությունները մարել հերթականությամբ:

« Այս պահի դրությամբ արդեն զրոյացրել ենք 5 որոշումով կայացված շահառուներին տրվելիք գումարը և նույն ոճով շարունակելու ենք աշխատել: Դեռևս 2021թ. դեկտեմբերին կայացված որոշումներով  ունենք 110 շահառուի նկատմամբ պարտավորություն: Ճիշտ չենք համարում  մինչև այս պարտավորությունները մարելը, նոր մարումներ կատարել»:

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց աջակցության ծրագիրը շարունակվում է: Սահմանված կարգով հերթացուցակների ձևավորումը կատարվում է էլեկտրոնային ծրագրի միջոցով, որը բացառում է մարդկային գործոնը։ Վահրամ Ղահրամանյանի խոսքով՝ Կոմիտեն գործում և գործելու է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված միջոցառման և կարգի շրջանակներում։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ