Նոյեմբերի 24, 2024

Նոր թաղամաս՝ տեղահանվածների համար․ կառուցապատողը «Կապավոր» ընկերությունն է

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 09, 2022

«Կապավոր» ՍՊԸ-ն Աստղաշեն համայնքին հարակից տարածքում նոր թաղամաս է կառուցում՝ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ և քաղաքաշինության նախարարության պատվերով։ Բնակավայրը նախատեսված է Ասկերանի շրջանի 4 գյուղերից՝ Սղնախից, Ջրաղացներից, Մոշխմհատից և Մադաթաշենից տեղահանված բնակիչների համար։Շինարարության ընթացքի մասին «Կապավոր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Նարեկ Սահակյանն է պատմում․

«Թաղամասի շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Ներկայումս 124 տան հիմք պատրաստ է, 111-ում պատերն են կառուցված, 87 տան երկաթբետոնե ծածկը կառուցված է, 72-ը տանիքածածկ է, որից 12-ն արդեն կահավորված է։ Այս պահին ևս 24 տան ներքին հարդարման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Բնակելի տները առաջիկայում նույնպես կկահավորվեն»։

Շինարարությունը 2021 թվականի փետրվարին է սկսվել։ Նախագծով նախատեսված է ընդհանուր առմամբ կառուցել թվով 149՝ 2, 3, 4 և 5 սենյականոց առանձնատուն, համապատասխանաբար՝ 68-ից 131 քառ․ մետր մակերեսով։ Դրանք բավականին ընդարձակ, ժամանակակից լուծումներով տներ են, տանտերերին հանձնվելու են լրիվ կահավորված։ Թաղամասի շինարարության ավարտը նախատեսված է 2024 թվականին, բայց տարեվերջին, հնարավոր է, որ առանձնատների մեծ մասը շահագործման հանձնվի։

«Շինարարությունն ընթանում է համաձայն նախագծի, խոչընդոտներ չկան։ Շինարարության ավարտը նախատեսված է 2024 թվականին, բայց մինչ այդ փորձելու ենք տարեվերջին 100 տուն շահագործման հանձնել»։

Առանձնատներից յուրաքանչյուրը կունենա 1500 քառ․ մ  մակերեսով տնամերձ, ցանկապատված հողամաս, որտեղ բնակիչները բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն կունենան՝ ասում է Նարեկ Սահակյանը։

«Շինարարությունը սկսելիս ընկերությունը սևահողը կուտակել է առանձին հատվածում, և հիմա, երբ տները գրեթե պատրաստ են, սևահողը տեղափոխում ենք տնամերձ հատվածներ»։

Ցավոք, դեռ երկար տարիներ են պահանջվելու, որպեսզի  պետությունը կարողանա իրենց տունուտեղից զրկված քաղաքացիների  կարիքները  բավարարել։ Իսկ առայժմ բնակապահովման ծրագրերը կյանքի են կոչվում ըստ առաջնահերթության։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2022 12:47
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ