2021թ պետբյուջեի կատարողականը եկամուտների գծով կազմել է շուրջ 175 մլն ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ շուրջ 224 մլն, պակասուրդը կազմել է մոտ 48 մլն ՀՀ դրամ։ Վահրամ Բաղդասարյանն իրազեկում է․ ներկայացված հաշվետվությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում՝ կառավարության լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ։ ԱԺ-ում բարձրացված հարցերն ու առաջարկները բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկվել և հաշվի են առնվել։ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը, անդրադարձել է նաև այն մակրոտնտեսական միջավայրին, որտեղ ձևավորվել է բյուջեն։
«2020 թ. տեղի ունեցած արհավիրքները մեծ վնաս են հասցրել մեր երկրի տնտեսության զարգացման բնականոն ընթացքին: Արտակարգ իրավիճակի և կիրառվող սահմանափակումների պայմաններում կրած անդառնալի կորուստերի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում, որի արդյունքում ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ նվազել է 12,7%-ով»:
Անկման միտումը որոշակիորեն կրճատվել է շինարարության ցուցանիշի հաշվին։ Ֆինանսների նախարարը շինարարական ծավավալներն է ներկայացնում: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 48.3%-ով:
«Շինարարության ծավալը կազմում է շուրջ 74,6 մլդ դրամ: Հանրապետությունում իրականացված շինարարության կառուցվածքում 38,8%-ն իրականացվել է պետական միջոցների հաշվին, 38,5%-ը՝ մարդասիրական օգնության միջոցների հաշվին, 12,2%-ը՝ տարբեր կազմակերպությունների, 2,4%՝ բնակչության, 0,4%՝ համայնքային բյուջեների հաշվին»:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,6%-ով: Հանքագործական արդյունաբերությանն ու բացահանքերի շահագործմանը բաժին է ընկնում ոլորտին հատկացված գումարի գրեթե կեսը: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 30,3 մլդ դրամ, նախորդ տարվա համեմատ այն նվազել է 51,1%-ով:
«Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 24,5% բաժին է ընկնում բուսաբուծությանը, իսկ 75,5% անասնապահության ճյուղին»:
Ամսական անվանական աշխատավարձն ու թոշակը հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ աճել են։ Արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 357 մլն դոլար, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է: Վահրամ Բաղդասարյանը խոսել է ներկրման և արտահանման ծավալների և գնաճի մասին:
«Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 8%-ով, արտահանման ծավալը՝ 28,1%-ով: 2021 թ. գնաճը կազմել է 5,9%»:
2021 թվականին նվազել են տարեկան մուտքերը, պատճառը՝ գործարար միջավայրի վրա պատերազմական գործողությունների հետևանքների մեղմացմանն ուղղված ԱՀ կառավարության քայլերն են: Մասնավորապես՝ հարկ վճարողների համար սահմանվել և կիրառվել են արտոնություններ:
«Հաշվետու տարում պետական բյուջե է մուտքագրվել 34 մլդ. 257 մլն. դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Պաշտոնական դրամաշնորհների գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 11 մլդ. 6414 մլն. դրամ, որը գերազանցել է պլանային առաջադրանքը 7 մլդ. 546 մլն. դրամով կամ շուրջ 2,9 անգամ»:
Հաշվետու տարում ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 128 մլդ. 752,3 մլն դրամ: Բյուջեի պակասուրդը կազմել է ավելի քան 48 մլդ դրամ, որը ֆինանսավորվել է փոխառու միջոցների և կառավարության կողմից թողարկված պարտատոմսերի հաշվին: Կրթության ոլորտում իրականացվել է 35 բյուջետային ծրագիր: Ծախսերի գերակշիռ մասը՝ 65%-ից ավելին, ուղղվել է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության կազմակերպմանը: Առողջապահության ոլորտի ծախսերը կազմել են 8 մլդ 856,6 մլն դրամ:
«Հատկացված միջոցներն ուղղվել են ավելի քան 40 առողջապահական ծրագրի իրականացմանը, որից 35,1%-ը տրամադրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հատվածին, իսկ 34,8%-ը հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորմանը»:
2021 թ պետական բյուջեն կատարվել է հաշվի առնելով նպատակայնության սկզբունքը՝ ընդգծում է Վահրամ Բաղդասարյանը: Այն էր՝ պատերազմի և կորոնավիրուսի ազդեցության մեղմացումը բնակչության սոցիալական վիճակի ու բարեկեցության մակարդակի վրա: