2021 թվականը Արցախի գործող կառավարության համար հետպատերազմյան գործունեության առաջին լրիվ տարին էր։ Այն բարդ էր սոցիալական, քաղաքական, անվտանգային տարբեր գործոններով պայմանավորված, և նախագահն Արցախի բոլոր ձեռնարկումներում, հետպատերազմյա խնդիրները հաղթահարելու գործում անգնահատելի է համարում Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը։
«Մեր նպատակը միանշանակ է, դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով։ Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում մեզ համար անընդունելի է»։
Խնդիրների մեջ անվտանգությունը գերակա է։ Քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվում են, բայց դրանք հրապարակայնացնելը Նախագահը նպատակահարմար չի համարում։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է համարում այդ թեմայով փակ քննարկումներ անցկացնելը։ Անվտանգության սեփական համակարգերի կատարելագործում, ռուս խաղաղապահների հետ համագործակցություն․ սրանք այն կարևոր ուղղություններն են, որոնք արցախցիների համար կապահովեն անվտանգության երաշխիքներ։
«Մեծապես կարևորում ենք արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորում և խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ավելացում»։
Նախագահը խոսել է քաղպաշտպանության, սոցիալական, կրթության, առողջապահության բնակարանաշինության, մյուս ոլորտներում կատարված և նախատեսվող աշխատանքերի մասին, անդրադարձել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսին։
«Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում, տեղահանվածների վերադարձ իրենց բնակավայրեր, Մինսկի խմբի միջնորդական առաքելության պահպանում՝ բայց Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ, ԱՀ միջազգային մեկուսացման վերացում»։
Հաղորդումը լսելուց հետո պատգամավորներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել Հանրապետության նախագահին: «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը վերաբերում էր Բորձորի ու Աղավնոյի ճակատագրին, Բերձորը շրջանցող այլընտրանքային նոր ճանապարհի երթուղու ընտրությանն ու այդ ընտրության հարցում Արցախի իշխանությունների մասնակցության մասին ՀՀ վարչապետի հավաստիացումներին։
«Մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն և Ադրբեջանի, և Ռուսաստանի կողմից։ Բոլոր առաջարկությունները մերժվել են։ Առաջարկվող մայրուղին մի քանի անգամ քննարկվել է Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը, կան գաղտնիքներ, որ չեմ ուզում բացահայտել այստեղ։ Հիմք է ընդունվել անվտանգության հարցը։ Երբ ավարտվի ճանապարհի շինարարությունը, մենք հնարավորություն ենք ունենալու ասելու մեր կարծիքը։ Ինչ վերաբերում է բնակավայրերի հայաթափմանը, այդ հարցն այսօր չի քննարկվել։ Աղավնոյի հարցը դեռ չի քննարկվում։ Բերձորից մենք պիտի դուրս գանք, Աղավնոյի մասով անելիքներ ունենք»։
Այս օրերին հանրության շրջանում ակտիվ քննարկվող այլընտրանքային ճանապարհի, ենթակառուցվածքների անվտանգ շահագործման մասով կատարվող քայլերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է․
«Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում, որ նոր ճանապարհով իրականացվեն նաև էլեկտրասյուների տեղադրման աշխատանքեր, էլեկտրական գիծը կկառուցեն նրանք։ Մնացած հատվածներում մենք ենք կառուցելու։ Կապի բազմաշերտ համակարգ ենք ստեղծելու։ Գազի վերաբերյալ նույնպես քննարկումներ են ընթանում»։
Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը շարունակեց աշխատանքը՝ օրակարգային մյուս հարցերի շուրջ, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության։