Նոյեմբերի 24, 2024

Դրմբոնում ակտիվ գյուղատնտեսական շրջան է

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 25, 2023

Չնայած շրջափակման առաջացրած ճգնաժամին ու ծանր հետևանքներին, այն մեզ սովորեցրել է նաև ավելի շրջահայաց լինել․ մտածել ոչ միայն օրվա, այլև ապագայի մասին: Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ բնակչության շրջանում խուճապ չկա, փոխարենը կան մտահոգություններ:

 «Մտահոգությունները կապված են հիմնականում շրջափակման հետևանքների հետ՝ պարեն, բենզին, գազի անջատումներ: Պարենի առումով՝ օպերատիվ շտաբի կողմից տրամադրված տալոններով և ապրանքներով խնդիրը որոշակիորեն լուծվում է: Լինում են մանր-մունր դեպքեր, խնդիրներ, որոնք փորձում ենք տեղում լուծել: Կապված բենզինի և գազի հետ՝ բնակիչների մոտ հիմնականում խնդիր է առաջանում հիվանդանոց գնալու ժամանակ: Շրջվարչակազմի հետ համատեղ աշխատանքով այդ մարդկանց օգնում ենք: Մինչ այսօր չի եղել այնպիսի դեպք, որ բնակիչը չկարողանա հիվանդանոց գնալ»:

Ձմռան շրջանում գազամարատակարարման հաճախակի անջատումների ժամանակ Դրմբոնի դպրոցը չի գործել ընդամենը երկու օր: Դպրոցներում անմիջապես  տեղադրվեցին փայտի վառարաններ ու դասապրոցեսները ընթացան բնականոն հունով:

«Պետության կողմից տրամադրվեց 6 վառարան՝ բարձր դասարանների աշակերտների համար: Մնացած վառարանները համատեղ ջանքերով ձեռք բերեցինք, հավելյալ վառելափայտ գնեցինք: Այդ ընթացքում մեր համայնքում մեկ կամ երկու օր է, որ փոքր դասարանցիները դպրոց չգնացին»:

Համայնքում նախադպրոցական հասակի շուրջ 50  երեխա կա, սակայն պատերազմից հետո մանկապարտեզի կառուցման աշխատանքները կանգնել են: Համայնքում 6 բազմազավակ ընտանիք ունեն:Մինչ շրջափակումը Դրմբոնի բնակչության մեծ մասն աշխատում էր «Բեյզ Մեթըլս» ընկերությունում: Դեկտեմբերի 29-ին ընկերության աշխատանքներն անորոշ ժամանակով կանգնեցվեցին: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այժմ բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Համայնքում բնականոն ընթանում են գարնանացան աշխատանքները:

«Գյուղտեխնիկայի և սերմացուի առումով որևիցե խնդիր չի եղել: Համապատասխան տեխնիկան գյուղում կա, սերմացուներն էլ ձեռք ենք բերել հիմնադրամից:Երկուշաբթի օրն էլ կստանանք կարտոֆիլի սերմացուն»:

Ջրի խնդիրը գրեթե լուծված է՝ ասում է համայնքի ղեկավարը: Մոտ երեք տարի առաջ կառուցվել է ներքին ցանցը: Առաջիկայում էլ կկառուցվեն արտեզյան ջրհորներ, որոնք ամբողջովին կլրացնեն ջրի պակասը:Շրջափակման պարտադրած պայմաններին գրեթե հարմարվել են Դրմբոնում: Առօրյա խնդիրներից ու հոգսերից մի փոքր կտրվելուն էլ օգնում է հողի հետ աշխատանքը: Իսկ առաջաիկայում ակտիվ գյուղտնտեսական շրջանն է:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ