Նոյեմբերի 22, 2024

Աստղաշենում պլանները նույնն են, ինչ պատերազմից առաջ էին

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 13, 2022

Երբ 44-օրյա պատերազմից առաջ լրագրողական մեր խումբը հերթական գործուղմամբ Աստղաշենում էր, գյուղամիջում հավաքված բնակիչները մեզ հետ իրենց մտահոգություններով կիսվեցին․ բարեկարգ ճանապարհ և որակյալ ջուր էր պահանջածը։ Իրենց գյուղի ապագան տուրիզմի հետ էին կապում, և ենթակառուցվածքներն այդ հարցում կարևոր էին։ Նորից Աստղաշենում ենք։ Հիմա գյուղի խմելու ջրի հարցը լուծվել է, շուրջօրյա ջրամատակարարումն արդեն երազանք չէ, ճանապարհի բարեկարգումն էլ ավարտին մոտ է։ Բնակիչների պլանները չեն փոխվել, գյուղի ապագան տուրիստականն է, ասում են, բայց՝ որոշ ժամանակ անց․ 44-օրյայից հետո Աստղաշենում, ինչպես Արցախի մյուս բնակավայրերում, շատ բան է փոխվել ․ փոխվել են տրամադրությունները, մտահոգությունները, պահանջները։ «Աշխարհում շատացել է չարը․ ոչ գյուղացու արդար վաստակը գին ունի, ոչ խաղաղ ապրելու և արարելու ցանկությունը»,- ասում է գավազանին հենված պապիկը՝ հայացքով չափելով հեռուն։ Հիմա գերխնդիրը գյուղն ապրեցնելն է․ որդեծնությամբ, կրթությամբ, ամենօրյա աշխատանքով։ Պատերազմից հետո Աստղաշենի բոլոր բնակիչները  վերադարձել են՝ ասում է համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ 

«Սեպտեմբերի 27-ի պատերազմի ժամանակ բոլոր կանանց և երեխաներին տարհանել էինք գյուղից։ Մեծ մասը ՀՀ-ում էր։ Պատերազմի ավարտից հետո բոլորը մեկ մարդու նման վերադարձել են։ Հիմա բոլորը գյուղում են»։

Պատերազմից հետո գյուղի բնակչությունն ավելացավ ևս 30 ընտանիքով․ Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված հայրենակիցներին աստղաշենցիները օժանդակել են ինչով կարողացել են․ համայնքի ղեկավարն ասում է, որ բոլորն ապահովվել են կացարանով, երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախում։

«Համայնքն ընդունել է 30 ընտանիք, 120 շունչ, բոլորն ապաhովված են կացարանով։ Մի մասի բնակարանները կապիտալ վերանորոգված են, մյուս մասի բնակարանների վերանորոգումն ընթացքի մեջ է։ Կառավարության միջոցներով։ Գործում է միջնակարգ դպրոց 70 աշակերոտվ, և մանկապարտեզ, որն ունի 30 սան»։

Աստղաշենը մայրուղուն կապող ճանապարհը բազմաթիվ խնդիրների լուծում կտա․ համայնքապետի խոսքով, այն հոկտեմբերի վերջին լրիվությամբ պատրաստ կլինի։

«Ճանապարհը մեծ ներգործություն կունենա գյուղի զարգացման ծրագրերի վրա։ Ասֆալտապատ ճանապարհը Դա կայուն կապ է մայրաքաղաքի ու շրջակա համայնքների հետ, խթան է զբոսաշրջության և մյուս ոլորտներում ծրագրերի իրականցման գործում»։

Թշնամու պարբերական սադրանքները աստղաշենցիներին բնականոն կյանքից շեղում, բայց խուճապի չի մատնում․ սովորել են, գիտեն թշնամու ձեռագիրը։

«Խուճապային տրամադրություններ չկան, բոլորը զբաղված են իրենց առօրյայով, իսկ բնակիչները պատրաստ են դիմակայելու թշնամու ոճրագործ գործողություններին»։

Ակտիվ շինարարություն է   ընթանում գյուղում: «Եթե մարդը վարժված է կառուցելուն, արարելուն, նույնիսկ ամենաանորոշ պահին նա ստեղծելու է․ հայի բնույթն է այդպիսին»,-ասում է զրուցակիցս։

« Շինարարության մասին․ 2007-2022 թվականը գյուղում կատարվել է ահռելի շինարարություն․ մի մասը կառավարության, մյուս մասը՝ մեր բարերարների կողմից։ Կառուցվել է դպրոց, մանկապարտեզ՝ պետական միջոցներով, իսկ բարեգործական միջոցներով վերանորոգվել է մշակույթի տան երկրորդ հարկը, որտեղ գործում է արվեստի դպրոցը»։ 

Կառուցվել են 2 խաղահրապարակներ, «Ջրաշխարհ»  կոչվող հանգստի գոտին, վերանորոգվել է եկեղեցին․ հիմա Աստղաշենն ունի գործող եկեղեցի, որտեղ կիրակի և տոն օրերին նաև պատարագ է մատուցվում։ Համայնքի ղեկավարը թվարկում է կատարվածը, նշում, որ հերթում Մշակույթի տան վերանորոգման նախագիծն է։ «Այս ամենն, իհարկե, ինքնանպատակ չի արվում՝ պարզաբանում է   համայնքապետը՝ իր մանրամասն նկարագրության առիթով․ եթե ուզում ենք, որ գյուղը բնակիչ ունենա, պետք է պայմաններ ստեղծենք, ենթակառուցվածքներ ու աշխատատեղ» ։Զբաղվածության հարցն, իհարկե, մինչև վերջ չէ լուծված, բայց աստղաշենցիները աշխատանք ունեն։ Պաշտպանության բանակ, շինոլորտ, հողագործության ու անասնապահության ոլորտում ինքազբաղվածություն։ Իսկ ճանապարհի շահագործմամբ գյուղի զարգացման ծրագրերն ավելի շոշափելի կդառնան։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ